2026-ի խորհրդարանական ընտրություններից առաջ արդեն իսկ օրակարգային են դարձել կուսակցությունների ֆինանսավորման թափանցիկության և հաշվետվողականության մի շարք խնդիրներ, որոնք քննարկվել են այսօր։ 2024-ին կատարած օրենսդրական փոփոխություններով՝ այս ընտրությունների համար մեծացել է նվիրատվության առավելագույն շեմը։ Ընդ որում՝ կուսակցություններին մեծ գումար նվիրել ցանկացողները կարող են հայտնել միայն իրենց անուն–ազգանունը։ Ի՞նչ խնդիրներ կարող է առաջացնել այս փոփոխությունը
«Կուսակցությունների մասին օրենքի» 2024–ի փոփոխություններն այսօր՝ խորհրդարանական ընտրությունների նախաշեմին, անհանգստության առիթ են տվել։ Այդ փոփոխություններով բարձրացվել էր նվիրատվության առավելագույն շեմը։ Ըստ այդմ՝ մեկ մարդը նախկին մինչև 2,5 մլն դրամի փոխարեն այսուհետև կարող է մինչև 10 մլն դրամ նվիրաբերել այս կամ այն քաղաքական ուժին։ Ըստ որոշ քաղաքագետների՝ հնարավոր է, որ այդ փոփոխությամբ՝ իրավիճակն ավելի խնդրահարույց դառնա, քանի որ նվիրատուն կարող է չհրապարակել իրեն նույնականացնող ոչ մի տվյալ՝ բացի անուն-ազգանունից։ Այստեղ մտածելու բան կա՝ ասում է հանրային ֆինանսների կառավարման մասնագետ Արտակ Քյուրումյանը․
«Սա խնդրահարույց կարող է դառնալ մի քանի առումներով, որովհետև եթե հիշենք միայն, օրինակ, Ազգային ժողովում մենք քանի Հակոբ Հակոբյան ունեինք․ էդ՝ միայն Ազգային ժողովում։ Երբ ժամանակին ավանդների հատուցում երաշխավորող հիմնադրամում էի, էնտեղ պետք էր մարդուն նույնականացնել, որպեսզի անհրաժեշտության դեպքում ավանդը հատուցվեր, և կոնկրետ նույնականացման մեխանիզմներ կան, և անուն-ազգանունը երբեք բավարար չէ, որովհետև մարդը կարող է փոխել իր անուն-ազգանունը»։
Նույնականացումն անհրաժեշտ է, որ քաղաքացին իմանա՝ ով է ֆինանսավորում քաղաքականությունը, այս կամ այն կուսակցությունը ում է շնորհակալ, և կարողանա վերահսկել՝ ինչպես է տվյալ կուսակցությունը հետո հայտնելու այդ շնորհակալությունը՝ ասում է Քյուրումյանը․
«Իմ՝ որպես հանրային ֆինանսների կառավարման մասնագետի առաջին մտածահոգությունը կապված է հանրային ռեսուրսների հետ, և նշանակում է` էդ ֆինանսավորումը կարող է հանրային ֆինանսները կառավարող մարդկանց դրդել, մոտիվացնել, որ վերջիններս որոշումներ կայացնեն, որոնց հետևանքով էդ գործարարների ընկերությունները կարժանանան ավելի լավ վերաբերմունքի, ինչը կարտահայտվի կա՛մ գնումների գործընթացում նախապատվության տեսքով, արտոնությունների տեսքով, կա՛մ մեկ անձից գնումների տեսքով, կա՛մ հարկային կամ մաքսային արտոնությունների տեսքով»։
Քաղաքագետ Տիգրան Մուղնեցյանը հատուկ ուշադրություն է դարձնում նվիրատվության առավելագույն շեմին։ Եթե չենք բացառում, որ այս ընտրությունը ոչ թե գաղափարների, այլ ֆինանսների պայքար է (իսկ քաղաքագետը դա բնավ չի բացառում), ապա օրենքի այս դրույթը անհավասար պայմաններ է ստեղծում՝ նվազեցնելով շարքային քաղաքացիների ազդեցությունը քաղաքականության վրա, ասում է քաղաքագետը լրագրողներին․
«Եթե խոսում ենք, օրինակ, ժողովրդավարության մասին, բոլորի ձայնը հավասար է, բոլորը ունեն մեկ ձայն՝ ընտրելու համար` անկախ իրենց ֆինանսական կարողություններից և այլնից։ Սակայն երբ քաղաքական նվիրատվությունները տարբեր, մեծ շեղումներ են ունենում, հետևաբար դրա ազդեցությունը քաղաքականության վրա ավելի շատ հարուստների դաշտում է հայտնվում, ինչը բնականաբար նաև կարող է հետագայում ազդեցություն ունենալ ընտրված մարմինների որոշումների վրա»։
Միաժամանակ բանախոսները շեշտում են՝ առաջ էլ նույն մարդը կարող էր, օրինակ, 2 մլն դրամ իր, մեկ այլ 2 մլն էլ իր ընտանիքի անդամի անունից նվիրաբերել։ Այժմ ամենամեծ խնդիրն այն է, որ ֆինանսական այդ հոսքերը դառնում են անվերահսկելի, և բարդանում է դրանց սկզբնաղբյուրը գտնելու ճանապարհը։ Ամեն դեպքում Արտակ Քյուրումյանը կարծում է, որ, հակառակ դժվարություններին՝ փնտրողը կգտնի․
«Մամուլը և հետաքննող լրագրողները կարողանում են գտնել` ունենալով էական սահմանափակումներ, և միանշանակ է, որ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը և այլ պետական կառույցներ ունեն շատ ավելի լայն լիազորություններ և հնարավորություններ տեղեկություններ հավաքելու, ինչից հետևում է, որ դա տեխնիկապես հնարավոր է»։
Եթե փողը կանխորոշեր ընտրությունների արդյունքը և քվեարկողների թիվը, ապա նախորդ ընտրություններում այլ պատկեր կունենայինք՝ վստահ են թեման քննարկող բանախոսները, որոնք, սակայն, շարունակում են պնդել, որ գումարը չի որոշելու ընտրության ելքը, բայց որոշելու է՝ ինչ տեղի կունենա դրանից հետո։ Քաղաքագետ Տիգրան Մուղնեցյանի խոսքով՝ հարուստ լինելը խնդիր չէ, խնդիր չեն նաև հարուստ մարդիկ, որոնք ազատորեն կարող են իրացնել իրենց իրավունքը, սակայն, ասում է, կան ֆինանսներ, որոնց մաքրությունը կասկածելի է, և հենց այստեղ է, որ հասարակությունն ավելի աչալուրջ պետք է լինի։