Շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը առաջիկա օրերին վատ եղանակային պայմաններ է կանխատեսում և քամու խիստ ուժգնացում։
Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայությունն իր հերթին հորդորում է քաղաքացիներին ուժեղ քամու պայմաններում խստորեն պահպանել անվտանգության կանոնները։
Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը հորդորում է ուժեղ քամու դեպքում պահպանել անվտանգության կանոնները՝ խուսափել բաց տարածություններից, հատկապես այնտեղ, որտեղ կան բարձր և հին ծառեր, որոնք կարող են տապալվել։ Հարկ է լինել ուշադիր նաև մոտակա կառույցների նկատմամբ, քանի որ չամրացված կառուցատարրերը կարող են ընկնել։ Պետք է համոզված լինել, որ շրջակայքը զերծ է հնարավոր վտանգներից՝ ասված է Ոստիկանության փրկարար ծառայության հաղորդագրության մեջ։
ՇՄ նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը դեռ նախօրեին է նախազգուշացրել սպասվող վատ եղանակային պայմանների ու քամու ուժգնացման մասին։ «Ռադիոլուրի» հետ զրույցում Կենտրոնի տնօրեն Լևոն Ազիզյանը նախ մանրամասնեց.
«Հյուսիս-արևմուտքից ցուրտ ճակատի ներխուժմամբ պայմանավորված՝ ապրիլի 9-ին, 10-ին ողջ հանրապետությունում սպասվում են տեղումներ։ Շիրակում, Գեղարքունիքում, Լոռիում, Տավուշի նախալեռներում, Կոտայքի, Արագածոտնի և Վայոց ձորի լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով»։
Ըստ կանխատեսումների՝ ապրիլի 8-ին և 10-ին հենց այդ շրջաններում է սպասվում քամու ուժգնացում 24-27 մետր/վայրկյան արագությամբ։ Դա բավականին ուժեղ քամի է, որը կարող է զգալի վնասներ հասցնել՝ բացատրեց Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի ղեկավարը՝ նկարագրելով հնարավոր վնասները։
«Կոտրել ծառեր, առանձին հատվածներում արմատախիլ անել ծառերը, որովհետև 27 մետր/վայրկյան արագության քամին բավական ուժեղ է»։
Քամու ուժգնությունը չափվում է Բոֆորտի սանդղակով՝ 0-12 բալով։ Հայաստանում սպասվող 27 մետր/վարկյան քամու ուժգնացումն այս սանդղակով 7-9 բալ է և համարվում է ուժեղ քամի, որը կարող է վնասել անգամ շինությունների թույլ տանիքներ, պոկել թույլ ամրացված տարրեր, ջարդել ծառեր։
Հայաստանում նման ուժեղ քամիներ գրանցվել են, օրինակ, 2025 թ. դեկտեմբերին և 2023-ին, երբ քամիները պոկել են տանիքներ, վնասել դպրոցներ ու ենթակառուցվածքներ տարբեր մարզերում, իսկ Երևանում կոտրված ծառերը վնասել էին ավտոմեքենաներ։
Փրկարար ծառայությունն զգուշացնում է՝ ուժեղ քամու ժամանակ եթե գտնվում եք բաց տարածքում, արագ հարկավոր է տեղափոխվել անվտանգ վայր՝ ավելի ամուր կառույցների մոտ ու հնարավորինս մնալ ներսում։ Փողոցում հեռու մնացեք էլեկտրասյուներից և լույսի լամպերից, քանի որ մեծանում է դրանց ընկնելու ռիսկը։ Տանը գտնվելիս էլ պետք է ստուգել պատուհաններն ու դռները։ Դրանք պետք է ամուր փակված լինեն։ Եթե տան որևէ հատվածում կոտրված կամ բաց պատուհաններ կան, անհրաժեշտ է ամրացնել կամ փակել։ Փրկարար ծառայությունը նաև զգուշացնում է.
«Բացառեք «ծանր իրերի» օգտագործումը, ուժեղ քամիները կարող են վնասել բաց տարածքներում գտնվող ցանկացած առարկա։ Մի թողեք բաց տարածքներում կամ այգիներում «ծանր իրեր», օրինակ՝ շինանյութ, տանիքի թիթեղներ կամ կահույք, եթե կան նման իրեր, նախքան քամիները դրանք պետք է տեղափոխել անվտանգ վայր»։
Ավտոմեքենայում գտնվելիս հարկ է նվազեցնել արագությունը և փորձել կանգ առնել անվտանգ վայրում, ոչ ծառերի կամ բարձրահարկ շենքերի տակ։ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի ղեկավար Լևոն Ազիզյանը ընդգծում է, թե հատկապես որ մարզերում է պետք պահպանել զգոնություն.
«Հիմնականում՝ Շիրակում, Գեղարքունիքում, Լոռիում, Տավուշի նախալեռներում, Կոտայք, Արագածոտն, Վայոց ձոր և Սյունիք։ Երևանում քամիները կլինեն մինչև 20 մետր/վայրկյան արագության։ Նույնպես քամու ուժգնացում է, բայց նման ուժգնությամբ, ինչ-որ թվարկած մարզերում՝ ոչ»։
Փրկարար ծառայությունը խորհուրդ է տալիս արտակարգ դեպք-պատահարների դեպքում զանգահարել 112 հեռախոսահամարով։ Ուժեղ քամու հետևանքները հնարավոր է նվազեցնել միայն նախապատրված լինելով և անվտանգության կանոնների պահպանմամբ։