Նկարը, որ ծնվում է ներսից․ Արամ Մովսիսյան

Ինչու՞մն է արարման առեղծվածը։ Գուցե այն սկսվում է այն պահից, երբ արվեստագետը փորձում է բացահայտել մարդուն՝ նրա հոգեբանությունը, զգացմունքներն ու հակասությունները։ Այդ որոնումն է, որ ձևավորում է Արամ Մովսիսյանի ստեղծագործական աշխարհը՝ մի վայր, որտեղ «գեղեցիկն ու տգեղը նույն նշաձողի վրա են» և արտահայտվում են հումորի ու խոր իմաստի յուրահատուկ համադրությամբ։

Թեև մանկուց նկարել է, նրա ճանապարհը միանգամից չի տարել դեպի արվեստ։ Նա հետաքրքրված էր կրկեսով, երազում էր դառնալ դերասան, նույնիսկ՝ ծաղրածու։ «Ամեն օր գալիս էի տուն, ռեպրիզներ էի գրում, Չապլինի գիրքն էի կարդում»,– հիշում է նա։ Սակայն այդ ընթացքում էլ ստեղծում էր ծաղրանկարներ, որոնցում արդեն ձևավորվում էին նրա ապագա կերպարները։

Կյանքի ընթացքը նրան կրկին բերեց նկարչության։ Սկզբում՝ որպես միջոց ապրուստ վաստակելու, բայց շուտով այն դարձավ ներքին անհրաժեշտություն։ «Մեկ էլ զգացի, որ առանց դրա չեմ կարող»,– ասում է նա։

Արամ Մովսիսյանի համար ստեղծագործությունը ծնվում է ոչ թե հաշվարկից, այլ զգացողությունից։ «Ինչքան մտածում ես ճիշտ նկարես, այնքան արհեստական է դառնում»,– ընդգծում է նա։ Նրա աշխատանքները հաճախ սկսվում են անորոշությունից՝ գույների ու ֆակտուրաների խաղից, մինչև որ «կերպարները սկսում են իրենց պատմությունը պատմել»։

Նրա համոզմամբ՝ արվեստի արժեքը ոչ թե վարպետության մեջ է, այլ ազդեցության։ «Կարող է շատ լավ նկարված լինի, բայց դիմացինը ոչինչ չստանա»,– ասում է նա՝ հակադրելով դա այն աշխատանքներին, որոնք ծնված են անկեղծ էմոցիայի ու ենթագիտակցության խորքերից։

Արվեստը նրա համար կյանքի արտացոլումն է․ «Իմ ներաշխարհն է նկարների մեջ»։ Մարդու ապրումները, փորձությունները, անցած ճանապարհը ձևավորում են այն աշխարհը, որը հետո հայտնվում է կտավի վրա։

«ԶԱրտ» մշակութային նախագիծը շարունակում է ներկայացնել հայ արվեստագետների ներաշխարհները՝ բացահայտելով նրանց ստեղծագործական ուղիներն ու մտածողությունը։ Այս հարթակը միավորում է արվեստագետին և հանդիսատեսին՝ ստեղծելով երկխոսության մի տարածք, որտեղ արվեստը դառնում է ավելի հասանելի, ավելի կենդանի և ավելի անհրաժեշտ մեր ժամանակների համար։

Ի վերջո, Արամ Մովսիսյանի ստեղծագործական փիլիսոփայությունը պարզ է․ մարդը տեսնում է այն, ինչ կրում է իր ներսում։ «Մեղուն ամենուրեք ծաղիկ է տեսնում, ճանճը՝ կեղտ»,– ասում է նա։ Եվ հենց այդ ներքին հայացքն է, որ որոշում է թե՛ արվեստը, թե՛ աշխարհը, որը մենք ընկալում ենք։

Մանրամասները՝ տեսանյութում։

«ԶԱրտ» մշակութային նախագծի մտահղացման հեղինակն ու ղեկավարը Կարեն Զադոյանն է, «Արարման առեղծվածը» տեսաֆիլմերի շարքի հեղինակն ու ռեժիսորը՝ Վազգեն Ղուկասյանը։

Leave a Comment