
Սկիզբը՝ այստեղ
Իրանը դարձյալ հայտարարել է «Բուշեր» ԱԷԿ-ին ԱՄՆ-ի և Իսրայելի թվով արդեն երրորդ հարվածի մասին: Իրանի ատոմային Էներգիայի կազմակերպությունը (ԻԱԷԿ) հայտարարել է, որ «Բուշեր» ԱԷԿ-ը դարձել է ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածի թիրախ: Հրթիռային հարվածը հասցվել է մարտի 27-ին տեղական ժամանակով 23:40-ին (Երևանի ժամանակով այսօր 00:15-ին):
«Խաղաղ միջուկային օբյեկտների վրա հարձակումը միջազգային իրավունքի ակնհայտ խախտում է և լուրջ սպառնալիք տարածաշրջանի անվտանգության համար»,- X սոցիալական ցանցում հայտարարել է կազմակերպության մամուլի ծառայությունը:
Օբյեկտի ուղղությամբ արձակված հրթիռը հայտնվել է էլեկտրակայանի տարածքում, սակայն, կազմակերպության տվյալներով, հարձակումը որևէ ավերածության չի հանգեցրել: Տուժածներ չկան։ Այնուամենայնիվ, կրկնվող հարձակումների բուն փաստը լուրջ մտահոգություն է առաջացնում. խոսքը ռազմավարական օբյեկտի մասին է, որտեղ ցանկացած ռիսկ կարող է գլոբալ հետևանքներ ունենալ:
Նկատի ունենալով վերոնշյալ հանգամանքը, Իրանը ՄԱԳԱՏԷ-ին՝ Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը (ԱԷՄԳ, ռուսերեն հապավումը՝ ՄԱԳԱՏԷ) իրազեկել է կատարվածի մասին: ՄԱԳԱՏԷ-ն, իր հերթին, հաստատել է այդ փաստը:
«Բուշեր» ատոմակայանին հարվածից հետո ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին կոչ է արել առավելագույն ռազմական զսպվածություն ցուցաբերել։
«Գրոսսին կրկնում է առավելագույն ռազմական զսպվածության կոչը՝ միջուկային միջադեպի վտանգից խուսափելու համար»,- «РИА Новости»-ի փոխանցմամբ , նշված է ԱԷՄԳ-ի սոցիալական ցանցում հրապարակված գործակալության հաղորդագրության մեջ:
Գրոսին նաև խորը մտահոգություն է հայտնել ԱԷԿ-ի մոտ ռազմական ակտիվության մասին հաղորդագրությունների կապակցությամբ և նշել, որ այն կարող է լուրջ ռադիոլոգիական միջադեպի հանգեցնել, եթե ռեակտորը վնասվի:
Իսրայելը և ԱՄՆ-ը, իհարկե, շատ լավ գիտեն, թե ինչ հետևանքներ կարող են լինել իրենց հարվածներից Բուշերի ԱԷԿ-ի ռեակտորի պայթելու դեպքում, բայց քանի որ հիշյալ գործակալությունը մի անատամ կազմակերպություն է և իրավասու չէ պատժամիջոցներ կիրառել աշխարհում ԱԷԿ-ները թիրախավորող միջուկային ահաբեկիչների նկատմամբ, Գրոսիի և ԱԷՄԳ-ի կոչերը, նախազգուշացումներն անտեսում, նրանց շան տեղ էլ չեն դնում:
Իրանի ատոմային Էներգիայի կազմակերպությունը, «РИА Новости»-ի փոխանցմամբ , հայտարարել է, որ ուրբաթ օրն Իրանի երկու միջուկային օբյեկտների վրա հարձակումը սպառնալիք է Մերձավոր Արևելքի տարածաշրջանի անվտանգության համար, և նշել, որ միջազգային կազմակերպությունների, հատկապես ԱԷՄԳ-ի անգործությունը զարմանք է առաջացնում:
«Վերջին մի քանի ժամվա ընթացքում ամերիկա-սիոնիստական թշնամին հարձակվել է Հոնդաբայի ծանր ջրի համալիրի և դեղին կեկի (ուրանի խտանյութ.- խմբ.) գործարանի վրա,- նշված է ԻԱԷԿ-ի հայտարարության մեջ։- Այս խաղաղ կենտրոնների վրա հարձակումը միջազգային իրավունքի ակնհայտ խախտում է և լուրջ սպառնալիք տարածաշրջանի անվտանգության համար»:
«Բուշեր» ատոմակայանի գործող թիվ 1 բլոկի հարթակի վրա նոր հարվածը միջուկային անվտանգության անմիջական սպառնալիք է ստեղծել, հայտարարել է «Ռոսատոմ»-ի ղեկավար Ալեքսեյ Լիխաչովը:
Ուրբաթ երեկոյան երրորդ հարվածը հասցվել է գործող առաջին էներգաբլոկի հարթակին, զինամթերքը պայթել է պոմպակայանի անմիջական հարևանությամբ:
«Դժվար չէ կռահել, որ դա անմիջական սպառնալիք է ստեղծում միջուկային անվտանգության համա»,- ասել է Լիխաչովը, որի խոսքերը, «РИА Новости»-ի փոխանցմամբ, մեջբերել է «Ռոսատոմ»-ի մամուլի ծառայությունը:
