Նիկոլ Բալիվիան. Ներգաղթյալների ձայների նկարահանումը

ԵՐԵՎԱՆ-ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍ – Ամերիկյան սցենարիստ եւ ռեժիսոր Նիկոլ Բալիվիանը ծնունդով Վաշինգտոնից է: Ուսանել է Ամերիկյան համալսարանի Կինոյի եւ մեդիաարվեստների բաժնում, համագործակցել «Ուորնըր բրադերս» հեռուստաընկերության, «Յունիվերսալ փիքչըրս» կինոստուդիայի եւ անկախ կինոնախագծերի հետ: Նրա «Յեմմա» սցենարը 2022 թվականին «Բլյու քաթ» սցենարական մրցույթում արժանացել է մրցանակի, իսկ «Քնելով քարերի վրա» սցենարն ընտրվել է հեղինակավոր «Սանդանսի սցենարական լաբորատորիա» ծրագրի համար: Գրել եւ բեմադրել է «Ջոն եւ շալը» կատակերգական կարճամետրաժ ֆիլմը, որը 2021-ին Նյու Յորքի «Կանայք կինոյում եւ հեռատեսիլում» մրցույթում շահել է գլխավոր, իսկ 2020-ին «ՎՈՔՍ» կանանց փառատոնում՝ հանդիսատեսի մրցանակը:

Նիկոլ Բալիվիանի առաջին լիամետրաժ ֆիլմը՝ «Ուղեւորություն Զիգզիգլանդը» (2007), նկարահանված Լոս Անջելեսում եւ Պաղեստինում, արժանացել է բազմաթիվ միջազգային փառատոների մրցանակների:
 

-Սիրելի՛ Նիկոլ, հիշում եմ ձեր «Ուղեւորություն Զիգզիգլանդը», որը ցուցադրվեց մեր «Ոսկե ծիրան» փառատոնում: Ինձ շատ տպավորեցին ֆիլմի հումորը եւ գլխավոր հերոսը՝ պաղեստինցի տաքսիստը, որի ճակատագիրն անտարբեր չի թողնում: Ձեր ստեղծագործություններն ընդգրկում են կատակերգություն, դրամա եւ միջազգային միջավայրեր: Ինչպե՞ս են ձեր անձնական փորձառությունն ու մշակութային նախապատմությունն ազդում ձեր ընտրած պատմությունների վրա:

-«Զիգզիգլանդը» գրելիս օգտվել եմ ոչ միայն իմ անձնական փորձառությունից: Միացյալ Նահանգներում ներգաղթյալի փորձառության մեջ այնքա՜ն շատ անհեթեթություններ կան: Ես մեծացել եմ Վաշինգտոնում՝ շրջապատված մարդկանցով, որոնց ծնողները ներգաղթյալներ էին: Յուրաքանչյուր ընտանիք ուներ հարմարվելու իր պատմությունը՝ լի հումորով, ցավով, զոհաբերությամբ եւ ընտանիքի հանդեպ սիրով: Շատ բաներ, բնականաբար, համընդհանուր են: Օրինակ, հիմա աշխատում եմ «Ուղեբեռ» վերնագրով սցենարի վրա, որը վերաբերում է տարբեր մարդկանց՝ Ամերիկայից իրենց հայրենիք տանող ուղեբեռների հետ կապված պատմություններին: Այստեղ ապրող բոլոր ներգաղթյալները, վերադառնալով տուն, ստիպված են մի լրացուցիչ ճամպրուկ վերցնել՝ նվերներով, դեղերով, ծխախոտով՝ ազգականների, ընկերների եւ ինչ-որ մեկի հորեղբոր համար, որն ապրում է երկու գյուղ հեռու: Բոլորի պատմությունը նույնն է, պարզապես նույն ծիծաղելիությունը՝ տարբեր լեզուներով:

