Բաքուն արձագանքել է Պեսկովին՝ Ղարաբաղն Ադրբեջանի կազմում ճանաչելու հայտարարության առնչությամբ

Ադրբեջանի արտգործնախարարությունն արձագանքել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի հայտարարությանը, թե Ղարաբաղն Ադրբեջանի մաս ճանաչելու Հայաստանի որոշումն ընդունվել է առանց Մոսկվայի մասնակցության։

Բաքուն նշել է, որ այդ կապակցությամբ դիվանագիտական խողովակներով Ռուսաստանի նախագահի վարչակազմին, կառավարությանը և ԱԳՆ-ին են ներկայացվել Ադրբեջանի դիրքորոշումը՝ կապված «Ադրբեջանի ղարաբաղյան տարածաշրջանը քաղաքական շահարկումներում օգտագործելու անթույլատրելիության հետ» և իրենց ակնկալիքները նման գործողությունները դադարեցնելու վերաբերյալ:

Բաքուն շեշտել է, որ «ոչ մի երկիր, այդ թվում՝ Ռուսաստանը երբևէ կասկածի տակ չի դրել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, այդ թվում՝ ղարաբաղյան տարածաշրջանը»:

Մոսկվայում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ասել էր, որ երբ նա Պրահայում Լեռնային Ղարաբաղը ճանաչեց Ադրբեջանի մաս, դրանից հետո «ներադրբեջանական դարձած այս հարցին ՀԱՊԿ-ի միջամտությունը բոլորովին ճիշտ չէր լինի»: Փաշինյանն էլ, իր հերթին, հակադարձել էր, թե դա արել է միայն այն բանից հետո, երբ Ռուսաստանի ղեկավարն է երկու անգամ հրապարակային Ղարաբաղն Ադրբեջան անվանել:

Պեսկովը նախօրեին նշել է, որ իր երկիրը որևէ առնչություն չունի Հայաստանի իշխանությունների քայլի հետ՝ հավելելով՝ Մոսկվայում ակնկալում են, որ այս հարցը քննարկելիս ռուսական կողմին հղումներ չեն արվի։

Leave a Comment