Ջոկերը՝ հրապարակի գորգին․ ադրբեջանական վերակացուի և հայկական իշխանության դիլեման

Առաջիկա ընտրությունները քաղաքական գաղափարախոսությունների, ռազմավարությունների ու ծրագրերի հետ գրեթե կապ չեն ունենալու: Այս ընտրությունները տեսակային ընտրություններ են: Մարդիկ ընտրելու են կա՛մ Հայաստանի գունավոր քարտեզի մակետով փաթեթավորված ադրբեջանական պարտադրանքը՝ ի դեմս ՔՊ-ի, կա՛մ քվեարկելու են դա թույլ չտալու համար իրական թվացող ցանկացած այլ առաջարկի օգտին:

Դա չի նշանակում, թե քաղաքական գաղափարներն ու նախընտրական ծրագրերը կարևոր չեն: Պարզապես դրանց կարևորության իրացման համար անհրաժեշտ է մեկ պայման՝ Նիկոլ Փաշինյանը պետք է զրկվի իշխանությունից: Որևէ այլ տարբերակում ամենահաշվարկված ռազմավարություններն ու փաստարկված ծրագրերն անգամ ունենալու են զրոյական նշանակություն: Որովհետև եթե ոչ իշխանական ծրագրերը կառուցված են հակաադրբեջանական կոնցեպտի հիման վրա, ապա ՔՊ-ի՝ թեկուզ երերուն իշխանություն ունենալու դեպքում դրանք չեն կարող կյանքի կոչվել:

Սա նշանակում է, որ քաղաքացիները քվեարկելու են միանգամայն այլ շարժառիթներով, քան ընդունված է ստանդարտ ընտրություններում: «Ադրբեջանական վերակացու կամ հայկական իշխանություն» դիլեման ծրագրային որևէ չափման չի ենթարկվում։ Տեսակային ընտրությունը նշանակում է նաև, որ մարդիկ արդեն իսկ այսօր կայացրել են իրենց որոշումը և չեն ընտրելու ՔՊ-ին որևէ դեպքում, անգամ, եթե նախընտրական փուլում Նիկոլ Փաշինյանը քաղաքական կրկեսի շրջանակներում Կառավարության առջև հանդես գա իրական ծաղրածուի կերպարանքով ու թավալվի հրապարակի գորգին:

Նույն մեխանիզմը, ցավոք, գործում է նաև հակառակ ուղղությամբ: Կուկուռուզի հետ հաշտ քաղաքացիները չեն հրաժարվելու իրենց որոշումից, եթե ընդդիմադիր ուժերը հրապարակեն Փաշինյանի ինքնախոստովանությունը դավաճանության կամ կոլաբորացիոնիզմի մասին: Մարդկանց մեծ մասն արդեն այսօր կայացրել է իր որոշումը, և հունիսի 7-ը լինելու է ընդամենն այդ որոշումը դակելու ակտ: Հաշվի չնստել այս իրողության հետ և առաջիկա 2 ամիսներին շարունակել ստանդարտ նախընտրական արշավը, նշանակում է՝ արդեն իսկ այսօր ապահովել իշխանության վերարտադրությունը:

Գիտակցված թե ակամայից՝ հունիսի 8-ին լինելու է անկարևոր: Այս հեռանկարը կանխելու միայն մեկ հնարավորություն կա, որը, սակայն, ընդդիմադիր կուսակցություններն՝ առանձին-առանձին, ու ընդդիմությունը՝ միասին վերցրած, դեռևս չեն օգտագործում: Այդ միակ շանսը տեսակային պայքարում ստորացումը մերժող մարդկանց ընդվզման էներգիան զանգվածային անհնազանդության միջոցով քաղաքական պրոցեսի վերածելն է: Եվ դա կարող է ֆունկցիա ունենալ միայն մինչև հունիսի 7-ը:

Առջևում կա երկու ամիս, և եթե ընդդիմությունը կարողանա այդ ամիսները դարձնել ոչ թե մեկանգամյա թեկուզև բազմամարդ հանրահավաքների, այլ բողոքի ակցիաների շարունակական, անընդհատ ամիսներ, ապա հունիսի 7-ին հրապարակի էներգիան ընտրատեղամասում կարող է էլեկտորալ արդյունքի վերածվել: Հարցն այն չէ, որ բազմամարդ փողոցը թվաբանորեն տեղափոխվելու է ընտրատեղամաս:

Հրապարակի բազմամարդության գլխավոր գործառույթն այն է, որ պետական մեքենային կարող է հետ պահել՝ կատարելու իշխանության հանցավոր հրահանգները: Տեսակային պայքարում հաղթելու այլ հնարավորություն գործնականում չի մնացել նաև այն պատճառով, որ իշխանությունը պատկանում է այն տեսակին, որի գոյության նպատակը հայկականության որևէ նշույլ կրող տեսակի վերացումն է:

Հարություն Ավետիսյան

Leave a Comment