Մարզային այցելություններ ու քաղաքական նոր հայտեր․ կուսակցությունները մտնում են ակտիվ քարոզչության փուլ

Մարզային այցեր, տարբեր ձևաչափերով հանդիպումներ ու խոստումներ․ Հայաստանն աստիճանաբար մտնում է նախընտրական ակտիվ փուլ։ Իշխող ուժի ներկայացուցիչները այսօր շարունակել են ներկուսակցական քարոզարշավն ու այցելել Գեղարքունիքի մարզ։ Վարչապետն ու կառավարության ներկայացուցիչները մարզի բնակիչների հետ տարբեր բնակավայրերում տարբեր խնդիրներ են քննարկել։ Երկրորդ նախագահի գլխավորած «Հայաստան» դաշինքի անդամներն էլ այսօր Աշտարակ են այցելել ու նախընտրական հանդիպում ունեցել այս համայնքի ներկայացուցիչների հետ։ Այսօր համալրվել է նաև ընտրությունների մասնակիցների ցանկը։ «Նոր ուժ» կուսակցությունն է հայտարարել, որ  մասնակցելու է հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին: Վարչապետի թեկնածուն Հայկ Մարությանն է:

Ինչպես նախորդ հանգստյան օրերին, այս շաբաթ ևս վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչները մարզերում էին։ Ուրախ ավտոբուսի երթուղին այս անգամ անցնում էր Կոտայքի և Գեղարքունիքի մարզերով։

«Բարի լույս, սիրելի՛ հայրենակիցներ, հարգելի՛ գործընկերներ, բարի լույս։ Ուրախ ավտոբուսն իր երթը սկսեց»։

Կանգառներ տարբեր բնակավայրերում, քննարկումներ տարբեր թեմաների շուրջ

Մարտունիում, օրինակ, պահեստազորի սպային հետաքրքրում է զինծառայողների բնակարանային ապահովման ծրագրի ճակատագիրը։ 2004 թվականից սպասում է իր հերթին։ Վարչապետն ասում է՝ կառավարությունն առաջիկայում որոշում կընդունի և  չորս տարում կլուծի հարցը։  

«Որոշումը հիմա ընդունում ենք, ֆինանսավորումը բացում ենք և 4 տարում բոլոր տները տալիս ենք»։

Մեկ այլ բնակավայրում քաղաքացիները վարչապետից ակնկալում են, որ գյուղի ճանապարհը վերանորոգվի սեղմ ժամկետում։

«Ամեն տարի ասում են 25, 26, 27  ինչքա՞ն կարելի է ժողովրդին խաբել, պարոն Փաշինյա՛նմեր ճանապարհը սարքեն, մեր մեքենաները գնան գան»։

«Ճանապարհը 2027 թվականին կսարքվի։ Այսքան ճանապարհ է սարքվում, բոլորը միանգամից չենք կարող, հերթով կարող ենք սարքել»։

Տարբեր համայնքներում բնակիչներին հուզող խնդիրները տարբեր են, բայց վարչապետը կարծում է, որ հունիսի 7-ի ընտրություններին Հայաստանի Հանրապետության քաղաքացին պատասխանելու է մեկ հարցի՝ տե՞ր է կանգնում խաղաղությանը, թե՞ ոչ։

«Ճանապարհ, ջրագիծ, դպրոց, մանկապարտեզ, ամեն ինչը կկառուցվի, բայց հիմա մեր հիմնական խնդիրը խաղաղությունն է, որովհետև այս ընտրությունների արդյունքներով Հայաստանի Հանրապետության քաղաքացին, ժողովուրդը մի հարցի պատասխան է տալու․ ինքը տեր է կանգնում խաղաղությանը, թե ոչ։ Տեր պետք է կանգնեք խաղաղությանը, որովհետև խաղաղություն որ եղավ, բոլոր հարցերը կլուծվեն, որ չեղավ, ով սիրտ կունենա դպրոց և այլ բաներ կառուցելու»։

«Քաղաքացիական պայմանագիր»-ը միակ ուժը չէ, որի ներկայացուցիչներն այսօր   մարզերում էին։  «Հայաստան» դաշինքի անդամները՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ, Աշտարակում էին  հանդիպում կազմակերպել քաղաքացիների հետ։

Մարտի 16-ին, հիշեցնենք, հայտարարվել է, որ դաշինքի վարչապետի թեկնածուն Ռոբերտ Քոչարյանն է։ Վերջինս աշտարակցիների հետ հանդիպման ժամանակ նշել է, որ արդեն ձևավորվում է մի դաշտ, որում լինելու են ընդդիմադիր խոշոր միավորներ և մեկ իշխանական միավոր։

Ռոբերտ Քոչարյանը նկատել է, որ քաղաքական դաշտի մյուս դերակատարների համեմատ իր ղեկավարած դաշինքը նոր է սկսել քարոզարշավը։

«Հիմա կարելի է ասել, թե մենք ուշանում ենքմեր կարծիքով՝ ուրիշները շուտ են սկսել։ Եվ մենք ամբողջ թափով և համոզմունքով մտնում ենք այս պայքարի մեջ»։

Ընտրական հայտերի ցանկն այսօր համալրվեց ևս մեկով։ «Նոր ուժ» կուսակցությունը կմասնակցի խորհրդարանական ընտրություններին, վարչապետի թեկնածուն Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանն է:

«Մեր պետությանը պետք է նոր ուժ, որը կփոխի այս ամենը, որը կփոխի պետական կառավարումը, որը կփոխի այս քաղաքական դաշտը, որը ոտքի կկանգնեցնի Հայաստանը, նոր ուժ, որը սկզբունքներից չի հեռանալու: Եվ այդ նոր ուժը մենք ենք»:

Մարությանը հայտարարում է, որ չեն համագործակցելու գործող իշխանության և Ռոբերտ Քոչարյանի գլխավորած ուժի հետ։ Մյուսների հետ քննարկելի են հետընտրական համաձայնությունները։

Leave a Comment