Երևանում Հայաստանի և Էստոնիայի ԱԳ նախարարները ընդլայնված գործընկերություն հաստատելու մասին փոխըմբռնման հուշագիր են ստորագրել, որը միտված է երկկողմ գործակցություն ընդլայնելուն։
Մարգուս Ցահքնան Երևանում է պաշտոնական այցով։ Նա վստահեցրել է, որ Էստոնիան գիտի ԵՄ ինտեգրման կարճ ճանապարհները և կարող է օգնել Հայաստանին այդ ուղղությամբ «նավարկելու» ճանապարհին։
Լրագրողների հետ հանդիպմանը արտգործնախարարներն անդրադարձել են TRIPP նախագծին և Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձի հարցին։
«Դրսից աչքեր ու ականջներ պետք չեն» տրամաբանությամբ նախորդ տարի Ադրբեջանում դադարեցվեց Կարմիր խաչի, ՄԱԿ-ի և միջազգային մի քանի այլ կառույցների գրասենյակների գործունեությունը։ Առանց ԿԽ–ի հսկողության մնացած հայ գերիների վիճակը մտահոգություններ է առաջացնում։ Հայաստանի արտգործնախարարը վստահեցնում է, որ հարցն օրակարգային առաջնահերթություն է։ Պաշտոնական Երևանի դիրքորոշումը նույնն է՝ հայ գերիներն ու Բաքվում պահվող անձինք պետք է ազատ արձակվեն, հստակեցնում է նախարարը։
«Ցավոք, բոլոր հարցերը լուծված չեն, և այս հարցը թերևս ամենազգայունն է մեր հասարակության համար։ Մենք վստահ ենք, որ նրանց ազատ արձակումը կգա միայն ամրապնդելու հաստատված խաղաղությունը։ Մենք շարունակում ենք Ադրբեջանի հետ երկխոսությունն այս թեմայով ։ Սա մեր օրակարգի առաջնային հարցերից մեկն է, շարունակում ենք այս մասին խոսել նաև միջազգային գործընկերների հետ: Կարմիր խաչի գործունեության ավարտը Ադրբեջանում էլ ավելի է բարդացրել իրավիճակը այս առումով։ Նորություն չկա։ Նորությունը մեկը կարող է լինել՝ նոր խմբի ազատ արձակումը»։
Հայաստանի ու Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը Էստոնիայի արտաքին գործերի նախարար Մարգուս Ցահքնան պատմական քայլ է համարում, բայց համոզված է նաև, որ բոլոր հարցերը մեկ օրում չեն լուծվում։
«Սա հսկայական, պատմական քայլ է առաջ։ Հայաստանի ու Ադրբեջանի այս նորությունը իրական է, բայց հասկանալի է նաև, որ բոլոր հարցերը հնարավոր չէ մեկ օրում լուծել։ Ժամանակ է պետք, քանի որ խնդիրները բարդ են»։
Նախօրեին ԱՄՆ պետքարտուղարությունը հայտարարել էր, որ TRIPP նախագծի իրականացումը շարունակում է մնալ Վաշինգտոնի գլխավոր առաջնահերթություններից մեկը, և որ Հայաստանն ԱՄՆ-ի ու համաձայնեցված երրորդ երկրների հետ շարունակում է աշխատել նախագծի իրականացման ուղղությամբ։ Երկկողմ աշխատանքը TRIPP-ի իրագործման ուղղությամբ շարունակվում է՝ վստահեցնում է Հայաստանի արտգործնախարարը։ Միրզոյանի խոսքով՝ կողմերն այժմ փաստաթղթային աշխատանքի և միջպետական պայմանագրի համաձայնեցման փուլում են։
«Չնայած աշխարհում և մեր տարածաշրջանում ընթացող ոչ այնքան բարենպաստ գործընթացներին՝ Հայաստանի և ԱՄՆ-ի միջև երկկողմ աշխատանքները TRIPP-ի ուղղությամբ շարունակվում են։ Հիմա, ըստ էության, միջպետական պայմանագրի համաձայնեցման փուլում ենք: Հուսանք, որքան հնարավոր է շուտ կթևակոխենք շինարարության փուլ: Այստեղ է, որ երրորդ գործընկերների կարիք ենք ունենալու, իհարկե, պայմանագիրը երկկողմ է լինելու , նկատի ունեմ Հայաստանը և ԱՄՆ-ը: Բայց և՛ շինարարության փուլում ենք գործընկերների կարիք ունենում, և՛, ամենայն հավանականությամբ, նաև այդ համակարգերի կառավարման փուլում»։
Որքան էլ TRIPP-ը երկկողմ նախագիծ է, այն, ըստ Արարատ Միրզոյանի, բխում է բազմաթիվ երկրների շահերից՝ Չինաստանից ու Պորտուգալիայից մինչև Հայաստանի անմիջական հարևաններ:
Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատվող խաղաղությունը կարևոր է առևտրային միջանցքների ստեղծման առումով՝ ասում է Էստոնիայի արտգործնախարարը։
Մարգուս Ցահքնան վստահեցնում է նաև, որ Էստոնիան գործնական քայլեր է ձեռնարկում Հայաստանի քաղաքացիների համար ԵՄ մուտքի վիզաների ազատականացման գործընթացն ավարտին հասցենելու ուղղությամբ։
«Մենք ձեր աչքերն ու ականջներն ենք ԵՄ-ում։ Էստոնիան գործնական քայլեր է ձեռնարկում Հայաստանի քաղաքացիների համար ԵՄ մուտքի վիզաների ազատականացման ուղղությամբ»։
Էստոնիայի արտգործնախարարը վստահեցնում է՝ Էստոնիան գիտի, թե ինչպես նավարկել եվրաինտերգրման ճանապահին և պատաստ է օգնել Հայաստանին, քանի որ տեսնում է ներդրվող ջանքերը։