Հրազդանի կիրճում հանգստի գոտի կստեղծվի․Կառավարությունը հաստատեց նախագիծը

ՀՀ կառավարությունը հաստատել է Հրազդանի կիրճում հանգստի գոտու ստեղծման նախագիծը՝ դրա իրականացման համար հատկացնելով 172 միլիոն դրամ Երևանի քաղաքապետարանին։ Որոշումն ընդունվել է կառավարության ապրիլի 9-ի նիստում։

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը նշել է, որ նախագծով նախատեսվում է իրականացնել բյուջետային վերաբաշխում և համապատասխան գումար փոխանցել քաղաքապետարանին։

Ծրագրի մանրամասները ներկայացնելով՝ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտնել է, որ հանգստի գոտին կստեղծվի Հրազդանի կիրճում՝ Արաբկիր վարչական շրջանում՝ կիրճի սկզբնամասից մոտ 5,5 կմ հեռավորության վրա։

Նրա խոսքով՝ նախագիծը ներառում է տարածքի համապարփակ բարեկարգում՝ նոր լանդշաֆտային և ճարտարապետական լուծումներով, զբոսայգու ստեղծում, հանգստի գոտիներ, սպորտային հարթակներ, բացօթյա կինոդիտման տարածք և սրճարան, որը կծառայի նաև որպես հանրային շփման կենտրոն։

«Սա կիրճի ամբողջական վերակազմավորման ծրագրի մի մասն է։ Մենք իրականացրել ենք խորքային ուսումնասիրություն և սահմանագծել կիրճի տարածքը։ Սպասում ենք Շրջակա միջավայրի նախարարության օրենսդրական փոփոխություններին, որից հետո այն կճանաչվի որպես համայնքային հատուկ պահպանվող տարածք»,- նշել է Ավինյանը։

Leave a Comment