Գիտնականը պատմել է, թե ում է ավելի բնորոշ դեպրեսիան

Գիտնականը պարզաբանել է, թե որն է դեպրեսիայի բարձր ռիսկի գլխավոր պատճառը


ԵՐԵՎԱՆ, 24 մարտի․/Նովոստի-Արմենիա/. «Բու» քրոնոտիպին պատկանող մարդիկ վիճակագրորեն դեպրեսիայի զարգացման ավելի բարձր ռիսկ ունեն, հայտնել է gazeta.ru-ն՝ հղում անելով գենետիկ, Գյոթինգենի և Սիբիրի դաշնային համալսարանների պրոֆեսոր, ՌԳԱ Ընդհանուր գենետիկայի ինստիտուտի առաջատար գիտաշխատող Կոնստանտին Կրուտովսկիին։


«Հետազոտությունների արդյունքները ցույց են տվել, որ «բուերը» ոչ միայն վիճակագրորեն կապված են ավելի բարձր ստեղծարարության և նորարարության հետ, այլև միաժամանակ՝ որոշ հոգեկան խնդիրների ավելի բարձր ռիսկի հետ: Այս կապերն ուղղակի պատճառահետևանքային չեն, բայց ունեն մի քանի գիտական բացատրություն»,-ասել է նա։


Նրա խոսքով, «բուերի» մոտ դեպրեսիայի բարձր ռիսկի գլխավոր պատճառը սոցիալական կոնֆլիկտն է՝ կապված այսպես կոչված սոցիալական ջեթլագի (social jetlag) հետ: Այն առաջանում է, երբ մարդու ներքին կենսաբանական ժամացույցը չի համապատասխանում սոցիալական գրաֆիկի հետ:


«Օրինակ՝ «բուն» բնականորեն քնում է գիշերը ժամը 1-2-ին, իսկ աշխատանքը կամ ուսումը «պահանջում են» արթնանալ առավոտյան 6-7-ին», – բացատրել է գիտնականը:


Ըստ նրա, արդյունքում առաջանում է քրոնիկական քնի պակաս: «Սա հանգեցնում է կորտիզոլի մակարդակի բարձրացման, սերոտոնինային կարգավորման խաթարման և դեպրեսիայի ու տագնապայնության ռիսկի մեծացման:


Հետազոտությունները ցույց են տալիս, որ «բու» քրոնոտիպ ունեցող մարդկանց մոտ դոֆամինային և սերոտոնինային համակարգերի նեյրոմեդիատորները կարող են այլ կերպ աշխատել»,-պատմել է գիտնականը։


Գիտնականի խոսքով, դոֆամինը կապված է նորի որոնման, ստեղծարարության, մոտիվացիայի և ռիսկի հակվածության հետ: Սակայն նույն համակարգը կարող է կապված լինել նաև հուզական անկայունության և տրամադրության տատանումների հետ: Այսպիսով, «բու» քրոնոտիպը կապված է ցիրկադային գեների առանձնահատկությունների, ուղեղի նեյրոմեդիատորային համակարգերի և կենսաբանության ու սոցիալական ռեժիմի փոխազդեցության հետ:


«Հետևաբար, «բուերի» մոտ վիճակագրորեն ավելի հաճախ են դիտվում ստեղծարարություն, նորարարություն և ճկուն մտածողություն, բայց միևնույն ժամանակ, տառապում են քնի պակասից, սոցիալական անհարմարավետությունից և հուզական խոցելիությունից: Թեև կարևոր է հասկանալ, որ սրանք միայն հավանական միտումներ են, այլ ոչ թե խիստ կանոններ», – նշել է գիտնականը:


 

Leave a Comment