«Նրանք շատ են ուզում գործարք կնքել»
Իրանական պատերազմի 25-րդ օրն է, ԱՄՆ և Իսրայելը ժամանակ առ ժամանակ հարվածում են Իրանին, որը, իր հերթին, անօդաչուներով և հրթիռներով գրոհների է ենթարկում Իսրայելի և Մերձավոր Արևելքի արաբական երկրների ավանները:
Մինչդեռ, պետական այրերը խոսում են խաղաղության բանակցությունների մասին, ընդ որում ամերիկյան կողմը պնդում է, թե շատ արդյունավետ քննարկումներ են, իսկ իրանցիներն ասում են, որ ոչ մի բանակցություն էլ չկա:
Նախագահ Դոնալդ Թրամփն իրեն հատուկ ոճով պարծենում է, թե Իրանը չի դիմանում ամերիկյան բանակի հզորությանը:
«Հսկայական հաջողություն ենք ապահովում Իրանում։ Մեկը մենք ունեինք Վենեսուելայում, իսկ հիմա՝ Իրանում։ Նրանք այլևս նավատորմ չունեն, ռազմաօդային ուժեր չունեն, կան հակաօդային սարքավորումներ, բայց ռադարներ չկան, առաջնորդներ չկան։ Առաջնորդները բոլորը վերացվել են: Չեք պատկերացում, թե որքան շատ են նրանք ուզում պատերազմն ավարտելու գործարք կնքել»,- լրագրողների հետ զրույցում ասել է ԱՄՆ ղեկավարը։
«Իրանը մեզ շատ թանկ նվեր է ուղարկել»
Ապա նա մի առեղծվածային երկիմաստ հայտարարություն Է արել. «Նրանք գործարք են կնքելու։ Իրանը երեկ մի զարմանալի բան Է արել՝ մեզ նվեր տվեցին։ Այն այսօր ժամանեց։ Շատ մեծ նվեր է, գինը՝ հսկայական: Ես չեմ ասելու, թե ինչ է, դա ինձ համար մեկ բան է նշանակում. մենք գործ ունենք ճիշտ մարդկանց հետ»։
Թրամփը չի հստակեցրել, թե խոսքն ինչ «նվերի»ի մասին Է, սակայն ակնարկել Է, որ այն առնչություն ունի նավթի և գազի հետ: Նա կրկնել Է, որ հենց այս պահին կողմերը բանակցում են:
Իսկ Իրանի բանակի խոսնակը՝ փոխգնդապետ Էբրահիմ Զոլֆաղարին, հեգնանքով է խոսել հրադադարի շուրջ բանակցությունների մասին:
«Ձեր հզորությունը վերածվել է ձախողման»
Նրա փոխանցմաամբ, ամերիկացիների թմբկահարած այդ ռազմավարական հզորությունը գործնականում վերածվել Է ռազմավարական ձախողման:
«Այն ուժը, որը պնդում էր, թե համաշխարհային գերտերություն է, արդեն դուրս կգար այս խառնաշփոթից, եթե կարողանար: Համաշխարհային գերտերություն ձևացող, մի փորձիր պարտությունդ որպես պայմանագիր մատուցել, դատարկ խոստումներիդ ժամանակն ավարտվեց»,- ասել է փոխգնդապետը:
Նա ընդգծել է, որ համաձայնություն Ամերիկայի հետ որևէ պարագայում չի լինի. «Մեր դիրքորոշուն անփոփոխ է: Մեզ նման մեկը երբեք չի հաշտվի քեզ նման մեկի հետ։ Ո՛չ հիմա, ո՛չ էլ երբևէ»:
«Երեք երկիր է փորձում միջնորդել»
Եվ այդուհանդերձ խոսքն ի՞նչ բանակցային գործընթացի և Թեհրանին առաջարկված փաստաթաթղթի մասին է, որն ըստ փորձագետների, 15 կետից Է բաղկացած:
Associated Press լրատվական գործակալության վերլուծաբան Ջոն Գամբրելի փոխանցմամբ, նախագիծը Պակիստանի միջնորդությամբ է փոխանցվել Իրանին:
«Այս պատերազմին վերջ տալու հարցում առանցքային բանագնացներն են Պակիստանը, Եգիպտոսը և Թուրքիան: Սակայն Իրանը պնդում է, թե կշարունակի հարվածները: Ամերիկան պատրաստվում է 82-րդ դեսանտային դիվիզիայից են առնվազն հազար զինծառայողներ տեղակայել Մերձավոր Արևելքում»,- ասել է վերլուծաբանը:
Սա նշանակում է, որ ամերիկյան կողմը չի բացառում էլ ավելի սաստիկ հարվածներ հասցնելու և նույնիսկ ցամաքային գործողության անցնելու տարբերակը:
«Գեներալները պաշտպանված են, զինվորներն են անպաշտպան»
ԱՄՆ-ի կենտրոնական հրամանատարությունը նշում է, որ Իրանի զինվորականների շրջանում հուսահատություն է նկատվում, հենց դա է նրանց ստիպում հարվածներ հասցնել քաղաքացիական օբյեկտներին:
Իրանական հրթիռները տեղակայվում են բնակելի թաղամասերի շրջանում, հետևաբար, դրանք էլ պատասխան հարվածի թիրախ են դառնում:
Կենտրոնական հրամանատարության հրամանատար, ծովակալ Բրադ Քուփերի խոսքով, հրթիռների և անօդաչուների պաշարն օրըստօրե սպառվում է, առավել հաճախ գրոհների են ենթարկվում իրանցի շարքայիններն, իսկ ղեկավարները պատսպարվում են խորը բունկերներում:
«Իրանում գեներալները պաշտպանված են, զինվորներն են անպաշտպան»,- ասել է ծովակալը:
Նրա համոզմամբ, պատերազմի ընթացքը վկայում է, թե ինչպիսին կլինի դրա հավանական ավարտը, և բունկերներում գտնվողները վաղ, թե ուշ դուրս կգան: