Թող այս օրը մեզ համար դառնա ներքին վերանորոգման պահ, որպեսզի մեր լույսը չմարի. Տեր Հեթում

Այսօր Մեծ Պահքի 43-րդ օրն է՝ Ավագ Երեքշաբթի։ Մեր խորհրդածության նյութը Մատթեոսի Ավետարանի 24.1–26.2 համարներն են, և հատկապես՝ տասը կույսերի առակը (Մատթ. 25.1-13), որը դառնում է այս օրվա հոգևոր առանցքը։ Այս մասին գրել է Տեր Հեթում քահանան:

Քրիստոսի խոսքը այստեղ դառնում է առավել անձնական ու ներհայեցողական։ Եթե նախորդ հատվածում խոսվում էր ժամանակների նշանների մասին, ապա տասը կույսերի առակը մեզ ներս է տանում՝ մարդու սրտի խորքը։ Հինգը իմաստուն էին, հինգը՝ հիմար։ Սակայն տարբերությունը արտաքինում չէր. բոլորն ունեին լամպեր, բոլորն էին սպասում փեսային։ Տարբերությունը ներսում էր՝ յուղի մեջ, որը խորհրդանշում է հոգևոր կյանքը, հավատքի կենդանությունը, սիրո ջերմությունը։

Այս առակը բացահայտում է մի խոր ճշմարտություն հնարավոր է լինել հավատքի մեջ՝ բայց առանց կյանքի։ Հնարավոր է ունենալ «լամպ», այսինքն՝ ձև, ավանդույթ, պատկանելություն, բայց չունենալ «յուղ»՝ ներքին լույսը, որը պահպանում է այդ հավատքը կենդանի։

Փեսայի ուշանալը խորհրդանշում է ժամանակը, որի մեջ մարդը հաճախ թուլանում է, քնում, մոռանում իր կոչումը։ Սակայն ճշմարտության պահը անխուսափելի է «Ահա՛ փեսան գալիս է»։ Եվ այդ պահին արդեն հնարավոր չէ փոխառել ուրիշի լույսը։ Ամեն մարդ պատասխանատու է իր ներսի լույսի համար։

Փիլիսոփայական առումով այս առակը խոսում է անձնական գոյության անդառնալիության մասին։ Կան որոշ պահեր կյանքում, երբ ընտրությունը դառնում է վերջնական։ Մարդը չի կարող անվերջ հետաձգել իր արթնացումը, իր դարձը, իր հանդիպումը Աստծո հետ։

Ավագ Երեքշաբթին մեզ կանգնեցնում է այս հարցի առաջ արդյո՞ք իմ լամպը վառված է։
արդյո՞ք իմ ներսում կա այն յուղը, որը պահպանում է լույսը՝ նույնիսկ մթության մեջ։

Քրիստոսի պատգամը պարզ է, բայց խորը «Արթո՛ւն եղեք»։ Արթուն լինելը նշանակում է ապրել գիտակցությամբ, ապրել ներկայությամբ, ապրել Աստծո հետ հարաբերության մեջ, ոչ թե վաղվա հույսով, այլ՝ այսօրվա իրականությամբ։

Թող այս օրը մեզ համար դառնա ներքին վերանորոգման պահ, որպեսզի մեր լույսը չմարի, և երբ հնչի փեսայի գալստյան ձայնը, մենք լինենք նրանց մեջ, ովքեր պատրաստ են՝ մտնելու հավերժական խնջույքի մեջ։

Leave a Comment