
Սկսած 2020թ.-ից՝ ամեն տարի ապրիլի 14-ն աշխարհում նշվում է որպես Շագասի հիվանդության դեմ պայքարի համաշխարհային օր: Մոռացված արևադարձային հիվանդություն համարվելով` վերջին տարիներին նկատվում է հիվանդության տարածման զգալի ակտիվացման միտում, հատկապես` կանանց շրջանում: Ուստի, 2026թ.-ի համաշխարհային օրվա կարգախոսն է` «Կանայք ուշադրության կենտրոնում. հաջորդ սերնդի պաշտպանություն Շագասի հիվանդությունից»:
ԵՊԲՀ առողջապահության ծրագրերի ազգային գիտահետազոտական «Հերացի» կենտրոնի հաղորդմամբ, այս արշավը նպատակ ունի կանխել վարակի փոխանցումը մորից երեխային` հատուկ ուշադրություն դարձնելով անտեսման, խարանի և բժշկական օգնության սահմանափակ հասանելիության դեմ պայքարին, որոնց բախվում են վերարտադրողական տարիքի կանայք:
Ըստ գնահատման՝ աշխարհում 8 միլիոն մարդ վարակված է Շագասի հիվանդությամբ, ամեն տարի արձանագրվում է այս հիվանդությունից շուրջ 10000 մահվան դեպք: Այն հիմնականում հանդիպում է Լատինական Ամերիկայի 21 էնդեմիկ երկրներում՝ փոխանցողի առկայությամբ պայմանավորված: Սակայն, ներկայումս կլիմայի փոփոխություններով և բնակչության ակտիվ տեղաշարժերով պայմանավորված, ընդլայնվել է հիվանդության տարածման աշխարհագրական տարածքը, այն հայտնաբերվում է նաև Կանադայում, ԱՄՆ-ում, Եվրոպայի, Աֆրիկայի երկրներում, Արևմտյան Խաղաղ օվկիանոսյան և Արևելյան Միջերկրածովյան տարածաշրջաններում: Ըստ դիտարկման՝ այսօր ավելի քան 100 միլիոն մարդ գտնվում է վարակման ռիսկի տակ:
Կարևոր է ընդգծել, որ աշխարհում դեպքերի մոտ 2 միլիոնը հանդիպում է 15-44 տարեկան կանանց շրջանում, որոնց մեծ մասը բախվում է անբավարար տեղեկատվության, կրթության և իրազեկման, ինչպես նաև զուգորդված ախտորոշման և բուժման սահմանափակ հասանելիության հետ: Սա հանգեցնում է սիրտարոթային հիվանդությունների զարգացմանը, բարձր ռիսկային հղիության վիճակներին, ինչպես նաև երեխաներին վարակը փոխանցելու վտանգին: Բացի այդ, կանայք ստանում են սահմանափակ աջակցություն՝ չնայած ընտանեկան և համայնքային մակարդակներում Շագասի հիվանդության կանխարգելման և հսկողության գործում իրենց կարևոր դերին: Անհրաժեշտ է նշել, որ վարակված մորից հղիության կամ ծննդաբերության ընթացքում վարակը փոխանցվում է 3-5%-դեպքերում: Ի դեպ, ներկայումս ուղղահայաց փոխանցումը համարվում է հիմնական մեխանիզմը այն տարածքներում, որտեղ իրականացվում է փոխանցողների նկատմամբ բավարար հսկողություն:
Հայտնի է, որ բուժում չստանալու դեպքում վարակված մարդկանց մեկ երրորդի մոտ` ներառյալ կանայք և երեխաները, զարգանում է սիրտանոթային, մարսողական համակարգի հիվանդություններ և նյարդաբանական խանգարումներ, որոնք փոխում են նրանց կյանքի որակը: Կարևոր է ընդգծել, որ հղիությունից առաջ վարակված կանանց բուժումը գրեթե 100%-ով արդյունավետ է մորից երեխային փոխանցումը կանխելու համար: Իսկ վարակված նորածինների շրջանում կյանքի առաջին տարում վաղ ախտորոշման և բուժման դեպքում բուժման արդյունավետությունը գերազանցում է 90%-ը։
Այսպիսով, նշված փաստերը պահանջում են գործողություններ ձեռնարկել: Այս համաշխարհային օրը մասնագետները կոչ են անում առողջապահության և կրթության համակարգերին և համայնքներին իրականացնել հետևյալ միջոցառումները:
Վարակման բարձր ռիսկ ունեցող վեարտադրողական տարիքի յուրաքանչյուր աղջկա և կնոջ` հատկապես հղիությունից առաջ, հետազոտություն Շագասի հիվանդության նկատմամբ:
Մանկահասակ տարիքի բոլոր աղջիկներին և կանանց ժամանակին և արդյունավետ բուժման ապահովում` նրանց և ապագա երեխաների առողջությունը պահպանելու համար:
