«Ուժեղ Հայաստան»-ում դաշինքը չգրանցելու միտում են տեսնում

Ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստան»-ում միտում են տեսնում, թե կուսակցության անդամներին ընտրակաշառքի ու ընտրության ժամանակ բարեգործության արգելքը խախտելու՝ վերջին օրերին ներկայացվող մեղադրանքներով իրենց դաշինքը չգրանցելու հող է նախապատրաստվում:

Քաղաքական ռեպրեսիաներ՝ քրեական գործիքակազմով. կուսակցության խոսնակ Մարիաննա Ղահրամանյանն այսպես է քրեական գործերը մեկնաբանել:

«Սա նաև փորձ է իշխող ուժի համար, իրենց համար իբրև թե հիմքեր ապահովել, որպեսզի կարողանան փորձել չգրանցել մեր ուժը», – հայտարարում է Ղահրամանյանը:

Հակակոռուպցիոն կոմիտեն վերջին օրերին «Ուժեղ Հայաստան»-ի մեկ տասնյակից ավելի ներկայացուցիչների և աջակիցների ընտրակաշառք ստանալու և տալու, նախընտրական շրջանում արգելված բարեգործություն անելու հոդվածներով մեղադրանքներ է ներկայացրել:

Ընդդիմադիր կուսակցության ներկայացուցիչներից Դավիթ Ղազինյանը պնդում է՝ դեմ են ընտրակաշառքին:

«Հիմա եթե մի հատ Հարկայինի տեսուչ կաշառք է վերցրել, թող վարչապետը հրաժարական տա, եթե էդ լոգիկայով ենք գնում: Մենք հայտարարում ենք, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը դեմ է ըտրակաշառք բաժանելուն, անգամ՝ խոստանալուն, և յուրաքանչյուր մարդ, որը այդ քայլը կանի, ինքը մեզ էլ է դեմ, այսպես ասած: Հիմա դրանից հետո արդեն մի դեպք, ինչ-որ, եթե անգամ, նորից եմ կրկնում՝ չկա էդպիսի բան, եթե անգամ ինչ-որ մեկը ինչ-որ մեկին նվեր տա, է, ի՞նչ անենք, ծնունդների՞ չգնանք, մեր բարեկամների հետ հարազատությո՞ւն չանենք», – «Ազատության» հետ զրույցում նշեց Ղազինյանը:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը, մինչդեռ, ասաց. – «Առարկություն գրանցման հարցում կարող է լինել, եթե անհրաժեշտ փաստաթղթերը, այսինքն՝ գրանցման համար անհրաժեշտ պայմանները բավարարված չեն»:

«Ինչ վերաբերում է ընդհանրապես այս կամ այն քաղաքական ուժի՝ կլինի կուսակցություն, կուսակցությունների դաշինք, որևէ մեկի, ասենք, իրավական, իրավապահ համակարգից, թե ով ինչ քրեական հետապնդում, չգիտեմ, վարչական, ասենք, տուգանք, և այլն, և այլն, էդ ամեն ինչը կապ չունի», – վստահեցրեց Հովակիմյանը:

Կուսակցություններին ու դաշինքներին գրանցողը ԿԸՀ-ն է: Վահագն Հովակիմյաննն այսօր Ընտրական օրենսգիրքն էր մատնանշում, պնդում էր՝ քննվող քրեական գործերը ընտրություններում կուսակցությունը գրանցելու հետ կապ չեն կարող ունենալ. – «Որպեսզի քաղաքական ուժը՝ կուսակցություն կամ կուսակցությունների դաշինք, չգրանցվի, նա պետք է ջանք և եռանդ ներդնի, այսինքն՝ իր փաստաթղթերը թերի ներկայացնի և հրաժարվի լրացնել այդ թերի փաստաթղթերը: Այլ իրավիճակ չգրանցելու Ընտրական օրենսգիրքը չի նախատեսում»:

Ընտրական օրենսգրքում մի քանի հոդված է նկարագրում կուսակցության կամ դաշինքի ընտրական ցուցակը գրանցել-մերժելու գործընթացը: Ըստ այդմ՝ ընտրություններին մասնակցության հայտը կարորղ է մերժվել, եթե չեն ներկայացվել բոլոր փաստաթղթերը, կամ դրանք թերի են կամ կեղծված, կամ եթե կուսակցության գործունեությունը կասեցվել կամ արգելվել է: Գրանցումը մերժելու համար ԿԸՀ 7 անդամներից առնվազն 5-ը պետք է դրան կողմ լինի: Նույն սկզբունքով՝ առնվազն 5 անդամների որոշմամբ կարող է արդեն գրանցված մասնակցությունը անվավեր ճանաչվել, եթե հայտնի դառնա, որ կուսակցության փաստաթղթերը կեղծված են:
Արդեն գրանցված կուսակցությունը կարող է դուրս մնալ ընտրապայքարից նաև դատարանի որոշմամբ, եթե քաղաքական ուժը սահմանցած ժամկետում նախընտրական հիմնադրամ չբացի, ԿԸՀ-ն էլ դիմի դատարան: ԿԸՀ-ն դատարան կարող է դիմել նաև եթե խախտումներ հայտնաբերի նախընտրական հիմնադրամի ծախսերում կամ արձանագրի, որ առկա է նախընտրական քարոզչության շարունակական խախտում, որը կարող է էական ազդեցություն ունենալ ընտրությունների արդյունքների վրա: Դատարանը գրանցումն ուժը կորցրած կարող է ճանաչել, եթե եզրակացնի, որ խախտումը կատարվել կամ ուղղորդվել է թեկնածուի կամ ընտրություններին մասնակցող կուսակցության կողմից: Բոլոր այս դեպքերում որոշումները կարող են բողոքարկվել միայն վարչական դատարանում:

«Ընտրական օրենսգրքի համակարգված խախտումներ, կեղծարարության, նախապատրաստման՝ համատարած, հետևողական … կրկնում եմ՝ ընտրական օրենսգրքի համակարգված՝ քաղաքական ուժի կողմից, այսինքն՝ ոչ թե անհատների, այլ քաղաքական ուժի կողմից, այդ դեպքում, նման դեպք ունենալու դեպքում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կարող է դիմել դատարան՝ կուսակցության գրանցումը ուժը կորցրած ճանաչելու պահանջով; Բայց դա պիտի լինի ծանրակշիռ փաստերի պարագայում: Էս դեպքում վարչական դատարանը գործը քննում է, էսպես ասենք, արագ և 5-հոգանոց կազմով, և վճիռը էս դեպքում անմիջապես ուժի մեջ է մտնում: Այսինքն, նկատի ունեմ, էդ նման գործերը եռաստիճան բողոքարկման ինստիտուտով չեն անցնում», – ընդգծեց Վահագն Հովակիմյանը:

Որ ուժերը կգրանցվեն, որոնք՝ ոչ, պարզ կդառնա մայիսի 3-ին, երեկոյան ժամը 6-ին:

Leave a Comment