Դավիթ Մինասյանին տեղափոխել են Նաիրի ԲԿ, շնչաhեղձություն ունի, եղունգները սկսել են սևանալ. Փաստաբանի ահազանգը

Դավիթ Մինասյանին տեղափոխել են Նաիրի ԲԿ, շնչահեղձություն ունի, եղունգները սկսել է սևանալ: Այս մասին, այսօր՝ ապրիլի 3-ին, լրագրողների հետ զրույցում ասել է փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը:

«Երեկ կեսօրին պաշտպան Էլբակյանը այցելել էր Դավիթին, նկատել էր, որ լավ չի զգում իրեն, գլխացավեր ու շնչահեղձություն ունի: Երեկոյան ուշ ժամի նորից այցելեցինք, էլի գանգատներ ուներ: Առավոտյան մեզ տեղեկացնում են, որ իրեն Աբովյան ՔԿՀ են տեղափոխել, պատճառը՝ մեզ հասած տեղեկություններով, իբր ուսման հետ կապված հարցերն են ուզում կարգավորել, բայց դա այն դեպքում, երբ մենք 2 օր է ահազանգում ենք, որ տեղափոխեն հիվանդանոց, վիճակը լավ չէ:

Աբովյան ՔԿՀ-ում ինքնազգացողությունը վատացել էր, տեղափոխեցին Աբովյան բժշկական կենտրոն, այնտեղից էլ տանում են Նաիրի ԲԿ: Ֆիքսել եմ, որ Դավիթի եղունգները սկսել էր սևանալ, տանում են Նաիրի ԲԿ, քանի որ ինքը այնտեղ է վիրահատությունները անցել, ինչպես նաև վերջին հետազոտություններն ու ստացիոնալ բուժումը»,- նշել է նա:

Անդրադառնալով Վերաքննիչ բողոքին՝ Լուսինե Մարտիրոսյանը նշել է, որ այն երևի այսօր կհասնի Վերաքննիչ դատարան, սպասում են մակագրությանը:

Նշենք, որ այսօր առավոտյան Դավիթ Մինասյանին «Արմավիր» ՔԿՀ-ից տեղափոխել էին «Աբովյան» ՔԿՀ. «Տեղափոխման հիմքում ընկած է անձի լավագույն շահը, հաշվի է առնվել ազատությունից զրկված անձի տարիքը և միջնակարգ կրթության շարունակականության ապահովման կարևորությունը»,-ասել էր  ՀՀ ԱՆ Քրեակատարողական ծառայության մամուլի խոսնակ Նոնա Նավիկյանը։

Դրանից քիչ անց Դավիթի ինքնազգացողությունը վատացել էր և նրան տեղափոխել էին «Աբովյան» ԲԿ։

Հիշեցնենք, որ մարտի 29-ին Սուրբ Աննա եկեղեցում Փաշինյանի մասնակցությամբ միջադեպ է եղել, Փաշինյանի թիկնապահները նախ հրելով ճանապարհ են բացել, իսկ երբ երիտասարդը նշել է, որ ուզում է իր տեղում կանգնած մնալ՝ վեճ է ծագել։ Ավելի ուշ ոստիկանները ուժի կիրառմամբ եկեղեցուց բերման են ենթարկել  երիտասարդներին։

Այս գործով 3 անձ ձերբակալվել է, նրանից երկուսը 18 տարեկան երկվորյակ եղբայրներ են՝ Դավիթ ու Միքայել Մինասյանները, երրորդը հասարակական գործիչ Գևորգ Գևորգյանն է։

Փաստաբան Լուսինե Մարտիրոսյանի խոսքով եղբայրներն ունեն բանտարկության հետ անհամատեղելի հիվանդություն։

18-ամյա դպրոցական Դավիթ Մինասյանը 2 ամսով կալանավորվել է, նրա եղբայր Միքայել Մինասյանի նկատմամբ կիրառվել է չբացակայելու արգելքը։ Նույն գործով անցնող հասարակական գործիչ Գևորգ Գևորգյանը ևս ազատ էր արձակվել 5 մլն գրավի դիմաց։

Leave a Comment