Ռուսաստանի Պետդուման երկրորդ և երրորդ՝ վերջնական ընթերցմամբ ընդունել է թիվ 1138193-8 օրենքի նախագիծը, որը միտված է «պատմական հիշողության պաշտպանության» ուժեղացմանը։ Փոփոխություններ են կատարվել Քրեական օրենսգրքի 243.4 և 354.1 հոդվածներում։ Նոր կարգավորումների համաձայն՝ քրեական պատասխանատվություն է սահմանվում ինչպես Ռուսաստանի տարածքում, այնպես էլ դրա սահմաններից դուրս գտնվող՝ խորհրդային ժողովրդի գենոցիդի զոհերի հուշարձանների, գերեզմանների, և այլ հիշատակի կառույցների ոչնչացման, վնասման կամ պղծման համար, եթե դա արվել է դրանց պատմամշակութային արժեքին վնաս հասցնելու նպատակով։
Առավելագույն պատիժը կարող է հասնել մինչև 5 տարվա ազատազրկման։
Օրենքը լրացնում է նաև Քրեական օրենսգրքի 354.1 հոդվածը («Նացիզմի արդարացում»)՝ պատասխանատվություն սահմանելով խորհրդային ժողովրդի գենոցիդի փաստի հրապարակային ժխտման կամ արդարացման համար։ Այսպիսի արարքների համար նախատեսվում է մինչև 3 տարվա ազատազրկում։ Օրենքը մեկնաբանելիս Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը նշել է, որ «արևմտյան քաղաքական գործիչների կողմից պատմությունը վերաշարադրելու փորձերի պայմաններում կարևոր է պաշտպանել պատմական ճշմարտությունը և հիշեցնել խորհրդային ժողովրդի հերոսական պայքարի և վճարած բարձր գնի մասին»։
Օրինագիծը փետրվարի սկզբին խորհրդարան էր ներկայացրել «Եդինայա Ռոսիա» խմբակցության պատգամավորների խումբը։