Երաշխավորություն X երկրին տարածաշրջան վերադարձնելու համար․ իշխանություն-ընդդիմություն՝ նոր բանավեճի թեմա

Խորհրդարանում այս րոպեներին ընթանում է ԱԺ-կառավարություն հարցուպատասխանը, որին ընդդիմություն ներկա չէ, թեև ճեպազրույցներին ու ոչ խորհրդարանական հայտարարությունների ընթացքում այդ թևն ակտիվորեն քննադատում է գործող իշխանության մոտեցումները հատկապես խաղաղության հաստատման քայլերի առումով։

Այնուամենայնիվ, ԱԺ նիստերի դահլիճում ընդդիմադիրների հայտարարությունները գործադիրի անդամներին ներկայացրել են հենց իշխող ուժի անդամները՝ ի պատասխան դրանց հրապարակայնորեն հերթական անգամ մանրամասնելու իրենց մոտեցումները։

Խաղաղություն երաշխավորներո՞վ, թե՞ առանց երաշխավորի՝ կողմերի միջև ուղիղ պայմանավորվածությամբ․ իշխանության ու ընդդիմության համար սա հեռակա բանավեճի նոր թեմա է։ ԱԺ նիստերի դահլիճում կառավարության հետ հարցուպատասխանի ժամին թեև ընդդիմադիր խմբակցություններից որևէ մեկը ներկա չէր, բայց նրանց առաջնորդների դիրքորոշումն այդ թեմայով փոխանցեց պատգամավոր Լիլիթ Մինասյանը՝ միացնելով վերջին օրերին ընդդիմադիր առաջնորդների արած հայտարարությունների ձայնագրությունները։

Ռոբերտ Քոչարյան․ «Խոսում ենք երաշխավորված խաղաղության մասին, նշանակում է միջազգային երաշխիքներ և երաշխավորող պետություններ»։

Գագիկ Ծառուկյան․ «Խաղաղությունը պետք է լինի երաշխավորած՝ երեք, չորս, հինգ հզոր, ազդեցիկ պետությունների հետ։ Որպես դաշնակից փաստաթուղթ կստորագրենք և ճանճը չի դզզա այդ տարածքով»։  

«Ուժեղ Հայաստան»-ի ներկայացուցիչ․ «Խաղաղության կարելի է հասնել ոչ միայն պայմանավորվածություններով։ Պետք է լինի նաև հավելյալ երաշխավոր, իսկ երաշխավորները լինեն մեկից ավելի»։

Լիլիթ Մինասյան․ «Անկեղծ պետք է լինեմ ու հիշենք մի շրջան, երբ մեր ՀՀ ԱԳՆ–ն  ինքն էր կարևորում հենց երաշխավորի թեման բանակցային փուլում։ Ես կխնդրեմ մեկնաբանությունը այս հարցով։

Արտգործնախարար Արարատ Միրզոյանը այս բանավեճը վերնագրեց «երաշխավորացավ»։ Թեև գործող իշխանությունն ու արտգործնախարարությունը նախկինում իրենք էին պնդում Ադրբեջանի հետ բանակցություններում երաշխավորների կարիքը, բայց ինչ-որ պահի հասկացել են, որ դա իրատեսական չէ, խոստովանում է արտգործնախարար Միրզոյայնը։  

«Երաշխավորները, առհասարակ եկեք խոստովանենք, հետապնդում են իրենց շահը։ Սառը հաշվարկների աշխարհում, միջազգային հարաբերություններում ոչ մեկը, ոչ մի սիրուն աչքերի համար չի գնում, երաշխավորություն չի անում ու նաև իր զինվորների արյունը չի թափում, իր ծախսերը չի անում և այլն։ Երկրորդը՝ մենք գիտենք տասնյակներով երաշխավորված, ստորագրված և մի երաշխավորի կողմից չէ՝ երաշխավորի խմբի կողմից երաշխավորված և կնքված խաղաղություններ, որոնք հետո խախտվել են շատ հեշտությամբ, ընդ որում՝ խախտվել են երբեմն երաշխավորների կողմից»։

Իշխանությունն այս պահին գտնում է, որ երաշխավորների թեզն առաջ քաշելով ընդդիմությունը միտված է խաղաղության բանակցությունները մի քանի քայլով հետ գցել։ Արտգործնախարար Միրզոյանը համոզված է, որ խաղաղության գտնված ուղուն այլընտրանք չկա, հետագա խաղաղությունը պետք է հիմնված լինի փոխշահավետության վրա։ Պնդում է, որ Հայաստանն ու Ադրբեջանն այդ փոխշահավետության բանաձևն արդեն գտել են։ Ընդդիմության այլ պնդումները նա համարում է մոլորեցնող, քանի որ խաղաղության դետալավորված առաջարկ հանրությանը չի ներկայացվում։

