Ռուսական տարածքից ամերիկյան նահանգ. Ինչպես վաճառվեց Ալյասկան – Live News

1867 թվականին այս օրը ԱՄՆ 7.2 մլն դոլարով Ռուսական կայսրությունից գնեց Ալյասկան և Ալեուտյան կղզիները:

Երբ 1732 թվականին Ալյասկան հայտնաբերվեց ռուս ծովագնաց-հետազոտողների կողմից, ուներ միայն մեկ կարևոր նշանակություն՝ բնություն, որից միակ շահույթը հետագա կայսրության համար դարձավ  կուղբի մորթին: Իսկ նավթն այն ժամանակների համար այնքան էլ կարևոր արժեք չուներ. այն հետագայում կկիրառվի միայն վազելին ստանալու նպատակներով: Իսկ արդեն «Ոսկու տենդի» տարիներին Ալյասկայի ոսկու նշանակությունը կհաղթանակի բոլոր հնարավոր շահույթների սահմանները՝ 100 հազար տոննա ոսկի, բայց արդեն ԱՄՆ-ի տարածքում…

Ալյասկայի վաճառք. դրդապատճառներ

Դեռ 1857 թվականին, երբ առաջին անգամ հնչեց Ալյասկան վաճառելու վերաբերյալ առաջարկությունը, դրա նպատակահարմարությունը շատ հակիրճ հիմնավորեց մեծն իշխան Կոնստանտին Ռոմանովը. «Ալյասկայի վաճառքը շատ հրատապ է, քանզի պիտի ոչ թե խաբենք ինքներս մեզ, այլ հասկանանք, որ Միացյալ Նահանգները հակված են մշտապես ընդլայնելու իրենց տարածքը և իշխելու ողջ Հյուսիսային Ամերիկայում։ Այդ պետությունը, միևնույն է, վաղ թե ուշ մեր ձեռքից կառնի Ալյասկան, և մենք ի զորու չենք լինի այն վերադարձնել։ Այնինչ, Ալյասկան մեզ օգուտ չի բերում, և դրա կորուստը առանձնապես ցավագին չի լինի»։

Ռուսաստանը ցանկանում էր վաճառել Ալյասկայի տարածքը՝ վախենալով, որ այն կբռնագրավվի Միացյալ Թագավորության հետ պատերազմի դեպքում։ Անգլո-ռուսական պատերազմից հետո՝ ռուսական կողմի  պարտությամբ՝  մտավախություներ կային, որ Ալյասկան էլ Կանադայի նման կդառնա Բրիտանիայի գաղութ, իսկ կասրության համար ավելի շահավետ էր այն արագ վաճառել ամերիկացիներին, քան անվճար զիջել բրիտանացիներին: Եվ ռուսական կողմը սկսում է բանակցություններ վարել գործարքի իրականացման  համար, որը տեղի ունեցավ հույժ գաղտնի ու նեղ շրջանակում:

Ճիշտ է, մինչև հիմա չեն դադարում վիճաբանություններն այն հարցի շուրջ, թե Ալյասկայի վաճառքն իրականում որքանո՞վ էր շահեկան զուտ ֆինանսական իմաստով։ Սակարկությունը սկսվեց 5 միլիոն դոլարից, բայց ի վերջո հասավ 7 միլիոն 200 հազարի։ Պատճառն այն էր, որ բանակցությունը վարող Ուիլյամ Սյուարդը ոչ միայն շատ բարյացակամ վերաբերմունք ուներ Ռուսաստանի հանդեպ, այլև հասկանում էր՝ Ալյասկայի ոսկին, որն արդեն սկսել էին հայթայթել առանձին ձեռներեցներ, շատ ավելի մեծ օգուտներ է բերելու։ Որքան էլ զարմանալի թվա, այդ փաստարկը հակառակ ազդեցությունը գործեց Ռուսաստանի իշխանությունների վրա, որոնք տրամաբանում էին՝ եթե Ալյասկայում ոսկու մեծ պաշարներ հայտնաբերվեն, ամերիկացիները այլևս փող էլ չեն առաջարկի, զենքով կգրավեն Ալյասկան։

Leave a Comment