Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի համանախագահությամբ Հորմուզի նեղուցին նվիրված միջազգային համաժողովի մասնակիցները կքննարկեն Իրանի դեմ «տնտեսական միջոցառումների» կիրառման հարցը՝ ջրային ուղու փակման համար, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով աղբյուրին։
Աղբյուրի փոխանցմամբ՝ հանդիպման մասնակիցները կստեղծեն չորս աշխատանքային խումբ՝ քննարկելու պատժամիջոցները, Պարսից ծոցում արգելափակված նավաստիների հետ կապված իրավիճակը, Հորմուզի նեղուցում նավարկության վերականգնումը՝ տարբեր ոլորտային փորձագետների մասնակցությամբ, և նավարկության ազատության ու ծովային անվտանգության ապահովումը։
Ապրիլի 14-ին Agence France-Presse-ը՝ հղում անելով Ելիսեյան պալատին, հաղորդել է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը ապրիլի 17-ին բանակցություններ կանցկացնեն մի քանի երկրների հետ՝ Հորմուզի նեղուցում նավարկության անվտանգության վերաբերյալ։ Մասնակիցների ցանկը չի նշվել։ Նշվել է, որ Լոնդոնի և Փարիզի նախաձեռնությունը «բացառապես պաշտպանական» բնույթ ունի, և կողմերը չեն մտադիր մասնակցել որևէ ռազմական գործողության։