«Ուղիղ ասում եմ` այդպիսի զանազան բաներ մի փնտրեք, ոչ էլ թող մեր փորձագիտական դաշտը չարչարվի։ Այստեղ մի պատճառ կա։ Իրենց (ընդդիմադիրների–խմբ․) կողմից, երաշխավոր ասելով` ոչ ավելի ամուր խաղաղություն են ուզում, ոչ ավելի ապահով ապագա։ Ամենը սուտ է։ Մի բան են ուզում։ Կոնկրետ X երկիրը ինչ-որ մի այլ հավելյալ լծակներով շարունակի ավելացնի ներկայությունը ոչ միայն Հայաստանում, այլև Հայաստան–Ադրբեջան սահմանին և ըստ այդմ՝ շարունակվի այն ողջ ցիկլը, որի մեջ մենք եղել ենք, հետո էլի ենք եղել, հետո էլի ենք եղել։ Մենք էլ այդպես մեր ընդդիմություն կոչվածների շնորհիվ, քթներիցս բռնած տանեն էլի հագցնեն նույն պատին, հետո էլի՛ նույն պատին, հետո էլի՛ նույն պատին։ Մենք ի՞նչ ենք առաջարկում «Քաղաքացիական պայմանագիր»-ը ՀՀ ժողովրդին՝ այնպես անել, որ այս անգամ չխփենք պատին, այլ գուցե վերապրման օրակարգից անցնենք զարգացման օրակարգ»։

Երաշխավորի ինստիտուտի պատմական ճանապարհը առաջարկում է վերհիշել վարչապետ Փաշինյանը։

Նույն տրամաբանության մեջ է Փաշինյանը դիտարկում նաև Անկախության հռչակագիրը։

«Դա կոնֆլիկտի և կախվածության հռչակագիր է, որովհետև եթե դու դնում ես քո բոլոր հարևանների հետ կոնֆլիկտի տրամաբանություն քո անկախության հռչակագրի հիմքում, դու անհնար ես դարձնում քո միջավայրում առանց արտաքին օգնության ապրելը, և ում օգնության երաշխավորությամբ պետք է այդ միջավայրում ապրես, գնալով ավելի ու ավելի կախված ես մնում նրանից՝ ով ուզում է լինի։ Սա շատ պարզ տրամաբանություն է»։

Իշխանության անդամների ընկալմամբ՝ երբ իրենք խոսում են խաղաղությունից, որոշ ընդդիմադիր շրջանակներ փորձում են տպավորություն ստեղծել, թե անտեսել են բանակը։ Այդ պատճառով է, որ պահպանելով անհրաժեշտ անվտանգային չափանիշներն ու գաղտնիությունը, պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը պնդում է՝ 3-4 տարում 5.5 անգամ ավելի  գումար են ուղղել սպառազինությանը, քան երկրորդ և երրորդ նախագահների ղեկավարման անցած 20 տարում։

«Բացարձակ թվեր չհնչեցնեմ, բայց նաև ասեմ այնպես, որ պատկերը ավելի պարզ դառնա։ Հնչեցված հայտարարությունների հեղինակները, որոնք կա՛մ մաս են կազմել 2018 թ.-ին նախորդող երկու տասնամյակների քաղաքական համակարգերի կամ նրանց հոգեզավակներն են և տարբեր արբանյակները, այսօր խոսում են բանակի ծախսերի մասին։ Ուրեմն հետևյալը կասեմ1998-2008 թթ և 2008-2018 թթ երկու նախագահների կառավարման տարիներին, այս սրանք ֆիքսված պաշտոնական թվեր են, 5.4 անգամ ավելի պակաս ծախս է արվել, քան 2022-2025 թթ.-ին։ Այսինքն՝ միայն իմ պաշտոնավարման ժամկետի ընթացքում 5.4 անգամ ավելի ծախս է արվել սպառազինության և ռազմական տեխնիկայի գնման վրա։ Այլ ծախսերի մասին չեմ խոսում։ Թվերին նայեք և հարց տվեք ձեզ` ինչո՞վ էիք զբաղված, ինչո՞վ եք զբաղվում և ձայններդ կտրեք, տեղներդ նստեք»։

Ինչ վերաբերում է իրական Հայաստանի տեսքով կրծքազարդի՝ հանրության կողմից ընկալման-չընկալմանը, ապա Փաշինյանը, կիսվելով հանրության հետ հանդիպումներից իր տպավորություններով,  ասաց՝ հաշված դեպքերում են մարդիկ հրաժարվել իր ձեռքից վերցնել այն։  Բազմաթիվ դեպքերում այն ընդունում են՝ ասաց։  

Leave a Comment