ՀՀ-ում Իրանի դեսպանն անդրադարձել է Մերձավորարևելյան հակամարտության հանգուցալուծման հեռանկարներին

Մերձավորարևելյան հակամարտության պարագայում Իրանը ցուցաբերում է այնպիսի ռազմավարություն, որի հիմքում պետք է լինի նոր բանաձևի ընդունում. ըստ այդմ՝ Իրանը պետք է ամեն ինչ անի, որպեսզի հետագայում թույլ չտա իր նկատմամբ նմանօրինակ ագրեսիայի իրականացում։ «Արմենպրես»-ի հետ բացառիկ հարցազրույցում այդ տեսակետը հայտնեց ՀՀ-ում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին՝ անդրադառնալով հակամարտության ներկա փուլին և այդ համատեքստում այն հարցին, թե ինչպես է Իրանը դիմակայում այս փորձությանը։

«Պատերազմական գործողություններն ավելի երկար տևեցին, քան մտածում էին ԱՄՆ-ն և Իսրայելը։ Նրանց պատկերացմամբ՝ Իրանը պետք է լիներ թույլ թե՛ ներքին, թե՛ արտաքին ճակատներում, ինչը հնարավորություն կտար մի քանի օրվա ընթացքում հաղթել այս պատերազմում, սակայն նման բան տեղի չունեցավ։ Ամերիկյան կողմը շատ սխալ պատկերացում ուներ Իրանի մասին։ Այս ընթացքում Դոնալդ Թրամփի հակասական, իրարամերժ հայտարարությունները նույնպես վկայում են այդ մասին։ Կարելի է ասել, որ ԱՄՆ-ն ու Իսրայելն օգտագործել են իրենց ողջ ներուժը, ռմբակոծել են բազմաթիվ վայրեր, որոնք նույնիսկ ռազմավարական նշանակություն չունեն։ Արդյունքում տուժել են դպրոցները, համալսարանները, մարզադաշտերը, հիվանդանոցները, հանրային նշանակության այլ շինությունները»,- ասաց Շիրղոլամին։

Արդյունավետ ռազմավարության երեք գործոնները

Դեսպանի բնորոշմամբ՝ ԱՄՆ-ի ու Իսրայելի մոտ այժմ խառնաշփոթ իրավիճակ է, քանզի չգիտեն, թե որն է լինելու իրենց հաջորդ քայլը։

«Ոմանք խորհուրդ են տալիս, որ պետք է Իրանի դեմ իրականացվեն ցամաքային գործողություններ, բայց շատ լավ գիտեն, թե դա ինչ ծանր հետևանքներ կարող է ունենալ։ Այս պահին Իրանի արդյունավետ ռազմավարության հիմքում կա երեք հիմնական ու կարևոր գործոն։ Առաջինը մեր ժողովրդի աջակցությունն է։ Մարդիկ դուրս են գալիս փողոցներ և այդ կերպ ցուցադրում կառավարությանն աջակցելու իրենց հավաքական պատրաստակամությունը, որպեսզի պաշտպանեն իրենց երկիրն ու դիմակայեն փորձությանը։ Այդ քայլով նրանք ամերիկյան կողմին ապացուցում են, որ միանշանակ սխալ է այն պատկերացումը, թե որոշ խմբեր կարող են դուրս գալ կառավարության դեմ ու հեղաշրջում իրականացնել Իրանում։ Արդեն մեկ ամիս է, ինչ մենք ականատես ենք լինում, թե ինչպես է Իրանի ժողովուրդը բացահայտորեն աջակցում իր կառավարությանը։ Պատերազմի առաջին օրից մարդիկ անվախ ու անվարան դուրս են գալիս փողոց։ Ես նույնիսկ չէի պատկերացնում, որ նրանք կարող են այսքան հաստատակամ լինել իրենց երկիրը պաշտպանելու գործում»,- ասաց դիվանագետը։

Նրա խոսքով՝ երկրորդ գործոնը կապված է Իրանի սպառազինության՝ հրթիռների և անօդաչու թռչող սարքերի ճիշտ ու նպատակային օգտագործման հետ։

«Իրանը շատ հստակ ու մշակված ռազմավարությամբ է օգտագործում իր սպառազինությունը և ցանկանում է երկարատև պատերազմի պայմաններում մաշեցնել հակառակորդի հակաօդային պաշտպանությունը։ Տարածաշրջանի տարբեր երկրներում տեղակայված կայանները, որոնք գրանցում էին իրանական հրթիռների շարժը, մեծ մասամբ խոցվել են մեր կողմից։ Իրանական կողմը պահպանել է իր կարողություններն ու հնարավորությունները և դեռ կարող է արդյունավետորեն հակազդել հակառակորդին՝ նրան հասցնելով զգայուն հարվածներ»,- վստահեցրեց Շիրղոլամին։

Հորմուզի նեղուցի ճակատագիրը

Երրորդ գործոնը, ըստ նրա, առնչվում է Հորմուզի նեղուցին։ Դեսպանի դիտարկմամբ՝ Իրանը փորձում է նեղուցը փակելու միջոցով ճնշում գործադրել Մերձավոր Արևելքի այն երկրների վրա, որոնք այս կամ այն չափով ներգրավված են Իրանի դեմ ուղղված պատերազմական գործողություններում։

«Այդ կերպ Իրանը ցանկանում է ճնշում գործադրել այդ երկրների տնտեսական ու էներգետիկ ոլորտների վրա, ինչն աշխարհաքաղաքական առումով մեծ հնարավորություն է ընձեռում մեզ, որպեսզի իրականացնենք ճիշտ մարտավարություն։ Թեև ԱՄՆ-ն պնդում է, որ կարող է բացել նեղուցը, սակայն մինչ օրս չի կարողացել իրականացնել այդ նպատակը։ Ամերիկյան կողմն արդեն փոխել է իր մոտեցումը և այլևս Հորմուզի նեղուցի բացումը չի դիտարկում իր առաջնահերթությունների մեջ՝ նշելով, որ պատերազմը կարող է ավարտվել նույնիսկ առանց նեղուցի բացման»,- նշեց մեր զրուցակիցը։

Դեսպանի համոզմամբ՝ եթե ԱՄՆ-ն որոշի ցամաքային գործողություններ իրականացնել Իրանի դեմ, ապա դա կարող է նույնիսկ վտանգել նախագահ Դոնալդ Թրամփի հետագա պաշտոնավարումը։

«Օրեր առաջ բոլորս ականատես եղանք, թե ինչպես ամերիկյան մի շարք քաղաքներում հարյուր հազարավոր մարդիկ դուրս եկան իշխող վարչակարգի դեմ՝ իրենց ձեռքերում պահելով «Ո՛չ թագավորներին» կարգախոսը»,- նշեց Շիրղոլամին։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Leave a Comment