
Հրազդանի կիրճի 5,5 կիլոմետրանոց հատվածում բազմաֆունկցիոնալ հանգստի գոտի կկառուցվի: Կառավարությունն այսօրվա նիստում այդ նպատակով որոշել է պահուստային ֆոնդից ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը հատկացնել 172 մլն 608 հազար դրամ։
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ Հրազդանի կիրճի բարեկարգման ծրագիրը ներառում է նոր լանդշաֆտային և ճարտարապետական լուծումներ, հարմարավետ զբոսայգի, հանգստի գոտիներ, սպորտային միջոցառումների անցկացման հարթակներ, կինոդիտման վայր, նաև սրճարան։
Կբարելավվեն տրանսպորտային և հետիոտնային ուղիները՝ կիրճի հասանելիությունն առավել դյուրին և անվտանգ դարձնելու համար, ինչը կծառայի ինչպես վազորդներին ու հեծանվորդներին, այնպես էլ մյուս այցելուներին։
Նախագիծը միտված է Հրազդանի կիրճի վերաիմաստավորմանը՝ այն դարձնելով ժամանակակից, բազմաֆունկցիոնալ կենտրոն, որը կնպաստի զբոսաշրջության ակտիվացմանը և քաղաքացիների համար նոր որակի հանրային տարածքների ձևավորմանը։