27 մարտի 2026 – 13:17 AMT
PanARMENIAN.Net – ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի խնդրանքով որոշում է կայացրել ժամանակավորապես դադարեցնել այդ երկրի էներգետիկ օբյեկտների դեմ հարվածները։
«Իրանի կառավարության խնդրանքի համաձայն՝ սույն հայտարարությամբ տեղեկացնում եմ, որ 10-ը օրով դադարեցնում եմ էներգետիկ օբյեկտների ոչնչացման փուլը՝ մինչև 2026 թվականի ապրիլի 6-ը, արևելյան ժամանակով ժամը 20:00 (մոսկովյան ժամանակով՝ 03:00)։ Բանակցությունները շարունակվում են և, հակառակ կեղծ լուրերի ու այլոց սխալ պնդումների, ընթանում են շատ հաջող», — գրել է նա Truth Social-ում։
Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային հայտարարել է, որ Իրանն արդեն հաղթել է ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունում:
Նա նշել է, որ երկարատև դիմակայության պայմաններում երկիրը կարողացել է պահել իր դիրքերը և ցույց տալ դիմադրողականություն, գրում է ՌԻԱ Նովոստին:
«Ես կարծում եմ, որ մենք արդեն հաղթել ենք այս դաժան պատերազմում»,- հայտարարել է Բաղային Zeteo պորտալին տված հարցազրույցում՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե ինչ դիրքում է այժմ գտնվում Իրանն ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտության ընթացքում։
Բաղային պարզաբանել է, որ ԱՄՆ-ն մի քանի տասնամյակ գտնվում է Իրանի հետ առճակատման մեջ և այդ ընթացքում փորձարկել է տարբեր մեթոդներ, սակայն իրանցիները ցույց են տվել, որ վճռական են պաշտպանելու իրենց երկիրը։
Իրանի իշխանությունները ներկայացրել են Մերձավոր Արևելքում տեղի ունեցած պատերազմի ընթացքում ԱՄՆ զինծառայողների կորուստների գնահատականը։ ԻԻՀ զինված ուժերի պաշտոնական ներկայացուցիչ Աբոլֆազլ Շեքարչին հայտարարել է, որ ԱՄՆ բանակի կորուստները կազմել են մոտավորապես 600-800 զոհ, իսկ ընդհանուր կորուստները՝ ներառյալ վիրավորները, հասել են մի քանի հազարի։
Ավելի վաղ Թրամփը սպառնացել է ոչնչացնել երկրի բոլոր էլեկտրակայանները, եթե Թեհրանը 48 ժամվա ընթացքում լիովին չբացի Հորմուզի նեղուցը։ Իրանը իր հերթին զգուշացրել էր պատասխան հարվածների մասին՝ ուղղված Մերձավոր Արևելքում այն ընկերություններին, որտեղ առկա են ամերիկյան շահեր, ինչպես նաև այն երկրների էներգետիկ ենթակառուցվածքներին, որտեղ տեղակայված են ԱՄՆ ռազմակայաններ։
Հաջորդ օրը Սպիտակ տան ղեկավարը հայտարարել է, որ կողմերը, ըստ իր գնահատման, հասել են հրադադարի պայմանավորվածության, ինչից հետո հանձնարարվել է հինգ օրով դադարեցնել հարվածները Իրանի էներգետիկ օբյեկտների նկատմամբ։ Սակայն Թեհրանում հայտարարել են, որ նման բանակցություններ տեղի չեն ունեցել։
Նախորդ օրը The New York Times-ը հաղորդել է, որ ԱՄՆ-ն Իրանին է փոխանցել է 15 կետից բաղկացած առաջարկների փաթեթ։ Դրանց թվում ընդգրկվել են՝ միջուկային ծրագրից հրաժարում, այլ երկրներում պրոքսի խմբերի աջակցությունից հրաժարում, Հորմուզի նեղուցի բացում, ինչպես նաև հրթիռների քանակի և թռիչքի հեռահարության սահմանափակում։ Փոխարենը Վաշինգտոնը առաջարկել է պատժամիջոցների վերացում և խաղաղ ատոմային էներգետիկայի զարգացման աջակցություն, մասնավորապես «Բուշեր» ԱԷԿ-ի շրջանակում։
Press TV հեռուստաալիքը փոխանցել է, որ Թեհրանը չի ընդունել Վաշինգտոնի առաջարկները և ներկայացրել է սեփական պայմանները հակամարտության կարգավորման համար։
ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ից սկսել են հարվածներ հասցնել Իրանի տարածքում գտնվող օբյեկտներին, այդ թվում՝ Թեհրանին։ Իրանը պատասխան հարվածներ է հասցրել Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ԱՄՆ ռազմական օբյեկտներին։