Թեեւ դուք ծնվել եք Միացյալ Նահանգներում, ձեր ստեղծագործության մեջ կենտրոնական տեղ են զբաղեցնում Մերձավոր Արեւելքի թեմաները: Ձեր կերպարները հաճախ հրեաներ եւ պաղեստինցիներ են, որոնց հակամարտությունը կարծես հավերժական է: Ինչպե՞ս են արձագանքել այդ համայնքները ձեր ֆիլմերին, եւ, ըստ ձեզ, ձեր ստեղծագործությունը կարո՞ղ է առողջ երկխոսություն խթանել նրանց միջեւ:

-Տարիների ընթացքում հանդիսատեսից ընդհանուր առմամբ դրական արձագանք եմ ստացել: Իրականում միայն մեկ անգամ եմ դիմադրության հանդիպել՝ «Զիգզիգլանդի» հարց ու պատասխանի ժամանակ Սանտա Բարբարայի կինոփառատոնում, երբ մի հանդիսատես ակնարկեց, թե իբր ես հակահրեա եմ: Կատակերգությունը հրաշալի միջոց է՝ փոխանցելու այնպիսի գաղափարներ, որոնց մասին դժվար է խոսել, ինչպիսիք են, օրինակ, քաղաքական հարցերը: Ծիծաղի միջոցով կարող ենք ամեն ինչին այլ տեսանկյունից նայել: Կարող ենք ազատորեն մարտահրավեր նետել ընդունված կարգին: Ի վերջո, ոչինչ չի համեմատվի այն պահի հետ, երբ լսում ես հանդիսատեսի ծիծաղը՝ չիմանալով նրանց ինքնությունը:

Ձեր ֆիլմերն ուսումնասիրում են ինքնության եւ արտագաղթի խնդիրները: Այսօրվա Ամերիկայում ներգաղթի հարցերը նոր փուլ են մտել՝ ավելի խիստ քաղաքականության պատճառով: Կարո՞ղ է այս իրավիճակը նոր պատմությունների աղբյուր դառնալ, նույնիսկ եթե դժվար լինի դրանք հումորով ներկայացնելը:

-Այն, ինչ տեղի է ունենում ԱՄՆ-ում Ներգաղթի եւ մաքսային ծառայության հետ կապված, արագ անկում ապրող կայսրության ախտանիշ է: Նմանատիպ ֆաշիզմի սարսափները նույնիսկ ամերիկացիները դեռ լիովին չեն գիտակցում: Ոչ միայն բացահայտ սպանություններ են տեղի ունեցել, այլեւ որոշ երեխաներ փախստականների ճամբարներում բուժօգնության կարիք ունեն: Ես չափազանց ցնցված եմ, որպեսզի նույնիսկ կարողանամ ամբողջությամբ ընկալել այս լուրերը:

Լինելով «Չորրորդ մշակույթի երեխա»*՝ ինչպե՞ս է տարբեր մշակույթների մեջ մեծանալը ձեւավորել այն պատմությունները, որոնք ցանկանում եք պատմել:

-Այո՛, Ամերիկա ներգաղթած մարդու երեխան յուրացնում է ծնողների հայրենի մշակույթը, հետո՝ ամերիկյանը, եւ արդյունքում ապրում է դրանց խառնուրդով: Այս խառն ինքնության շնորհիվ ես շատ ընդհանրություններ ունեմ իմ ընկերների մեծ մասի հետ, որոնց ծնողները նույնպես ներգաղթյալներ են եւ դրա մեջ մենք ճանաչում ենք միմյանց՝ ընդհանուր բաներ գտնելով մեր ծնողների մշակույթների միջեւ: Այդ պատճառով ես հաճախ ավելի լավ հասկանում եմ որեւէ մշակույթ, որին իրականում չեմ պատկանում, քան այն սովորական ամերիկացին, որի նախնիներն Ամերիկա են եկել 1620 թվականին, «Մեյֆլաուըր» նավով:

Բալիվիան» ազգանունը հայկական չի հնչում: Կարո՞ղ եք պատմել ձեր նախնիների մասին:

