Գլխավոր դատախազը կառավարության հերթական նիստին նոր տվյալներ է ներկայացրել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին։ Աննա Վարդապետյանը, մասնավորապես, անդրադարձել է բնապահպանական նշանակության հողատարածքներին, Սևանի ավազանում քանդվող ապօրինի կառույցներին։ Նա ասել է, որ Երևանի հեռուստաաշտարակին հարող տարածքից պետությանն է վերադարձվել 7․5 հեկտար ընդհանուր մակերեսով հողատարածք ՝ 331 միլիոն 573 հազար դրամ կադաստրային արժեքով։ Այդ տարածքում քաղաքային անտառ հիմնվելու։
Երևանի հեռուստաաշտարակին հարող 7000 քմ ընդհանուր մակերեսով հողը կամրացվի Շրջակա միջավայրի նախարարությանը։ Այնուհետև այդ տարածքը անորոշ ժամկետով կտրամադրվի «Հայանտառ»-ին՝ քաղաքային այգի հիմնելու համար։ Հողատարածքի շուկայական գինը 417 միլիոն դրամ է։ Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն ասում է, որ այդ տարածքը կառավարությանը վերադարձնելու գործընթացն սկսվել է անցած տարվանից․
«Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության այս գույքի վերաբերյալ հայցադիմումը Հակակոռուպցիոն դատարանի կողմից բավարարվել էր 2025 թվականի մարտի 7-ի վճռով։ Դատախազությունը դատարանից հայցել էր անվավեր ճանաչել Երևանի քաղաքապետի և ֆիզիկական անձի միջև 2005 թվականի հուլիսի 21-ին կնքված առուվաճառքի պայմանագիրը և կիրառել անվավերության հետևանքներ»։
Կառավարության նախորդ որոշումներով հեռուստաաշտարակին հարող տարածքից ևս 5 հողամաս է փոխանցվել Շրջակա միջավայրի նախարարությանը։ Այս պահին նման տարածքների ընդհանուր մակերեսը 7․5 հեկտար է ՝ 331 միլիոն 573 հազար դրամ շուկայական կադաստրային արժեքով։ Աննա Վարդապետյանն ասում է, որ դատախազությունը վերջերս ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով հաշտության ևս մեկ համաձայնություն է ստորագրել դատարանում։ Այն արդեն 10-րդ համաձայնությունն է․
« Դա 2023 թվականի օգոստոսի 29-ի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցադիմումի մի մասն է՝ ընդդեմ Կոտայքի մարզի Աբովյան համայնքի նախկին ղեկավար Կարապետ Գուլոյանի օգնական Մանուկ Հակոբյանի և նրա կնոջ։ Բացի այդ, հիշեցնեմ, որ Աբովյան քաղաքի նախկին ղեկավար Կարապետ Գուլոյանի վերաբերյալ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվել է վարույթ, որը 2025 թվականի նոյեմբերի 6-ին հաստատված մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան։ Մենք մի փուլի ենք հասել, պարոն վարչապետ, երբ մեր քրեական վարույթները, որոնք ուղարկվում են դատարան և ապօրինի ծագում ունեցող գույքով հաշտությունները կամ վճիռները արդեն կարծես թե նույն ժամանակահատվածում են կայացվում կամ դատարանների կողմից վարույթ ընդունվում»։
Վաչապետ Նիկոլ Փաշինյանին հետաքրքրում է՝ քանի՞ հեկտար անտառ կարելի է հիմնել վերադարձված տարածքներում․
«Պարոն Մաթևոսյան, մենք համայնքի հետ ծրագիր ունենք այնտեղ՝ անտառվերականգնում անելու, կամ անտառը, գիտե՞ք ինչ, քաղաքային տրամաբանության անտառ պետք է լինի, որը նաև հարմար լինի մարդկանց զբոսնելու համար և այլն։ Իմիջիայլոց, այդպիսի ծրագիր մենք ունենք և Դալմայում։ Այնտեղ, իհարկե, տարածքը ավելի մեծ է, բայց քաղաքային անտառ ասելով, նկատի ունեմ, որ նաև քայլուղիներ, վազքուղիներ, հեծանվուղիներ լինեն, պայմանով, որ ներսում ոչ մի առևտրային տարածք չի լինելու, այսինքն՝ ակտիվ կյանքի համար հարմար, բայց առանց կոմերցիոն կետերի»։
ՇՄ նախարար Համբարձում Մաթևոսյանը մանրամասնում է՝ Նորքի հատվածում մոտ 50 հեկտար տարածք կարող է դառնալ քաղաքային անտառ․
«Հետագայում դրանք նպատակային նշանակությամբ կփոփոխվեն, կառավարության որոշումից անմիջապես հետո գործընթացը կսկսենք, բոլորը կդառնան անտառային նշանակության հողատարածքներ, մենք նախատեսում ենք, այս պահին էլ միջազգային գործընկերների հետ աշխատում ենք, սպասում ենք պատասխանին՝ միջազգային դոնորների ներգրավելով, տվյալ հատվածում իրականացնենք անտառային պուրակի գաղափարը»։
Վարչապետին գոհացնում է այս պատասխանը․
«Շատ լավ լուր է, որ մենք Նորքում 50 հեկտարանոց հատված ունենք, որը կարող ենք անտառ դարձնել։ Այսինքն՝ 50 գումարած 250, էդ նշանակում է, որ Երևանում ֆունդամենտալ խնդիր կարող ենք մենք լուծել, և պետք է կենտրոնանալ այս գործի վրա, և հնարավորինս արագ դա իրականացնել»։
2025-ին պետությանն է վերադարձվել 13․000 հեկտարից ավելի ընդհանուր մակերեսով անտառային կամ բնապահպանական նշանակության հողատարածք։ Դրանից «Խոսրովի անտառ» պետական արգելոցին է միացվել 5330 հեկտար, իսկ վարձակալության պայմանագրի խզման գործընթացով «Սևան» ազգային պարկին է վերադարձվել 79 հեկտար տարածք՝ ասում է ՇՄ նախարարը։ Ըստ գլխավոր դատախազի ներկայացրած տվյալների՝ Սևանի ավազանում քանդվել է 83 ապօրինի կառույց՝ 33 հողամասերում։