Իրանն արդեն երրորդ անգամ է հայտարարում, որ «Բուշեր» ԱԷԿ-ը դառնում է ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների թիրախ։ Նախորդ անգամ ատոմային կազմակերպությունն այդ մասին հայտարարել էր մարտի 24-ին, մինչ այդ հարձակման մասին հաղորդվել էր նաև մարտի 17-ին:
Իրանի Բուշեր քաղաքի մոտ գտնվող ատոմակայանին հարվածելով, ԱՄՆ-ը և սիոնիստական Իսրայելն առայժմ փորձում են նախազգուշացնել ու վախեցնել Իսլամական պետությանը, որ եթե վերջինս իրենց պահանջները չկատարի, կարող են հարվածել նաև ԱԷԿ-ի էներգաբլոկին: Ընդ որում, հասցնել այնպիսի հարված, որը կհանգեցնի ռեակտորի պայթյունի և հետևանքների առումով Չեռնոբիլյան աղետի նման կամ դրանից էլ ահավոր աղետի: Ահաբեկչական պետություններ Իսրայելի և ԱՄՆ-ի կողմից նման գործողությունները ոչ այլ ինչ են, քան միջուկային շանտաժ:
Բացի վերոնշյալ նպատակից, Իսրայելը և ԱՄՆ-ն այդ հարվածներով նախապատրաստվում են ԱԷԿ-ին անհամեմատ լուրջ հարված հասցնելուն, հետախուզում են, փորձում են պարզել հակահրթիռային, հակաօդային պաշտպանության այն համակարգերի տեղն ու հնարավորությունը, որոնք կոչված են ապահովել ԱԷԿ-ի անվտանգությունն օդային հարվածներից:
Հիշենք, որ դեռ մարտի 25-ին՝ «Բուշեր»-ին երկրորդ հարվածի հաջորդ օրը, Ռուսաստանի ԱԳՆ-ն հայտարարել էր, որ Մոսկվան խիստ զայրացած է «Բուշեր» ԱԷԿ-ի գործող էներգաբլոկի շրջանում տեղի ունեցած հարձակման կապակցությամբ:
Ռուսաստանը, «RT на русском»-ի փոխանցմամբ, ԱՄՆ-ին և Իսրայելին հերթական անգամ կոչ է արել բացառել ատոմակայանին հարվածը: Ինչպես «РИА Новости»-ին տված հարցազրույցում հայտարարել է Վիեննայում միջազգային կազմակերպություններում ՌԴ մշտական ներկայացուցիչ Միխայիլ Ուլյանովը, Մոսկվան Իրանի ատոմային էներգետիկայի օբյեկտների վրա ռազմական հարձակումների անթույլատրելիության վերաբերյալ ակտիվ երկխոսություն է վարում Վաշինգտոնի և Թել Ավիվի հետ: Ուլյանովը նշել է, որ ռուսական կողմը մշտապես ուշադրությունը կենտրոնացնում է միջուկային ենթակառուցվածքի վրա հարձակումների անթույլատրելիության վրա:
«Հիշեցնում ենք այն մասին, որ ատոմակայանի վրա հարձակումները պետք է բացառվեն»,- ընդգծել է Ուլյանովը:
Հոնդաբայի համալիրին (ծանր ջրի), Արդականի գործարանին (ուրանի խտանյութի), «Բուշեր» ատոմակայանին հարվածներն արժանի են միջազգային հանրության վճռական դատապարտմանը, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Իրանի խաղաղ ատոմային օբյեկտների վրա երեկվա հարձակումները:
«Այդ հարձակումներն արժանի են միանշանակ և վճռական դատապարտման ողջ միջազգային հանրության կողմից։ Շարունակվում են միջազգային իրավունքի աղաղակող խախտումները, և նրանք, ովքեր պատասխանատու են նման կամայականությունների համար, պետք է դա հասկանան»,- նշված է ՌԴ ԱԳՆ կայքում հրապարակված Զախարովայի հայտարարության մեջ:
Միայն ուժի լեզուն հասկացող ԱՄՆ-ը և Իսրայելը ոչ միայն ԱԷՄԳ-ի և նրա ղեկավարի, այլ նաև ՌԴ ԱԳՆ-ի, Ուլյանովի և ՌԴ-ից այլոց զայրույթները, նախազգուշացումները, հիշեցումները և դատապարտումները նույնպես արհամարհում են: Եվ այդ ուժի լեզվով նրանց հետ խոսում և դեռ ավելի ուժգնորեն խոսելու է Իրանը, մինչև հասկանան… Իրանը շատ պարզ հասկացրել է՝ Բուշերի ԱԷԿ-ի ռեակտորը պայթեց, Իսրայելը ռադիոակտիվ անապատ կդառնա:
Շարունակելի
Արթուր Հովհաննիսյան
Տեսանյութերն այստեղ՝
https://www.facebook.com/yerkir.am/videos/731677636060797/
https://www.facebook.com/reel/1544326013788296