ՀՀ ներքին գործերին խառնվելու փորձ չի եղել․ Փաշինյանը՝ մոսկովյան այցի մասին

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոսկովյան այցից Հայաստանի քաղաքական և վերլուծական դաշտին հասանելի դարձավ ընդամենը 20 րոպեն։ Հայաստանի վարչապետը դրական է գնահատել Մոսկվա կատարած այցն ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունները։ Օրակարգի բոլոր ուղղություններով ձեռք են բերվել կոնկրետ պայմանավորվածություններ՝ մշակույթից մինչև  ռազմատեխնիկական գործակցություն՝ ասել է վարչապետը։ Հանդիպումը, սակայն, քննարկումների առանցքում է ոչ միայն պայմանավորվածությունների, այլև բաց  երկխոսության ու նկատված ազդակների տեսանկյունից։

Փաշինյան–Պուտին հանդիպումը հանրային տիրությում քննարկվում է ոչ միայն բովանդակության, այլև տպավորությունների տեսանկյունից։ Ոմանք նկատել են ջերմ և/կամ աշխատանքային մթնոլորտ առանց գրկախառնության, բայց ձեռքսեղմումով և ժպիտներով։ Մյուսները Պուտինի հայացքում ընդգծված սառնություն են նկատել՝ ենթադրելով, որ ժպիտները պրոտոկոլային էին։

Մոսկովյան մեկօրյա աշխատանքային այցից Հայաստանի վարչապետը գոհ է վերադարձել․

«Մի շարք ուղղություններով ձեռք ենք բերել կոնկրետ պայմանավորվածություններ։ Գործնականում մեր օրակարգի բոլոր ուղղություններով ենք ձեռք բերել կոնկրետ պայմանավորվածություններ` մշակույթից սկսած ռազմատեխնիկական համագործակցությունով ավարտված։ Այցը գնահատում եմ շատ հաջող»։

Հանդիպման արտասովոր դրվագներից էր արարողակարգային երկար տեսագրության հրապարակումը՝ ներածական խոսքերով, որոնք նախանշում էին քննարկման ողջ օրակարգը։ Որպես ընդունող կողմ ՌԴ նախագահը բացեց քննարկումը՝ միանգամից անդրադառնալով Հայաստանում թափ առնող ներքաղաքական ծավալումներին։ Նա հույս հայտնեց, որ ընտրական գործընթացը որևէ կերպ չի վնասի Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններին։ Վլադիմիր Պուտինը նախ ընդգծեց՝ ՌԴ–ում ավելի քան 2 մլն հայ է բնակվում, ապա նկատեց, որ Հայաստանում շատ ընկերներ ունեն․

«Եվ կան բազմաթիվ քաղաքական ուժեր, որոնք ռուսամետ դիրքորոշում ունեն։ Իհարկե, ես Ձեզ ուղիղ կասեմ՝ մեր միջև այնպիսի երկխոսություն է, որ մենք միշտ խոսում ենք ազնվորեն։ Մենք շատ կցանկանայինք, որ բոլոր կուսակցությունները, քաղաքական գործիչները կարողանային մասնակցել ներքաղաքական աշխատանքին ընտրությունների ընթացքում։ Ոմանք, գիտեմ, ազատազրկման վայրերում են, թեև ունեն ՌԴ անձնագիր։ Դա Ձեր որոշումն է, մենք չենք միջամտում, բայց կցանկանայինք, որ նրանք առնվազն կարողանային մասնակցել այս ներքաղաքական գործընթացին»։

Ուղիղ և բաց խոսակցության ընթացքում Հայաստանի վարչապետը ՌԴ նախագահին տեղեկացրեց, որ Հայաստանում ազատազրկման վայրերում քաղաքական գործընթացների մասնակիցներ չկան։

Վարչապետ Փաշինյանը նախագահ Պուտինի ուշադրությունը հրավիրեց նաև այն հանգամանքի վրա, որ ՀՀ սահմանադրության համաձայն՝ վարչապետի ընտրություններին կարող են մասնակցել միայն այն քաղաքացիները, որոնք ունեն բացառապես հայկական անձնագիր․

«Ամենայն հարգանքով, բայց ռուսական անձնագիր ունեցող անձինք, Հայաստանի Հանրապետության սահմանադրության համաձայն, չեն կարող լինել ո՛չ պատգամավորի թեկնածու, ո՛չ վարչապետի։ Այստեղ որևէ սահմանափակում չկա»։

