ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը բացառում է առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքները կեղծելու և ընտրության գաղտնիությունը կասկածի տակ դնելու սցենարները։ Նրա խոսքով՝ թե’ օրենսդրական փոփոխությունները, թե’ հանձնաժողովի նոր գործիքները հնարավորություն են տալիս 24/7 ռեժիմով հետևելու ընտրական գործընթացներին։ Հովակիմյանը ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում ներկայացրել է հանձնաժողովի 2024-2025 թթ․ աշխատանքը, պատասխանել պատգամավորների հարցերին։ Դրանք մեծամասամբ քաղաքական հարցեր են եղել։ Ընդդիմադիր պատգամավորները, մասնավորապես, հետաքրքրվել են իշխանության՝ վարչական ուժ կիրառելու ենթադրյալ դեպքերով, իշխանության ներկայացուցիչները՝ ընտրողներին մոլորեցնելու ու վարչապետի ոչ լեգիտիմ թեկնածու առաջադրելու դեպքերով։
Առաջիկա խորհրդարանական ընտրություններին 2021 թվականի համեմատ ավելի քիչ մարդ ունի ընտրելու իրավունք, քանի որ Ընտրական օրենսգրքի փոփոխություններով սահմանվել է, որ ընտրողների ցուցակում չեն ընդգրկվում ընտրություններին նախորդած 6 ամիսների ընթացքում վավեր անձնագիր կամ նույնականացման քարտ չունեցող քաղաքացիները՝ ասում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահանգն Հովակիմյանը՝ ի պատասխան «Հայաստան» խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանի հարցի, թե ինչու է նվազել է ընտրողների թիվը։ Ընդդիմադիր պատգամավորին հետաքրքրում է նաև հարցը, թե Հովակիմյանն ինչպես է վերաբերում վարչական ռեսուրսի չարաշահման ենթադրյալ դեպքերին։
«Ինչն է ինձ մտահոգում, որ այսպես, հայտնի օդում կախված լուրերի համաձայն, հատկապես վարչական ղեկավարները համայնքներում ստացել են ինչ-որ ծրագրում ծրագիր-հավելված քաշելու հանձնարարական, այդ ծրագրով մտնում են բոլորը իրենց համայնքում, իրենց բնակավայրում ապրող բոլոր անձանց տներ՝ հասկանալու համար, թե ինչ է կատարվում»։
Վահագն Հովակիմյանը տեղյակ չէ նման դեպքերի մասին։
«Ճիշտն ասած, առաջին անգամ եմ լսում»։
ԿԸՀ-ն նախ կճշտի՝ պատգամավորի մատնանշած դեպքը համապատասխանո՞ւմ է իրականությանը, թե՞ ոչ, ապա լիազորությունների շրջանակում կզբաղվի դրանով՝ խոստանում է Վահագն Հովակիմյանը։ Մինչև այդ՝ վստահեցնում է՝ մեծ ցանկության դեպքում անգամ ընտրությունների արդյունքները չեն կարող կեղծվել։
«Բոլոր քաղաքացիներն ազատ և գաղտնի քվեարկելու հնարավորությունն ունենալու են, որևէ մեկը չի կարողանալու մեր քաղաքացիների ազատությունը, ազատ քվեարկելու իրավունքը խոչընդոտել, սահմանափակել, ոչ էլ կարողանալու է քվեարկության գաղտնիությունը բացահայտել»։
300 և ավելի ընտրող ունեցող մոտ 1800 ընտրատեղամասերից 24/7 ռեժիմով կապահովվի ուղիղ հեռարձակում, յուրաքանչյուր տեղամասի հեռարձակումը կարժենա 75 հազար դրամ՝ մանրամասնում է Վահագն Հովակիմյանը։ Բացի դրանից՝ էլեկտրոնային համակարգերով տեսանելի կլինեն գրանցված կուսակցություններն ու դաշինքները, նրանց ֆինանսական հաշվետվությունները, դիտորդական կազմակերպությունների, հանձնաժողովի անդամների տվյալները։

Ընտրական օրենսգրքի վերջին փոփոխություններն արվել են օրեր առաջ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության մի խումբ պատգամավորներ առաջարկել էին բացառել կուսակցությունների դաշինքի անվանման մեջ անձնանուն կիրառելը։ Խորհրդարանական ընդդիմությունը քննադատել էր ընտրություններից 2 ամիս առաջ օրենսգիրքը փոխելու նախաձեռնությունը։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Լիլիթ Մինասյան․
