Կենսամակարդակի բարձրացում ու տնտեսական ինքնաբավություն. «Հայաստան» դաշինքը ներկայացրել է իր նախընտրական ծրագիրը

«Հայաստան» դաշինքն ապրիլի 8-ին ներկայացրել է իր նախընտրական սոցիալ-տնտեսական ծրագիրը, որի առանցքում, ըստ քաղաքական ուժի, քաղաքացիների կենսամակարդակի բարձրացումն ու տնտեսական ինքնաբավության ապահովումն է։ Քաղաքական ուժի ծրագրի ներկայացումը հեռարձակվել է Armenia Today-ի Youtube-յան ալիքով։

Դաշինքի պատգամավոր Արծվիկ Մինասյանի խոսքով՝ նախատեսվում է նվազագույն աշխատավարձը հավասարեցնել սպառողական զամբյուղին, իսկ կենսաթոշակներն ավելացնել առնվազն 50%-ով՝ ներդնելով պարտադիր ինդեքսավորման համակարգ։

Սոցիալական փաթեթը ներառում է նաև ձմռան ամիսներին անապահով ընտանիքների էներգակիրների ծախսերի փոխհատուցում, գույքահարկի նվազեցում և եկամտահարկի արտոնություններ։

Դաշինքը մտադիր է ներգրավել սփյուռքահայության կապիտալը երկրի զարգացման մեջ և ստեղծել մինչև 140 հազար նոր աշխատատեղ։ Առաջարկվում է չեղարկել տրանսպորտային տուգանքների բալային համակարգը և բարեփոխել առողջապահական ապահովագրությունը։

Գյուղատնտեսության ոլորտում առաջնահերթություն են հայտարարվել ոլորտային նախարարության վերականգնումը և պարենային անվտանգության ապահովումը։ Պատգամավոր Արթուր Խաչատրյանը նշել է, որ պետությունը կխթանի գյուղատնտեսական կոոպերացիան՝ պահպանելով սեփականության իրավունքը, ինչը թույլ կտա բարձրացնել մշակվող վարելահողերի արդյունավետությունը, որոնց կեսից ավելին, ըստ նրա, այսօր անմշակ է։

Ֆերմերների համար նախատեսվում է ներդնել արտոնյալ պայմաններ, այդ թվում՝ մինչև 15 միլիոն դրամի չափով զրոյական տոկոսադրույքով վարկեր, շուկայականից էժան վառելիք և սերմացու։ Ծրագրի կարևոր դրույթներից է գյուղատնտեսական ռիսկերի համապարփակ ապահովագրությունը, ներառյալ՝ կարկտահարությունն ու վնասատուների դեմ պայքարը։ Դաշինքն առաջարկում է սուբսիդավորել հակակարկտային կայանների ձեռքբերումը և իրականացնել ջրային ռեսուրսների կառավարման արդյունավետ համակարգ։

«Հայաստան» դաշինքը մարտի 16-ի հավաքին հայտարարել է, որ քաղաքական ուժի վարչապետի թեկնածուն ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանն է։ ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հայտնել է, որ ՀՅԴ-ն և Քոչարյանը որոշում են կայացրել շարունակել համագործակցությունը։

Leave a Comment