Ադրբեջանցիները ոչնչացրել են Ստեփանակերտի ծննդատան հարևանությամբ տեղադրված «Մայրություն» քանդակը

Այսօր՝ Մայրության և գեղեցկության տոնին, ցավով արձանագրում ենք, որ ադրբեջանական վարչակազմը ոչնչացրել է Ստեփանակերտի ծննդատան հարևանությամբ տեղադրված նկարիչ, քանդակագործ Լավրենտ Ղալայանի «Մայրություն» քանդակը։

Սա պարզապես մշակութային կորստի հերթական դեպք չէ։ Սա հետևողական քաղաքականության մաս է՝ ուղղված հիշողության, ինքնության և ներկայության վերացմանը՝ այն, ինչ կարելի է բնութագրել որպես “հայրենիքի ջնջում”։

Մոր և մանկան կերպարը՝ որպես կյանքի, շարունակության և հույսի համամարդկային խորհրդանիշ, ևս մեկ անգամ դարձել է թիրախ մի իրականության մեջ, որտեղ մշակույթը դիտարկվում է ոչ թե որպես արժեք, այլ որպես խոչընդոտ։

Այսպիսի գործողությունները ոչ միայն մշակութային վանդալիզմ են, այլ նաև հստակ ուղերձ՝ ջնջել մեզ մեր իսկ տարածքից, վերաձևել տարածքը՝ առանց հիշողության և առանց անցյալի։

Այս օրը մենք խոնարհվում ենք բոլոր մայրերի առջև, ովքեր կրել են պատերազմի, կորստի և տեղահանության ծանրությունը։

Եվ արձանագրում ենք՝ հիշողությունը չի կարելի ոչնչացնել։ Այն շարունակում է ապրել մարդկանց մեջ, խոսքի մեջ, մշակույթի մեջ:

Leave a Comment