-Հետաքրքրական է, որ, ըստ ձեզ, այն հայկական չի հնչում, որովհետեւ ինձ ամբողջ կյանքում հակառակն են ասել: Մեր ընտանիքում կան մի քանի սիրող ծագումնաբաններ, որոնք փորձում են գտնել մեր ճշգրիտ հայկական արմատները: Նրանք պարզել են, որ մեր նախնիները պետք է տեղափոխված լինեն Իսպանիա մոտավորապես 18-րդ դարում, որտեղից էլ մեկնել են Հարավային Ամերիկա:

Ըստ Վարդան Մատթեոսյանի, որն ուսումնասիրել է Իսպանիայի եւ Լատինական Ամերիկայի հայերի պատմությունը, Բալիվիանների տոհմն Իսպանիայում գոյություն է ունեցել մոտավորապես 9-րդ դարից, ունի բասկյան ծագում, եւ Բոլիվիայի Բալիվիանները ծագում են այնտեղից: Նրանց տոհմածառի ուսումնասիրությունը հայկական որեւէ հեռավոր հետք ցույց չի տալիս: Այնուամենայնիվ, ունե՞ք կապեր հայ մշակույթի եւ արվեստագետների հետ:

-Իհարկե, ես ընկերություն եմ անում Լոս Անջելեսում ապրող մի շարք հայ կինոգործիչների եւ երաժիշտների հետ: Այստեղ է հայկական ամենաբազմամարդ համայնքներից մեկը: Այստեղի հայերը պնդում են, որ ես հայ եմ: Մի անգամ «Սաքս ֆիֆթ ավենյու» խանութում աշխատող մի կին ինձ պատմեց, թե որտեղից է իմ ընտանիքը (այժմ Թուրքիայում գտնվող մի հին գյուղից) եւ ասաց, որ իբր կա իմ ազգանվամբ գիտական մի ինստիտուտ: Իսկ երբ առաջին անգամ հանդիպեցի մեր մալուխներ տեղադրող հային, ու նա իր այցեքարտը տվեց ինձ, երկուսով սկսեցինք ծիծաղել: Նրա անուն-ազգանունը «Nigol Balivian» էր:

Իսկապես զվարճալի է… Հնարավո՞ր է, որ մի օր հայկական թեմայով որեւէ նախագիծ իրականացնեք:

-Ես մեծ հաճույքով հայկական որեւէ նախագծի համարտադրող կլինեմ, եթե դրա համար լավ հնարավորություն ստեղծվի:

Իսկ այժմ ինչի՞ վրա եք աշխատում: Դարձյալ կապ կա՞ Մերձավոր Արեւելքի հետ:

-Այս պահին ավարտում եմ մի կարճամետրաժ ֆիլմի ֆինանսավորման ապահովման գործընթացը: Այն տեսողական է դարձնում ազատ Պաղեստինի գաղափարը: Ֆիլմը կոչվում է «Կանչը» եւ ներկայացնում է այն պահը, երբ մենք հեռախոսազանգ ենք ստանում եւ տեղեկանում, որ Պաղեստինն ազատագրվել է: Մենք ուզում ենք փոխել պատմության ներկայացման ձեւը: Ուզում ենք ներմուծել նոր, կենսուրախ զգացում, ինչը մեզ կօգնի հաղթահարել մահն ու ավերածությունը: Քանի որ գիտենք, որ ապագան պատկանում է ազատությանը՝ անկախ այն բանից, թե այսօր ով է դրան խոչընդոտում…

* «Չորրորդ մշակույթի զավակ» անվանում են այն մարդկանց, որոնք մանկության ընթացքում մեծանում են մի քանի մշակույթների ազդեցության ներքո՝ արդյունքում ձեւավորելով մի առանձին, խառը ինքնություն, որը լիովին չի համընկնում ո՛չ ծնողների, ո՛չ իրենց բնակած երկրի մշակույթի հետ:

ԱՐԾՎԻ ԲԱԽՉԻՆՅԱՆ

Leave a Comment