Անցած 24 ժամվա ընթացքում առնվազն 42 մարդ է զոհվել Լիբանանի հարավում Իսրայելի կողմից իրականացված օդային հարվածների հետևանքով, չնայած ապրիլի 17-ին հաստատված հրադադարին, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Լիբանանի Առողջապահության նախարարությանը։
Ըստ գերատեսչության՝ 99 լիբանանցի վիրավորվել է։ «Մարտի 2-ին ռազմական սրացման սկզբից ի վեր զոհված քաղաքացիական անձանց ընդհանուր թիվը հասել է 2576-ի, իսկ վիրավորների թիվը՝ 7962-ի», – ասվում է առողջապահության նախարարության տարածած հայտարարության մեջ։
Առողջապահության նախարարությունը կանխատեսում է, որ զոհերի թիվը կաճի առաջիկա ժամերին՝ հաշվի առնելով Իսրայելի կողմից Լիբանանի հարավում «Հեզբոլլահի» թիրախների վրա շարունակվող հարձակումները։
Ըստ ՄԱԿ-ի աջակցությամբ պատրաստված զեկույցի՝ Լիբանանում ավելի քան 1,2 միլիոն մարդ կբախվի սուր սովի՝ Իսրայելի և «Հեզբոլլահ»-ի միջև պատերազմի հետևանքով։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի և Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունի հետ ապրիլի 16-ին բանակցությունների արդյունքում հայտարարել էր Իսրայելի և Լիբանանի միջև տասնօրյա հրադադարի մասին: Ավելի ուշ հրադադարը երկարաձգվել էր։
