6 ապրիլի 2026 – 10:46 AMT
PanARMENIAN.Net – Լեռնային Ղարաբաղի պատկանելության վերաբերյալ որոշում են կայացրել Հայաստանի իշխանությունները, իսկ ՌԴ-ն կապ չունի, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Միակ բանը, որ ցանկանում է նախագահ Պուտինը, և որ ցանկանում է Ռուսաստանը, այն է, որ այս հարցը քննարկելիս ավելորդ հղումներ մեզ չլինեն: Ռուսաստանն այստեղ բացարձակապես որևէ առնչություն չունի», – ասել է նա «Վեստի» տեղեկատվական ծառայության հեղինակ Պավել Զարուբինին տված հարցազրույցում, գրում է Interfax.ru-ն:
Ադրբեջանում դժգոհություն է առաջացրել այն, որ ռուսական կողմը դեռևս անդրադառնում է Ղարաբաղի հարցին, «որը բացառապես Ադրբեջանի ներքին գործն է»: Այդ մասին ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ:
Նշվում է, որ Բաքուն դիվանագիտական ուղիներով Ռուսաստանի նախագահի աշխատակազմին, կառավարությանն ու ԱԳՆ-ին փոխանցվել է Ադրբեջանի դիրքորոշումը՝ «կապված Ղարաբաղը քաղաքական շահարկումների մեջ օգտագործելու անթույլատրելիության հետ, ինչպես նաև նման գործողությունների դադարեցման վերաբերյալ սպասումները», հայտնում է APA-ն:
«Չնայած դրան, տվյալ թեման շարունակում է հնչել ռուսական կողմի պաշտոնական քաղաքական դիսկուրսում։ Այսպես, Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը «Վեստի» հեռուստաալիքին տված հարցազրույցում, խոսելով ռուս-հայկական հարաբերությունների մասին, կրկին մեկնաբանել է այն հարցը, թե որ կողմն է՝ Ռուսաստանը, թե Հայաստանը, առաջինը ճանաչել Ղարաբաղի տարածաշրջանը որպես Ադրբեջանի մաս։
…Այն, որ Ղարաբաղի տարածաշրջանը հանդիսանում է Ադրբեջանի անբաժանելի մասը, հիմնված է ոչ թե որևէ պետության որոշման վրա, այլ պատմության, միջազգային իրավունքի և արդարության, ինչը ևս մեկ անգամ հաստատվել և վերջնականապես ամրագրվել է 2020 թվականի 44-օրյա պատերազմի և 2023 թվականի մեկօրյա հակաահաբեկչական միջոցառումների արդյունքում:
Կցանկանայինք ևս մեկ անգամ հիշեցնել ռուսական կողմին, որ ոչ մի երկիր, այդ թվում նաև Ռուսաստանի Դաշնությունը, երբեք կասկածի տակ չի դրել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ ներառյալ Ղարաբաղի տարածաշրջանը։
Կրկին ներկայացնում ենք ռուսական կողմին մեր սպասումները, որ Ադրբեջանի ինքնիշխանությանը վերաբերող հարցերը չեն դառնա հրապարակային քննարկման առարկա այն ժամանակահատվածում, երբ ռուս-հայկական հարաբերությունները գտնվում են բարդ փուլում», — նշված է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ։
Պուտինը Փաշինյանի հետ հանդիպմանն ասել է․ «Ամենազգայուն հարցը մինչ օրս՝ մենք դա հասկանում ենք, մենք հաճախ ենք այդ մասին խոսում, այն ամենն է, ինչ կապված է Ղարաբաղի հետ։ Մենք մշտապես այդ մասին խոսում ենք։ Եվ մենք գիտենք, որ թե՛ Ձեր, թե՛ Ձեր գործընկերների մոտ առաջացել են և մինչ օրս առաջանում են հարցեր և որոշակի դժգոհություններ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության՝ ՀԱՊԿ-ի նկատմամբ։ Մենք մշտապես վերադառնում ենք այս հարցին։ Բայց կարծում եմ՝ նաև ակնհայտ է, որ այն բանից հետո, երբ Դուք 2022 թվականին Պրահայում ընդունեցիք, որ Ղարաբաղն Ադրբեջանի մաս է կազմում, ՀԱՊԿ-ի միջամտությունն այս գործընթացին, որը ստացել է ներադրբեջանական երանգ, պարզապես բացարձակապես սխալ էր այդ հարցում՝ կապված Ղարաբաղի վերամիավորման հետ, եթե այն համարենք Ադրբեջանի մաս․ սա գնահատական չէ, ես չեմ ասում, որ սա լավ է կամ վատ, խաղաղ կյանքի կազմակերպման տեսանկյունից, կարծում եմ, որ, հավանաբար, դա իմաստ ուներ»: