Երևանում անցկացվելիք Ֆրանկոֆոնիայի 10-րդ միջազգային մարզամշակութային խաղերի բացման պաշտոնական արարողությունը կկայանա Երևանի Հանրապետության հրապարակում, լրագրողներին հայտնել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար, Ֆրանկոֆոն խաղերի ազգային կազմկոմիտեի նախագահ Արայիկ Հարությունյանը:
«Արմենպրես»-ը հայտնում է, որ Ֆրանկոֆոնիայի 10-րդ միջազգային մարզամշակութային խաղերը կանցկացվեն Հայաստանում 2027 թվականի հուլիսի 23-ից օգոստոսի 1-ը:
Հայաստանի կողմից խաղերը հյուրընկալելու հայտը Ֆրանկոֆոնիայի մշտական խորհուրդը հաստատել է 2024 թվականի փետրվարի 8-ին:
Խաղերը կանցկացվեն 10 մշակութային (թատրոն, թվային ստեղծարարություն, տեսողական արվեստ՝ կերպարվեստ, քանդակ, լուսանկարչություն, հեքիաթասացություն, պար, երգեցողություն, գրականություն, ֆրիսթայլ գնդակով) և 10 սպորտային (աթլետիկա և պարաաթլետիկա, ֆուտբոլ, ծանրամարտ, շախմատ, ձյուդո, սեղանի թենիս, բասկետբոլ 3х3, անվասայլակով բասկետբոլ, բրեյք դանս) անվանակարգերում, որոնք տեղի կունենան Երևանում, Աբովյանում, Չարենցավանում և Արմավիրում: