Իսլամաբա՞դ, թե՞ Մոսկվա․ ո՞ր երկիրը կդառնա միջնորդ իրանա-ամերիկյան բանակցություններում

Մերձավոր Արևելքում պատերազմի 25-րդ օրն է, ԱՄՆ, Իսրայելը և Իրանը շարունակում են փոխադարձ հարվածները։ Չնայած, որ ԱՄՆ նախագահը հայտարարեց, որ 5-օրյա դադար է հայտարարում, և իսրայելա-ամերիկյան ուժերը չեն թիրախավորելու Իրանի էներգետիկ ենթակառուցվածքները, ռազմական գործողություններն, այնուամենայնիվ, շարունակվում են։

Իսկ Դոնալդ Թրամփի այդ հայտարարության հիմնավորումն այն էր, որ վերջին օրերին Վաշինգտոնն ու Թեհրանը իր խոսքով՝ «լավ և արդյունավետ զրույցներ» են ունեցել Մերձավոր Արևելքում հակամարտության «ամբողջական և լիակատար լուծման» շուրջ։

Արդյո՞ք Թել Ավիվը նախապես տեղյակ է եղել Թրամփի որոշման մասին, և ի՞նչ է ենթադրում այս հայտարարությունն իրականում՝ դադար վերցնել ցամաքային հարձակումից առաջ, թե՞ անուղղակի ընդունել, որ Թեհրանի կիրառած մարտավարությունը փոխեց դաշինքի պլանները։

Իրական բանակցություննե՞ր, թե՞ իմիտացիա

Իսրայելական աղբյուրները հայտնում են, որ Պակիստանն է լինելու իրանա–ամերիկյան բանակցությունների միջնորդը, իսկ հավանական հանդիպման օրը մարտի 25–ն է։

Մինչև Իսլամաբադի միջնորդության մասին լուրերի շրջանառվելը, կուլիսներում խոսվում էր Մոսկվայի թեկնածության մասին։  ՌԴ ԱԳ նախարարը նույնիսկ հայտարարեց՝ «Ռուսաստանը պատրաստ է օգնելու Իրանի շուրջ հակամարտության կարգավորման հարցում»: Սերգեյ Լավրովն այդ մասին հայտնել էր իր եգիպտացի պաշտոնակից Բադր Աբդել Աթայի հետ հանդիպման ժամանակ։

Դոնալդ Թրամփը մարտի 23–ին էր հայտարարել, որ Իրանի հետ բանակցություններ են ընթանում, և այժմ համաձայնության հասնելու լավ հնարավորություն կա: ԱՄՆ նախագահը պնդել էր, որ Իրանը համաձայն է հրաժարվել միջուկային զենք ունենալու ծրագրերից: Ըստ Թրամփի՝ Թեհրանն այժմ ունի ևս մեկ հնարավորություն՝ վերջ դնելու ԱՄՆ-ին և նրա դաշնակիցներին ուղղված սպառնալիքներին: Սպիտակ Տան ղեկավարը նաև հույս էր հայտնել, որ Թեհրանը կօգտվի այդ հնարավորությունից:

«Նրանք ուզում են խաղաղություն։ Նրանք համաձայնել են, որ չեն ունենա միջուկային զենք և այլն։ Բայց տեսնենք, թե ինչ կստացվի։ Բայց ես կասեի, որ շատ մեծ հնարավորություն կա», — ասել է Թրամփը լրագրողներին:

CBS News հեռուստաընկերությունը, հղում անելով Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնյայի, հայտնել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունից հետո Թեհրանում ուսումնասիրում են Վաշինգտոնի ուղերձը: «Մենք ստացել ենք ԱՄՆ-ի պայմանները միջնորդների միջոցով, և դրանք քննարկվում են», — հեռուստաալիքին ասել է պաշտոնյան, սակայն մանրամասներ չի հայտնել։

Իրանի ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղային հերքել է ԱՄՆ-ի հետ խորհրդակցությունների անցկացման մասին տեղեկությունները, բայց նշել է, որ Թեհրանը բարեկամական երկրների միջոցով ստացել է ուղերձներ պատերազմը դադարեցնելու շուրջ բանակցություններ վարելու ԱՄՆ-ի հարցման մասին։ Իրանի խորհրդարանի խոսնակն իր հերթին ավելի վաղ հայտնել էր, որ ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն վարում։

«Կեղծ լուրերն օգտագործվում են ֆինանսական և նավթի շուկաները մանիպուլացնելու և այն ճահճից դուրս գալու համար, որում խճճվել են Միացյալ Նահանգներն ու Իսրայելը», — գրել էր Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը։

Reuters-ը հավելում է, որ իսրայելցի մի պաշտոնյա և իրավիճակին ծանոթ երկու այլ աղբյուր հայտնել են, որ հենց Ղալիբաֆն է ամերիկյան կողմի հետ բանակցություններ վարում։

Financial Times–ն էլ  հաստատում է, որ կուլիսային քննարկումներ, այդուամենայնիվ, ընթանում են։ Ըստ լրատվամիջոցի, Պակիստանը փորձում է միջնորդել ԱՄՆ-ի, Իսրայելի և Իրանի միջև պատերազմը դադարեցնելու հարցում՝ օգտագործելով իր կապերը և՛ Վաշինգտոնի, և՛ Թեհրանի հետ։ Իսլամաբադն առաջարկել է բանակցություններ անցկացնել մոտ ապագայում։ Ըստ լուրերի՝ Պակիստանի բանակի հրամանատարը և վարչապետը արդեն կապի մեջ են Դոնալդ Թրամփի և Մասուդ Փեզեշկիանի հետ։

Իրանի նախագահը պատասխանել է Սպիտակ տան առաջնորդին՝ «ԱՄՆ նախագահի հայտարարությունները հնչում են էներգակիրների գները նվազեցնելու և իր ռազմական ծրագրերը իրականացնելու համար ժամանակ շահելու համար»։ Թեհրանը կրկին հայտարարել է, որ պատերազմը կավարտվի միայն վնասների փոխհատուցման, պատժամիջոցների վերացման և չմիջամտելու միջազգային երաշխիքների դեպքում։

Ի՞նչ իրավիճակ է գետնի վրա

Մերձավոր Արևելքում ռազմական գործողությունները շարունակվում են նույն ինտենսիվությամբ: Կրկին թիրախում են հայտնվել Թեհրանը, Սպահանը, Թավրիզը և Իրանի այլ բնակավայրեր, հաղորդվում է զոհերի և վիրավորների մասին: Իրանական ԶԼՄ-ները գրում են, որ բացի ռազմական օբյեկտներից՝ նաև գազատար է հրթիռակոծվել: Իսլամական Հանրապետության ուժերն էլ հարվածել են Իսրայելին: Թել Ավիվում կան ավերածություններ, տագնապի ազդանշաններ են հնչել Երուսաղեմում: Պայթյուններ են որոտացել նաև Էրբիլում և Սաուդյան Արաբիայում: Քուվեյթում էլեկտրահաղորդման յոթ գծեր դուրս են եկել շարքից, լսվել են պայթյուններ։ Պաշտոնյաները հայտարարել են, որ երկրի հակաօդային պաշտպանության համակարգերը արձագանքում են հրթիռային և անօդաչու թռչող սարքերի հարձակումներին։ Նրանք  քաղաքացիներին կոչ են արել հետևելու իշխանության հրահանգներին։

Իրանի դեմ ռազմական գործողություններին կարող է միանալ նաև Էր Ռիադը։ Մինչև հակամարտության մեկնարկը Սաուդյան Արաբիայի իշխանությունները արգելում էին իրենց տարածքը և օդային տիրույթը օգտագործել Իրանին հարվածելու համար։ Սակայն, ինչպես հայտնում են WSJ-ի աղբյուրները, վերջին շրջանում Էր Ռիադը թույլատրել է ամերիկյան զինվորականներին օգտագործել երկրի արևմուտքում գտնվող Թագավոր Ֆահդի անվան ավիաբազան։

Տնտեսական իրավիճակը՝ դիվանագիտության և պատերազմի առանցքում

Հորմուզի նեղուցը, որտեղով անցնում է աշխարհում սպառվող նավթի մոտ 20 տոկոսը, դեռ փակ է: Թրամփի հայտարարություններից հետո նավթի գինը որոշ չափով նվազեց, սակայն վառելիքի գինը կրկին բարձրացել է՝ հատելով մեկ բարելի համար 100 դոլարի շեմը։ Ճապոնիան հայտարարել է, որ նավթի պահանջարկը բավարարելու համար հինգշաբթի կսկսի օգտագործել իր ազգային պաշարները: CBS News-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյաներին, հայտնում է, որ Իրանը Հորմուզի նեղուցում մոտ մեկ տասնյակ ստորջրյա ականներ է տեղադրել։

Թրամփի ակնկալիքը

ԱՄՆ-ն ցանկանում է ավարտել Իրանում պատերազմը, որպեսզի Դոնալդ Թրամփը կարողանա ստանալ Իսրայելի ազգային մրցանակը, հաղորդում է Ynet-ը՝ հղում անելով իսրայելական աղբյուրին։ Անցած տարվա դեկտեմբերի վերջին Բենյամին Նեթանյահուն հայտարարել էր, որ Դոնալդ Թրամփը արժանացել է Իսրայելի մրցանակին՝ հրեական պետության ամենահեղինակավոր պարգևին, որը մինչև այժմ հանձնվել է բացառապես իսրայելցիներին։

ՄԱԿ–ի արձանագրումը

Մերձավոր Արևելքում հակամարտության սրման 25 օրվա ընթացքում տարածաշրջանի երեխաները զգում են դրա սարսափելի հետևանքները։ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ղեկավար տեղակալ Թեդ Չայբանը թվեր է հրապարակել, տեղեկացնելով, որ Իրանի դեմ ԱՄՆ-Իսրայել ռազմական գործողության սկսվելուց ի վեր սպանվել կամ վիրավորվել է առնվազն 2100 երեխա, այդ թվում՝ 206-ը Իրանում և 118-ը Լիբանանում։ Չորս երեխա սպանվել է Իսրայելում և մեկը՝ Քուվեյթում։ «Պատերազմի սկզբից ի վեր օրական վիրավորվել կամ սպանվել է 87 երեխա»,- հայտնել է երեխաների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կառույցի ներկայացուցիչը։

Leave a Comment