Վարակակիր մայրերի բոլոր նորածինների հետազոտություն` ծնվելուց հետո անմիջապես և 8 ամիս անց:
Շագասի հիվանդության պատճառով մոր և մանկան առողջության պահպանման լուսաբանման ընդլայնում` ներդնելով մոր և մանկան առողջության պահպանման առողջապահության կրթական բաղադրիչներ` համայնքի և ընտանիքի մակարդակներում իրազեկվածության բարձրացման համար:
Կանանց աջակցություն անվտանգ սնունդ պատրաստելու և պահպանելու համար՝ սննդի միջոցով վարակի փոխանցումը կանխարգելելու համար, տուժած ընտանիքի անդամներին խնամելու և բնածին փոխանցման արատավոր շրջանը ընդմիշտ ընդհատելու համար:
Շագասի հիվանդությունը, հայտնի է նաև ամերիկյան տրիպանոսոմոզ, Trypanosoma cruzi նախակենդանիներով հարուցվող վարակ է: Վարակի աղբյուր են տարբեր տեսակի վայրի կենդանիները՝ մասնավորապես կրծողները: Լատինական Ամերիկայում T. cruzi մակաբույծները հիմնականում փոխանցվում են տրիատոմային փայտոջիլների միջոցով: Հատկանշական է, որ այս միջատները սովորաբար ապրում են տների և շրջակա կառույցների պատերի կամ տանիքների ճեղքերում, հիմնականում գյուղական վայրերում կամ արվարձաններում, անասնանոցներում, պահեստներում: Նրանք սովորաբար թաքնվում են ցերեկը և ակտիվանում գիշերը՝ սնվելով կենդանիների և մարդկանց արյունով։ Սովորաբար կծում են քնած մարդկանց դեմքի հատվածը՝ շրթունքներ, կոպեր և այլն։ Այդ պատճառով փայտոջիլները ստացել են «համբույրի ոջիլներ» անվանումը։ Հարուցիչները նրանց արտաթորանքներով արտազատվում են մարդու մաշկի կամ լորձաթաղանթի վրա և միկրովնասվածներից թափանցում օրգանիզմ:
Վարակը կարող է փոխանցվել նաև վարակված տրիատոմային փայտոջիլների կամ կենդանիների արտաթորանքներով աղտոտված սննդամթերք կամ ըմպելիքներ օգտագործելիս: Ի դեպ, փոխանցման այս ձևը սովորաբար առաջացնում է հիվանդության բռնկումներ: Կարող է փոխանցվել նաև վարակված մորից պտղին, ինչպես նաև արյան կամ արյան պատրաստուկների փոխնենարկման, որոշ օրգանների (օրինակ՝ սրտի կամ երիկամի) փոխպատվաստման, լաբորատորիայում անկանխատեսելի պատահարների, մասնագիտական վնասվածքների դեպքերում:
Բնութագրական է, որ Շագաս հիվանդությունը զարգանում է երկու փուլով, նախնական սուր փուլը տևում է վարակվելուց հետո մոտ երկու ամիս: Այս փուլում, չնայած արյան մեջ մեծ քանակությամբ մակաբույծների շրջանառությանը, շատ դեպքերում ախտանշանները բացակայում են կամ արտահայտվում թույլ և ոչ սպեցիֆիկ (ջերմություն, գլխացավ, ավշային հանգույցների այտուցվածություն, գունատություն, մկանացավ, շնչառության դժվարություն, որովայնի կամ կրծքավանդակի ցավ): Քրոնիկ փուլում մակաբույծները թաքնվում են հիմնականում սրտի և մարսողական օրգանների մկանների մեջ: Կարևոր է նշել, որ հիվանդության վաղ հայտնաբերումը առանցքային է, քանի որ բուժումն արդյունավետ է հիվանդության վաղ փուլում սկսելու դեպքում: Ուշացման դեպքում հիվանդությունը կարող է վերաճել կյանքին սպառնացող վիճակի:
Հարկավոր է նշել, որ մոռացված արևադարձային հիվանդությունների դեմ պայքարի 2021-2030 թվականների ԱՀԿ-ի ճանապարհային քարտեզը ներառում է նաև Շագասի հիվանդությունը «Մեկ առողջություն» մոտեցմամբ՝ որպես հանրային առողջության խնդիր՝ առաջարկելով հինգ թիրախային նպատակ.
- Էնդեմիկ երկրներում վարակի փոխանցման ընդհատում:
- Արյան փոխներարկման միջոցով փոխանցման ընդհատում:
- Օրգանների փոխպատվաստման միջոցով վարակի փոխանցման ընդհատում:
- Բնածին վարակման դեպքերի վերացում:
- Հակապարազիտային բուժման 75% ծածկույթի ապահովում: