«Սրբազան պայքար»-ի գործով պաշտպանները դատարանին միջնորդեցին ԱԱԾ-ից պահանջել այն օպերատիվ տվյալները, որոնց հիման վրա հետագայում գաղտնալսումներ են իրականացվել։ Դատարանը ոչ բավարարեց, ոչ էլ մերժեց այս միջնորդությունը` հայտարարելով, որ քննությունը կհետաձգվի, և երբ ապացույցների ծավալը սպառվի, դատարանն անմիջապես քննության կառնի միջնորդությունը։
Նման միջնորդություն դատարանին դեռևս նախորդ դատական նիստին ներկայացրել էր Բագրատ Սրբազանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը՝ պահանջելով այդ նյութերը կցել վարույթի նյութերին և հետազոտել։ Իսկ եթե այդպիսի նյութեր դատարանին չտրամադրվեն, գործով ձեռք բերված բոլոր ապացույցները անխտիր ճանաչել ոչ թույլատրելի՝ ապօրինի քրեական վարույթի պատճառով ձեռք բերված լինելու իրավական հիմքով։
Հիշեցնենք՝ այս գործով մեղադրյալները 18-ն են։
Ըստ մեղադրանքի՝ նախնական համաձայնությամբ խմբի կազմում նրանք ձեռք են բերել ահաբեկչություն կատարելու և իշխանությունը զավթելու համար անհրաժեշտ միջոցներ և գործիքներ, ինչպես նաև դիտավորությամբ ստեղծել են այլ պայմաններ՝ այդ կերպ կատարելով իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն։
«Դատարանը թույլտվություն է տվել անձանց գաղտնալսելու և, ըստ իրավապահների, հայտնաբերվել են անփոխարինելի ապացույցներ։ Ի սկզբանե անձինք ապօրինաբարար գաղտնալսվել են։ Առաջին 4 ամիսների գաղտնալսումները և դրա հիման վրա հաջորդական գաղտնալսումները տեղի են ունեցել գոյություն չունեցող վարույթի նյութերում օպերատիվ տվյալների հիման վրա»,- հայտնել էր պաշտպանը։
Հանրային մեղադրող Հայկ Հովհաննիսյանը միջնորդության վերաբերյալ դիրքորոշում հայտնելու համար ժամանակ էր խնդրել դատարանից։
Այս դատական նիստին հանրային մեղադրողն ասաց, որ դատարանն արդեն իսկ սահմանել է ապացույցների հետազոտման ցանկը, և կարծում է, որ ներկայացված միջնորդությունն այս փուլում պետք է մերժվի կամ հետաձգվի այն պատճառաբանությամբ, որ դեռևս հետազոտված չեն քննարկվող որոշմանը և դրա արդյունքում ստացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքներին վերաբերող ապացույցները։
Պաշտպան Հովհաննես Խուդոյանը պնդեց՝ քրեական գործն ի սկզբանե ապօրինի է նախաձեռնվել։
«Այն պարագայում, երբ իրավապահ մարմինները չեն ունենում վարույթ նախաձեռնելու կամ անձանց գաղտնալսելու իրավունքները սահմանափակելու օրինաչափ հիմքեր, դրան հաջորդող բոլոր գործողությունները դառնում են ապօրինի։ Արդյոք էս գործի նախաձեռնումը եղել է օրինական։ Այդ տվյալը չներկայացվելու պարագայում գործի քննությունն ընդհանրապես առարկայազուրկ է դառնալու։ Եթե դատարանին մերժեն, ասեն՝ չկա այդպիսի տվյալ, բնականաբար, հաջորդ միջնորդությունը պետք է լինի գործն իսկույն կարճելը»,- ասաց պաշտպանը՝ հայտնելով, որ հանրային մեղադրողի դիրքորոշումն իր համար իրավական տեսանկյունից հասկանալի չէ, միայն քաղաքական տեսանկյունից է հասկանալի։
Հանրային մեղադրողն էլ պնդեց՝ միջնորդությունը պետք է մերժել կամ հետաձգել դրա հետազոտումը և խորհուրդ տվեց պաշտպան Խուդոյանին գուշակություններով չզբաղվել։
Դատավոր Կարեն Ֆարխոյանը հայտնեց, որ միջնորդությունը մի փաստաթղթի վերաբերյալ է, որը դրված է այլ փաստաթղթերի հիմքում, այդ փաստաթղթերը ենթակա են հետազոտման, և դատարանը որոշում է կայացրել ապացույցների ծավալը սահմանել։ Բնականաբար, այդ ապացույցը պետք է հետազոտվի։ Սակայն դատարանը որոշեց, որ այս փուլում այն չի կարող քննության առարկա դառնալ, առավել ևս՝ դատարանի կողմից պահանջ չի կարող ներկայացվել։
«Այդ ապացույցի ձեռք բերումը կարող է կատարվել դատարանի կողմից արդեն իսկ սահմանված ապացույցների ավարտելուց և այդպիսի միջնորդություն ներկայացնելուց հետո»,- նշեց դատավորը։
Հաջորդ դատական նիստը նշանակվել է ապրիլի 9-ին։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter