Թեև գործող ԱԺ-ի լիազորությունների ավարտին քիչ ժամանակ է մնացել, բայց ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Վլադիմիր Վարդանյանը մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել։
Նա ընդունել է ՀՀ նախագահի առաջարկը և համաձայնել առաջադրվելու ՍԴ դատավորի պաշտոնում։ Մանդատից հրաժարվելու որոշումը Վարդանյանը հիմնավորել է փակ գաղտնի քվեարկության ժամանակ գործընկերներին չկաշկանդելու մտադրությամբ։ Իսկ թե որքանով կաշկանդված կլինի որպես իշխող թիմի անդամ, Վարդանյանը պարզաբանել է ԱԺ ամբիոնից։
Սահմանադրական դատարանի ինը դատավորներից մեկի պատմուճանը նոր է կարվելու։ ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը խորհրդարանից տեղափոխվում է ՍԴ՝ պատգամավորի մանդատը փոխելով դատավորի պատմուճանով։
Վլադիմիր Վարդանյանի թեկնածությունը թափուր տեղի համար առաջադրվել էր դատավոր Հրայր Թովմասյանի լիազորությունների դադարեցումից հետո։ Փետրվարին ուժի մեջ է մտել Թովմասյանի նկատմամբ կայացված մեղադրական դատավճիռը՝ արդարադատության նախարարի պաշտոնը զբաղեցնելու տարիներին՝ 2010-2014 թթ․, պաշտոնեական լիազորություններն անցնելու համար։ Վճռաբեկ դատարանը վարույթ չէր ընդունել նրա փաստաբանների բողոքը, ինչը նշանակում է, որ Թովմասյանը, պաշտոնեական լիազորությունն անցնելու համար մեղավոր ճանաչվելով, այլևս չէր կարող պաշտոնավարել որպես ՍԴ դատավոր։
Այստեղ ինտրիգը, սակայն, այլ է․ հեղափոխությունից հետո մշտապես հարցականի տակ էր դրվում Թովմասյանի անաչառությունը, քանի որ նա Հանրապետական կուսակցության անդամ էր։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Վլադիմիր Վարդանյանի թեկնածության դեպքում զուգահեռն անխուսափելի էր։ «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Թագուհի Թովմասյանը խորհրդարանական մեծամասնությանը հիշեցրեց․
«Ինչպե՞ս եք վերաբերում այն գործիչներին, որոնք քննադատում են մի երևույթ, բայց հետո իրականացնում են ճիշտ նույնը։ Քանի՞ օրենսդրական փոփոխություններ, հազար ու մի քայլեր, որ հնարավոր լիներ գահընկեց հանել Հրայր Թովմասյանին։ Հիմա դուք, լինելով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամենավառ և ամենապրոֆեսիոնալ ներկայացուցիչներից, գնում եք նույն ճանապարհով։ Ձեր երդումը ուրիշ ի՞նչ բովանդակություն պիտի ունենա, որպեսզի մենք իսկապես հավատանք, որ դուք չեք գնում այնտեղ սպասարկելու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության շահերը, և դուք գնում եք իրապես անաչառ դատավոր լինելու»։
Նմանատիպ հարցերը Վլադիմիր Վարդանյանի համար անակնկալ չէին։ Նա սպասում էր այդ թեմային և հիշեցրեց, որ ՍԴ դատավորներից առնվազն հինգը այնտեղ են տեղափոխվել անմիջապես խորհրդարանից, և դա երբեք խնդրահարույց չի եղել։
«Նախ, ես ցավում եմ Հրայր Թովմասյանի և՛ լիազորությունների վաղաժամկետ դադարի համար, և՛ ամբողջ այս ոդիսականի համար։ Մեր նմանությունը միայն հետևյալն է, որ մենք երկուսս էլ գնում ենք պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի կարգավիճակից Սահմանդրական դատարան։ Հրայր Թովմասյանի հետ կապված հիմնական խնդիրը ոչ թե այն էր, որ վերջինս խորհրդարանից տեղափոխվում է Սահմանադրական դատարան, այլ այն, որ լինելով սահմանադրության նոր տեքստի ջատագով, խոսելով նրա մասին, որ սահմանադրական նոր կարգավորումները ավելի ժողովրդավարական են, ըստ էության, լինելով սահմանադրության «Այո»-ի շտաբի կարևորագույն դերակատարներից մեկը՝ այդուհանդերձ, իր իսկ կերտած Սահմանադրությունը թողնում է մի կողմ և ընտրվում է այն կարգավորումների համաձայն, որոնք մի քանի օր հետո պետք է դադարեին գոյություն ունենալ։ Իմ կարծիքով, նույն իրավիճակի մասին չի վկայում։ Մենք տարբեր իրավիճակներում ենք»։
Այս հիմնավորումները, սակայն, չփարատեցին անկախ պատգամավոր Հովիկ Աղազարյանի մտահոգությունները։
Հովիկ Աղազարյան – Դուք, փաստորեն քաղաքական թիմից եք գնում Սահմանական դատարան և շատ ժամանակ ուղղակի ձեր հայացքները կհամընկնեն, որովհետև դուք այդ արժեհամակարգի կրողն եք եղել։ Ձեր հայացքները հիմք կհանդիսանա այս կամ այն որոշման հետ կապված ձեր դիրքորոշման պահով։ 0-100 սանդղակում, որտեղ 0-ն այն է, որ դուք վարչապետի հրահանգին չեք ենթարկվի, 100-ն այն է, որ կենթարկվեք վարչապետի հրահանգին, ո՞ր հորիզոնականը կզբաղեցնեք։
Վլադիմիր Վարդանյան – Փորձեմ այլ կերպ պատասխանել հարցին։ Պատկերացրեք` ես բժիշկ եմ և տանել չեմ կարա ինչ-որ մարդու։ Բայց այնպես է ստացվել, որ վիրահատական սեղանի վրա այդ մարդը և իր կյանքի փրկությունը կախված է ինձանից։ Անկախ նրանից, թե ես ինչպես եմ վերաբերում այս կամ այն սուբյեկտին, սիրեմ, չսիրեմ, լավն է, լավը չի, ես պետք է առաջնորդվեմ երդմամբ։ Ինչպես բժիշկը պարտավոր է առաջնորդվել Հիպոկրատի երդմամբ և առաջին օգնություն ցուցաբերել, այլ ոչ թե՝ անձնական նախասիրություններով։
Վլադիմիր Վարդանյանը ուղիղ պատասխան չտվեց նաև Սահմանադրության նոր տեքստին առնչվող հարցին և, ըստ էության, խուսափեց Անկախության հռչակագրից հրաժարվելու մասին դիրքորոշում հայտնելուց։ Նման դիրքորոշման համար Վարդանյանը հիմնավորում ուներ։
«Եթե թույլ տաք, այս հարցերին չեմ պատասխանի, ոչ թե նրա համար, որ չունեմ այս հարցերի պատասխանը, այլ որովհետև այս հարցերը կարող են ձեր կողմից դրական քվե արժանանալու պարագայում դառնալ նաև ՍԴ-ում քննարկման առարկա, և ես ստիպված պետք է լինեմ այնտեղ պատասխանեմ այս հարցերին։ Եթե պատասխանեմ այսօր, ստիպված պետք է լինեմ, ըստ էության, ձեռնպահ մնալ այդ հարցերի քննարկումից ՍԴ-ում։ Իսկ ես մտածում եմ` և՛ ՍԴ կարգավիճակը, և՛ դատավորի կարգավիճակը պահանջում է, որպեսզի դու ապահովես անաչառություն և թույլ չտաս հրապարակային ելույթներում անդրադարձ այնպիսի հարցերին, որոնք կարող են քննարկման առարկա դառնալ ՍԴ-ում։ Հավատացնում եմ ձեզ, ես չեմ խուսափել պատասխանից, ես տվել եմ միակ հնարավոր պատասխանը, որը կարող է տալ ՍԴ դատավորի թեկնածուն։ Մնացած պատասխանները կլինեին, այդ թվում` երդման տեքստից դուրս»։
Վլադիմիր Վարդանյանն այս պահից արդեն զգուշավոր է նաև երկրի արտաքին քաղաքականությանն առնչվող հարցերը մեկնաբանելիս։ Անգամ եթե դրան դրդում է Արմենուհի Կյուրեղյանը՝ հիշեցնելով տարիներ առաջ հենց Վարդանյանի արած հայտարարությունները։
««Համոզված եմ, որ գործ ունենք Արցախում մարդկության դեմ ուղղված հանցագործության հետ, և ես պնդում եմ ու շարունակելու եմ անել ամեն ինչ, որ միջազգային ցանկացած հարթակում սատարեմ այն թեզը, որ Ադրբեջանը կատարել է լրջագույն հանցագործություններ և դրա համար համապատասխան պատիժ պետք է տրվի»։ Համարո՞ւմ եք արդյոք այս մոտեցումը այսօրվա կառավարության վարած արտաքին քաղաքականության հետ հակասություն ունեցող, և արդյո՞ք այս քաղաքական գործիչը պետք է ազատվի իր աշխատանքից, ինչպես օրինակ, Ցեղասպանության թանգարանի տնօրենը»։
Վլադիմիր Վարդանյանը չհերքեց, որ մեջբերումն իր խոսքից է, բայց իր զբաղեցրած որևէ պաշտոնից հրաժարվելու անհրաժեշտություն չտեսավ։
«Այն եզակի մարդկանցից եմ, որ օգտագործում եմ ոչ թե մարդկության դեմ, այլ «մարդկայնության դեմ ուղղված հանցագործություններ» եզրույթը։ Կարծես թե կարող եմ ես լինել և հասկանում եմ, թե դուք ինչու եք այդ հարցը տալիս։ Բոլոր հնարավոր հանդիպումների ժամանակ ես բարձրացրել եմ այդ թվում ձեր կողմից մատնանշված հարցը։ Պետական շահերով առաջնորդվելը, իմ կարծիքով, պետք է լինի ցանկացած պաշտոնատար անձի, այդ թվում ընդդիմադիր քաղաքական պաշտոնյայի համար կարևոր գրավողական։ Բայց չի կարող այդպիսի հարցը տրվի ՍԴ դատավորի թեկնածուին։ Հարց, որը վերաբերում է ՀՀ արտաքին քաղաքականությանը, եթե այն չի հետապնդում մի պարզ նպատակ` վերջինս հունից հանել կամ կազմակերպել փոքրիկ ընկերական սադրանք»։
ՍԴ-ի հետ Վլադիմիր Վարդանյանի, եթե կարելի է ասել, առաջին «հանդիպումը» տեղի է ունեցել դեռ 2003-ին։ Գլխավոր մասնագետից մինչև Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավար ճանապարհը նա անցել է 15 տարվա ընթացքում։ 7 տարվա ընդմիջումից հետո նա նորից վերադառնում է ՍԴ այն գիտակցումով, որ ամեն ստորակետ կամ նշան իր կայացրած որոշումներում կարող է բեկումնային լինել պետության համար։