Զելենսկին պատմել է Դամասկոսում Թուրքիայի և Սիրիայի մասնակցությամբ եռակողմ բանակցությունների մասին

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ապրիլի 5-ին Դամասկոսում «Ուկրաինա-Սիրիա-Թուրքիա» ձևաչափով եռակողմ հանդիպում է անցկացրել: Քննարկվել են պաշտպանական համագործակցության և պարենային անվտանգության հարցեր, հայտնում է РБК-Украина-ն:

Ըստ Զելենսկու, Դամասկոսում երկու հանդիպում է կայացել՝ երկկողմ՝ Սիրիայի նախագահ Ահմեդ ալ-Շարաայի և երկու առաջնորդների թիմերի մասնակցությամբ, ինչպես նաև եռակողմ: Վերջինիս մասնակցել են Ուկրաինայի, Սիրիայի և Թուրքիայի ներկայացուցիչները:

«Հասցրել ենք քննարկել ամեն ինչ՝ անվտանգության և պաշտպանության հարցերից ու Իրանի շուրջ իրադարձությունների պատճառով տարածաշրջանում տիրող իրավիճակից մինչև մեր երկրների միջև էներգետիկ և ենթակառուցվածքային համագործակցություն: Կշարունակենք աշխատանքը նաև պարենային անվտանգության ուղղությամբ»,- վստահեցրել է Զելենսկին:

Նա նշել է, որ քննարկվել է Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցային գործընթացը: Զելենսկին շնորհակալություն է հայտնել սիրիացիներին, որոնք այցի ընթացքում ողջունել են ուկրաինական պատվիրակությանը:

«Ուկրաինան առաջիններից էր, որ սատարեց նոր Սիրիային Ասադի վարչակարգի տապալումից հետո: Պատրաստ ենք նաև հետագայում աջակցել կայունությանն ու զարգացմանը: Էլ ավելի շատ կաշխատենք միասին, որպեսզի մեր ժողովուրդները, մեր երկրները լինեն ավելի ուժեղ, և որպեսզի մեր տնտեսությունները նույնպես կարողանան ավելի հզորանալ»,- հավելել է նա:

Հիշեցնենք, որ ապրիլի 5-ին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պաշտոնական այցով ժամանել էր Սիրիա՝ անվտանգության և տնտեսական փոխգործակցության շուրջ բանակցություններ վարելու համար: Սա ուկրաինական նախագահի առաջին այցն է Սիրիա 2002 թվականից ի վեր, երբ Ուկրաինայի այն ժամանակվա առաջնորդ Լեոնիդ Կուչման հանդիպում էր ունեցել այն ժամանակ դեռևս նախագահ Բաշար Ասադի հետ:

Ավելի ուշ Զելենսկին հայտնել էր, որ բանակցություններ է վարել Սիրիայի նախագահ Ահմեդ ալ-Շարաայի հետ: Ըստ Ուկրաինայի նախագահի, երկրների միջև հանդիպման արդյունքները պայմանավորվածություններն են, մասնավորապես՝ ռազմական փորձի փոխանակման, պաշտպանական համագործակցության և անվտանգության վերաբերյալ:

Leave a Comment