ԿԳՄՍ նախարարությունը մարզագույք կտրամադրի Աբովյանի սպորտի և մշակույթի համալիր կենտրոնին

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանն այսօր այցելել է Աբովյանի Գ. Ծառուկյանի անվան սպորտի և մշակույթի համալիր կենտրոն։ Համալիրում ներկայում մարզվում է ավելի քան 500 երեխա՝ ըմբշամարտ, ծանրամարտ, բռնցքամարտ, լող, ձյուդո, սամբո և մի շարք այլ մարզաձևերով։

Այցի շրջանակում Հասմիկ Ավագյանը, կառույցի տնօրեն Գոռ Ղալեչյանի ուղեկցությամբ, շրջայց է կատարել մարզադպրոցում, այցելել ըմբշամարտի, ձյուդոյի և սամբոյի մարզադահլիճներ, ծանոթացել առկա ենթակառուցվածքներին, պայմաններին և գույքային հագեցվածությանը։

Այցի ընթացքում նախարարի տեղակալն ու մարզիչները քննարկել են մարզումային պայմանների բարելավմանն առնչվող մի շարք հարցեր։ Նշվել է, որ Աբովյան համայնքը դիմել է ԿԳՄՍ նախարարությանը՝ համալիրն անհրաժեշտ գույքով ապահովելու հարցով։ Կարևորելով մարզերում սպորտային ենթակառուցվածքների համաչափ զարգացումը, երեխաների համար մարզումների պատշաճ կազմակերպման անհրաժեշտությունը՝ առաջիկայում նախարարությունը համալիրին կտրամադրի մարզագույք՝ ըմբշամարտի երկու գորգ և երկու մանեկեն։

Հաստատության տնօրեն Գոռ Ղալեչյանի խոսքով՝ համալիրում վերջին անգամ հիմնանորոգման աշխատանքներ իրականացվել են շուրջ 15 տարի առաջ։ Ներկայում այստեղ ըմբշամարտով զբաղվում է ավելի քան 50 սան, որոնք հաջողությամբ հանդես են գալիս ինչպես Հայաստանի առաջնություններում, այնպես էլ միջազգային մրցաշարերում՝ նվաճելով մեդալներ։ Առաջիկայում համալիրում նախատեսվում է անցկացնել Հայաստանի ազատ և հունահռոմեական ոճի ըմբշամարտի երիտասարդական հավաքականների 20-օրյա ուսումնամարզական հավաք։

Նշվել է նաև, որ նախորդ տարվա ընթացքում մարզադպրոցի 6-7 սաներ մեդալներ են նվաճել բռնցքամարտի Եվրոպայի առաջնություններում: Աբովյանի Գ. Ծառուկյանի անվան սպորտի և մշակույթի համալիր կենտրոնում մարզվում են նաև Հայաստանի սամբոյի հավաքականների մի քանի առաջատարներ:

Նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը կարևորել է մարզադպրոցի ենթակառուցվածքների բարելավումը և պետություն-համայնք-մասնավոր հատված համագործակցության շարունակական ամրապնդումը։ Նա տեղեկացրել է, որ Կառավարությունը 300 դպրոցների և 500 մանկապարտեզների կառուցման ու վերակառուցման ծրագրի համանմանությամբ նախատեսում է իրականացնել նաև մարզադպրոցների արդիականացման և վերակառուցման համալիր ծրագիր՝ մարզերում և Երևանում բոլոր երեխաների համար մարզադպրոց հաճախելու և նախընտրած մարզաձևով զբաղվելու հասանելի և հավասար հնարավորություններ ապահովելու նպատակով։

Այցի ընթացքում քննարկվել են նաև մարզիչների, սպորտային հոգեբանների վերապատրաստման ծրագրերին առնչվող հարցեր:

Leave a Comment