Արդեն Երևանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ վարչապետ Փաշինյանն անդրադարձավ հարցին, թե ինչու է ՌԴ նախագահը թույլ տալիս իրեն խառնվել ՀՀ ներքին գործերին․

«Գիտեք, ես կարծում եմ` Ռուսաստանի նախագահը, առավել ևս հաշվի առնելով երկրի մասշտաբները և այն օրակարգը, որին ամեն օր առնչվում է, պատասխանատու է ոչ միայն իր երկրի օրակարգի համար, այլև միջազգային առանցքային դերակատարներից մեկն է, ինքը ցանկության դեպքում էլ չի կարող այդ մանրամասների մեջ մտնել։ Այսինքն` ինքը պիտի այդքան մանրամասն ուսումնասիրե՞ր Հայաստանի սահմանադրությունը և օրենքները։ Իհարկե ո՛չ։ Շատ դեպքերում ես էլ, երբ տեղեկություններ եմ փոխանցում, ոչ թե իմ անձնական հետազոտության արդյունքում ձեռք բերած տեղեկությունն եմ փոխանցում, այլ՝ ինձ զեկուցված տեղեկությունը և կարծում եմ, որ այդ նրբության մասին առնվազն իրեն տեղյակ չէին պահել։ Այդքան բան, և այն ինչ չէր արվել, ես պարզապես իրեն տեղյակ պահեցի, որ այդպիսի նրբություն կա»։

ՌԴ նախագահի պահվածքում և խոսքում նկատված ազդակների առումով արտառոց ոչինչ չի նկատել ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։ Հայաստանի առաջիկա ընտրություններին ուղիղ առնչվող զրույցի հատվածը նա չի համարում Հայաստանի ներքին գործերին միջամտելու փորձ․

«Եթե երկու երկրների ղեկավարներ հանդիպում են, համարում են, որ իրենց մեջ անկեղծ զրույց է տեղի ունենում, յուրաքանչյուրն ունի իր մտահոգությունը, որը երկուստեք արտահայտվում է։ Ես դրանից հետո չեմ լսել կողմերից, այդ թվում նաև Նիկոլ Փաշինյանից հայտարարություն առ այն, որ դա մեր երկրի ներքին գործերի միջամտություն է եղել։ Ինչ վերաբերում է առհասարակ Ռուսաստանին, արևմտյան որևէ երկրի կամ ցանկացած երկրի ՀՀ–ում որևէ ձևով ներկայություն կամ միջամտություն ունենալուն, ապա ես չունեմ շատ ավելի մեծ բան ասելու, քան այն է, ինչը սահմանում են Հայաստանի օրենքներն ու սահմանդրությունը։ Այդ տեսանկյունից պետք է գնահատել Ռուսաստանի ղեկավարի հայտարարությունները, Արևմուտքի, միջազգային տարբեր կառույցների մասնակցության կամ ակտիվության գործոնըդրանք տեղավորվո՞ւմ են Հայաստանի օրենքների և սահմանադրության մեջ, թե ոչ»։   

«Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը նախ փորձում է հասկանալ, թե ինչու էր կազմակերպվել Նիկոլ Փաշինյանի մոսկովյան այցը․

«Փաշինյանը պետք է փորձի 21 թվականի էֆեկտը ստանալ։ 21 թվականի էֆեկտը հետևյալն էր, որ այստեղ բոլոր փողոցները փակ էին՝ կենտրոնական հրապարակի, Բաղրամյան, Դեմիրճյան փողոցները, պառլամենտը շրջափակված էր։ Նախագահ Պուտինն ասաց` «Նիկոլը դավաճան չէ»։ Փաշինյանը փորձում էր ստանալ դրա երկրորդ սերիան ռուսներից, բայց ռուսները որոշեցին, որ այդ երկրորդ սերիան բաց խաղան»։

Ընդդիմադիր դաշտում տեսակետ կա նաև, որ Հայաստանի վարչապետի մոսկովյան այցը կապված է տարածաշրջանային խնդիրների հետ՝ Իրանի դեմ սանձազերծված պատերազմի անարդյունավետության պատճառով։ Ըստ այդ գնահատականների՝ որոշ սցենարների դեպքում Արևմուտքի ներկայությունը տարածաշրջանում թուլանալու է, և դա է պատճառը, որ Հայաստանն այս փուլում փորձում է կիրառել իր բալանսավորման քաղաքականությունը։

Leave a Comment