
ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը գրում է․ «Մեր բուժանձնակազմի 50-օրյա պայքարը պսակվեց հաղթանակով՝փոքրիկն արդեն իր ընտանիքում է:
Հավելեմ, որ եզակի վիրահատություն է իրականացվել, ոչ միայն մեր երկրի, այլև աշխարհի մակարդակով
Փետրվարի 18-ին նորածնային վերակենդանացման բաժանմուքում հնչեց հերթական զանգը երևանյան խոշոր ծննդատներից մեկից, ծանրագույն նորածնի տեղափոխման համար։
Ինչպես գիտեք, «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի Մանկական և նորածնային վերակենդանացման բաժանմունքում գործում է նորածնային տեղափոխման ռեանիմացիոն ծառայությունը, որ տարեկան մինչև 800 կանչ է սպասարկում Հայաստանի հանրապետության բոլոր մարզերի և Երևանի ծննդատներից։
Անձնակազմը շտապեց ծննդատուն։
Ծայրահեղ ծանր վիճակում, ինտուբացված նորածինը տեղափոխվեց «Մուրացան», Մանկական և նորածնային վերակենդանացման բաժանմունք։ Անամնեստիկ տվյաններից պարզվեց, որ հղիության 30-րդ շաբաթում ներարգանդային պտղի մոտ ախտորոշվել էր ասցիտ և պտղի ջրգողություն։
Նախնական հետազոտությունների և օբյեկտիվ զննման արդյունքում ախտորոշվեց երկկողմանի հիդրոթորաքս, ու անմիջապես կատարվեց նեոնատոլոգի կողմից պլևրալ խոռոչների դրենավորում։
Ստացված պլևրալ հեղուկը նման էր խիլեոզ պարունակության, ինչն արդյունքում հաստատվեց ստացված հեղուկի բիոքիմիական և բջջաբանական հետազոտություններով։
Ամեն ինչ ավելի էր բարդացնում նորածնի անհաս լինելը՝ 34 շաբաթական և վաղ նեոնատալ սեպսիսը։
Հաշվի առնելով դեպքի հազվադեպությունն ու բարդությունը՝ կատարվեցին բազմաթիվ հետազոտություններ, կրծքային վիրաբույժի կոնսուլտացիա։
Որոշում կայացվեց կոնսերվատիվ վարել փոքրիկին, ապահովվելով ամբողջական պարէնտերալ սնուցում։ Այս պաթոլոգիայի եզակիության պատճառով նույնիսկ Հայաստան չի ներկրվում հատուկ կաթնախառնուրդ, որ ցուցված է այս երեխաներին։
Դինամիկայում բուժմանը միացվեց նաև սպեցիֆիկ դեղորայքային թերապիա, սակայն կոնսերվատիվ բուժումը արդյունավետ չէր, երեխան շարունակում էր թոքերի արհեստական շնչառության սարքով վենտիլացվել, պլևրալ դրենաժներից արտահոսքը պահպանվում էր։
Արդյունքում որոշում կայացվեց վիրաբուժական բուժման։
Մարտի 10-ին, ընդհանուր անզգայացման պայմաններում թորակոսկոպիկ եղանակով կատարվեց լիմֆատիկ ծորանի կլիպավորում։
Մանկական վիրաբուժական հիվանդությունների կլինիկայի հմուտ կրծքային վիրաբույժների կողմից։
Մասնագետների թիմը փաստում է, վիրահատությունից հետո ևս մեկ շաբաթ պայքարեցին կյանքի համար:
Թիմային համախմբված աշխատանքը տվեց իր երկար սպասված արդյունքը։
Պետք է շեշտենք, որ սա եզակի վիրահատություն է, ոչ միայն մեր երկրի, այլև աշխարհի մակարդակով:
Ապրիլի 6-ին փոքրիկն առողջացած դուրս գրվեց հիվանդանոցից և միացավ իր ընտանիքին։
Նշենք, որ խիլոթորաքսը հազվադեպ հիվանդություն է, որը կազմում է պլևրալ էֆուզիաների՝ հեղուկի կուտակում պլևրալ խոռոչում մոտ 1%–2%-ը, իսկ տարածվածությունը կազմում է 1/8600–ից մինչև 1/15,000 կենդանի ծնունդների մեջ»։