Ռուսաստանի և Իրանի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Մասուդ Փեզեշքիանը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են իրանա-ամերիկյան բանակցությունները։
Ռուսաստանի առաջնորդը ընդգծել է Մերձավոր Արևելքում հակամարտության քաղաքական և դիվանագիտական կարգավորմանը նպաստելու իր պատրաստակամությունը։
Այս շաբաթավերջին Պակիստանում կայացած բանակցություններից հետո Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Իսմայիլ Բաղային հայտարարել է, որ կողմերը տարաձայնություններ են ունեցել մի քանի հիմնական հարցերի շուրջ։ Նա ասել է, որ զրույցը ընթացել է անվստահության մթնոլորտում, և այս անգամ ոչ ոք համաձայնության չի սպասում։
Ամերիկյան պատվիրակության ղեկավար, փոխնախագահ Ջ.Դ. Վենսը հաստատել է, որ Վաշինգտոնը և Իրանը չեն կարողացել համաձայնության գալ։
Ռոյթերսի տվյալներով՝ կողմերը քննարկել են Հորմուզի նեղուցը, միջուկային հարցերը, փոխհատուցումները, պատժամիջոցները և հակամարտության դադարեցումը։ Նախկինում հաղորդվել էր, որ Իսլամական Հանրապետության տասը կետից բաղկացած ծրագիրը կարող է հիմք հանդիսանալ ապագա համաձայնագրի համար։
Իրանական Press TV հեռուստաալիքը բանակցություններից հետո հայտնել է, որ Թեհրանը ներկայացրել է ողջամիտ առաջարկներ, և այժմ ամեն ինչ կախված է Վաշինգտոնից։ Հաջորդ հանդիպման վայրն ու ժամանակը դեռևս որոշված չեն։