«Չգիտես ինչի՞ ընդդիմության ներկայացուցիչներն են հենց շահարկում, որ իշխանությունը պատրաստվում է կուսակցություն չգրանցել կամ կուսակցություններին չթողել մասնակցել ընտրությունների։ Ես խնդրում եմ հստակ ընթացակարգը մեկնաբանեք»։
Հովակիմյանի խոսքով՝ կուսակցությունների գրանցման առումով Հայաստանի օրենսդրությունը լայն հնարավորություններ է տալիս։
«Ընտրական օրենսգիրքը, ըստ էության, այնքան ազատական է, որ քաղաքական ուժը, որպեսզի չգրանցվի, բավականին ջանք պիտի կիրառի։ Այսինքն՝ փաստաթղթերը պիտի չուղարկի միտումնավոր։ Հակառակ դեպքում, եթե փաստաթղթերը ներկայացնում է նույնիսկ թերի, Ընտրական օրենսգիրքը պահանջում է, որպեսզի մենք տվյալ քաղաքական ուժին տանք մինչև 48 ժամ ժամանակ, որպեսզի թերությունները շտկվեն» ։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Բաբկեն Թունյանին հետաքրքրում է՝ ԿԸՀ նախագահը քաղաքական որոշ ուժերի գործողություներում ընտրողներին մոլորեցնելու փորձ չի՞ տեսնում։
« Եթե ինչ-որ մեկը վեր է կենում, ասում է՝ մեր վարչապետի թեկնածուն լինելու է ենթադրենք, Իլոն Մասկը, ու ինչքան իրեն ասում են, որ հնարավորություն չկա, որ Իլոն Մասկը կլինի վարչապետ, իրենք այդ ուղղությամբ են քարոզարշավը տանում, սա չի՞ նշանակում արդյոք ընտրողներին մոլորեցնելու փորձ»։
Քաղաքական գործիչները ազատ են իրենց հայտարարությունների մեջ՝ բացառությամբ Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով սահմանված դեպքերի՝ բռնության և ատելության խոսք, սահմանադրական կարգը տապալելու հայտարարություն՝ պատասխանում է ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը․
«Քաղաքական գործիչները ազատ են՝ ինչ կցանկանան, հայտարարեն։ Ընտրողները պիտի դրան իրենց քվեարկությամբ գնահատական տան, հակառակ դեպքում, ըստ էության, մենք, ի վերջո, գրաքննության ենք հանգելու»։

Թունյանն առաջարկում է նաև առանձին վիճակագրությամբ ներկայացնել, թե ընտրություններին մասնակցելու նպատակով քանի՞ մարդ և ո՞ր երկրներից է գալու Հայաստան, կամ հրապարակել 2021 թվականի համար նույն վիճակագրությունը։ Հովակիմյանն արձագանքում է՝ հարցը ԿԸՀ-ի տիրույթում չէ, պետք է դիմել ՆԳՆ։ Ինչ վերաբերում է վերջերս տարածված լուրերին, թե որոշ ուժեր պատրաստվում են այլ երկրներից մեծ թվով քաղաքացիներ տեղափոխել Հայաստան՝ իրենց օգտին քվեարկելու պայմանով, Հովակիմյանն արձագանքում է․
«Մեր քաղաքացիները, անկախ նրանից՝ Հայաստանում են բնակվում, թե ոչ, ազատ են իրենց քվեարկության հարցում։ Բայց ցանկացած ոք, ով նյութապես կշահագրգռի, որպեսզի քվեարկի, կապ չունի՝ Հայաստանի տարածքում, թե դրանից դուրս, տվյալ քաղաքացուն ներքաշելու է քրեաիրավական հորձանուտի մեջ։ Այսպես ասենք, եթե Հայաստանի Հանրապետության քաղաքացին ինքն է որոշում արտերկրից գալ, գումար է ծախսում և վերադառնում է Հայաստանի Հանրապետություն, որևէ մեկն իրավունք չունի իր տեղաշարժը սահմանակել կամ ցանկացած գործողություն»։
Վահագն Հովակիմյանը խորհրդարան էր եկել ԿԸՀ-ի 2024-2025 թվականների գործունեությունը ներկայացնելու համար։ Նրա խոսքով՝ հանձնաժողովի արդյունավետ աշխատանքն ապացուցող փաստերից է այն, որ այդ տարիներին ՏԻՄ չորս ընտրություն է եղել, և որևէ մեկի արդյունքը չի բողոքարկվել։