Մայիսի 28-ին՝ Հանրապետության օրը Հանրապետության հրապարակում տեղի կունենա զորահանդես, այսօր ճեպազրույցում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ոչ այնքան զորահանդես, որքան հաշվետվություն Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին»,- շեշտել է նա։
Կառավարության ղեկավարը նշել է, որ այս թեմայի շուրջ աշխատում են միջազգային գործընկերների հետ։ «Ընդհանրապես՝ զորահանդեսը ինքը շատ նուրբ երևույթ է, և կարող է նաև խաղաղության օրակարգից շեղվելու, խաղաղության օրակարգից հրաժարվելու տպավորություն ստեղծել, և մենք աշխատում ենք և շարունակելու ենք աշխատել միջազգային հանրության, մեր գործընկերների՝ ներառյալ տարածաշրջանի երկրների հետ, որպեսզի նրանք որևէ կերպ դա չընկալեն որպես խաղաղության օրակարգից հրաժարում»,- ասել է նա։
Նա նշել է, որ իր՝ ձեռք բերված զենքը տեսնելու հնարավորության մասին հայտարարությունից հետո այնքան մեծ թվով քաղաքացիներ են հերթագրվել, որ արդեն դա իրատեսական չի։
«Դրա համար … մայիսի 28-ին՝ Հանրապետության հրապարակում, ցույց կտանք և ուզում եմ ասել, որ կարծում եմ, որ դա Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար կլինի տպավորիչ տեսարան»,- ասել է վարչապետը։