ՀՀ Սահմանադրության նոր տեքստը պատրաստ է․ ինչ պատասխան է ենթադրվում աղմկահարույց հարցերին

Սահմանադրության նոր տեքստը պատրաստ է, բայց կհանրայնացվի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունում և ԱԺ խմբակցությունում քննարկվելուց հետո միայն։ Որպես Սահմանադրության փոփոխության միակ կողմնակից քաղաքական ուժ՝ ՔՊ–ն առաջինն է ծանոթանալու նոր տեքստին։ Մինչև քննարկումները, սակայն, արդեն բացահայտվում են հիմնական և սկզբունքային հարցերի շուրջ մոտեցումները։ Խոսքն առաջին հերթին Սահմանադրության նախաբանում անկախության հռչակագրին հղում անել-չանելու և բարձրաստիճան պաշտոնյաների համար երկքաղաքացիության սահմանափակման հարցերի մասին է։

ՀՀ Սահմանադրության փոփոխության հիմնական՝ ամենաաղմկահարույց հարցի հետ կապված անակնկալներ, կարծես, չեն սպասվում։ Մոտ մեկ տարի հնչող ակնարկները այժմ վարչապետ Փաշինյանի համար վերածվել են հաստատուն համոզմունքի և պնդումների, որոնց մասին նա արդեն զրուցում է Հայաստանի քաղաքացիների հետ իր մարզային հանդիպումների ժամանակ։ Մայր օրենքի նախաբանում անկախության հռչակագրին հղման պահպանումը, ըստ Փաշինյանի, արդիական չէ։

«Մենք պետք է մեր բոլոր պրոբլեմներին առերեսվենք։ Այո, պարզ ասում եմ և երկար մտածելուց հետո եմ ասում, համոզված լինելուց հետո եմ ասում, ասում եմ` այո՛, մեր Անկախության հռչակագիրը, որի վերնագիրը մենք դրել ենք Անկախության հռչակագիր, դա անկախության հռչակագիր չի, դա կոնֆլիկտի և կախվածության հռչակագիր է․ որովհետև եթե դու հռչակագիր ես ընդունում, որով քո բոլոր հարևաններին մարտահրավեր ես նետում, ո՞ւմ հաշվին։ Նշանակում է ինչ–որ մեկի վրա հույս ես դնում, իսկ որ ինչ–որ մեկի վրա հույս ես դնում՝ այդ դրսի մեկ, երկու, երեք ուժերի վրա, քեզ գցում ես նրանց «չանգյալի» վրա։ 2024-25 թ–ին ի՞նչ է տեղի ունեցել Հայաստանի Հանրապետությունը այդ «չանգյալից» դուրս է եկել։  Սա է, և մենք սա պետք է գնահատենք»։   

Սահմանադրության նախաբանում Անկախության հռչակագրին հղումը, որտեղ հիշատակվում է Լեռնային Ղարաբաղի միացումը Հայաստանին, ըստ պաշտոնական Բաքվի՝ վերջին խոչընդոտն է խաղաղության պայմանագիրը վերջնական ստորագրելու համար։ Նախապայմանը շարունակեց առաջ քաշվել անգամ Հայաստանի ՍԴ 2024թ. սեպտեմբերյան որոշումից հետո․ Ադրբեջանի հետ սահմանազատման կանոնակարգին առնչվող քննության ժամանակ ՍԴ–ն, ըստ էության, արձանագրեց, որ Անկախության հռչակագիրը իրավական ուժ ունեցող փաստաթուղթ չէ, և միայն Սահմանադրությունն ունի գերակայություն։

ԱՆկախության հռչակագրի նախաբանից Լեռնային Ղարաբաղի հիշատակումը հանելու իշխանության մտադրությունների առնչությամբ ընդդիմությունը վտանգ է կանխատեսում։ «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար, Սահմանադրության վերանայման մասնագիտական խորհրդի անդամ Էդմոն Մարուքյանը երկու սցենար է ենթադրում։

«Դրա արդյունքում վերացվում է Հայաստանի անկախության հիմքը։ Նայեք, եթե մենք ընդունում ենք, որ Սահմանադրությունը տարածքային պահանջ ունի, մեր Սահմանադրական դատարանը ասում է` չունի։ Իր ասելով, սա կոնֆլիկտի հռչակագիր է, գնում ենք դա փոխելու, այսինքն՝ գնում ենք հանրաքվեի, և հանկարծ հանրաքվեով չի անցնում։ Ալիևը կարող է ասել` տեսա՞ք, դուք ընդունեցիք, որ տարածքային պահանջ ունեք, բայց դա չեղավ, հետևաբար, տարածքային պահանջ ունի ոչ միայն այն ժողովուրդը, որը 95 թվին ընդունեց Սահմանադրությունը և հռչակագիրը՝ դրանից առաջ, այլ նաև այսօրվա ժողովուրդը ունի տարածքային պահանջ և ես կարող եմ ձեր դեմ պատերազմեմ։ Սա մեկ։ Երկրորդ տարբերակը պատկերացնենք․ժողովուրդը գնում է տեղամասեր և ասում է` այո, մենք կողմ ենք, հանենք Սահմանադրությունից նախաբանը։ Մենք վերացնում ենք ծննդյան վկայականը, և այս երկիրն ունենալու է ֆունդամենտալ խնդիրներ դրանից հետո»։

Մարուքյանն, ի դեպ, տևական ժամանակ է՝ չի մասնակցում մասնագիտական խորհրդի  նիստերին՝ կատարվող փոփոխություններին իր անհամաձայնության պատճառով։  

Ինչ վերաբերում է Սահմանադրության ընդհանուր փոփոխությանը, ապա, արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի ներկայացմամբ, մասնագիտական հանձնաժողովը որոշել է նախկինում մշակված հայեցակարգային դրույթների հիման վրա մշակել տեքստը։ Հայեցակարգը մշակվել էր դեռ քովիդի համաճարակից և պատերազմից առաջ։ Արդեն պատրաստի տեքստին ընդհանուր մոտեցումը, ըստ նախարար Գալյանի, հետևյալն է․

«Կենտրոնում կրկին մարդն է, քաղաքացին, ժողովուրդը, և շեղում կառավարման այս կարգից, ըստ էության, չկա։ Այն կարծիքին ենք, որ ժողովրդավարության սկզբունքների լավագույն արտահայտումը հենց պառլամենտարիզմի մեջ է։ Բայց մենք շատ մեծ փոփոխություններ ենք արել այն համատեքստում, որ փորձել ենք ավելի ապակենտրոնացնել իշխանության թևերը և բալանսավորել։ Օրինակ` վերահսկողական մեխանիզմներ տրամադրելով Ազգային ժողովին վարչապետի գործունեության նկատմամբ և այլն։ Մարդու իրավունքների համատեքստում առաջարկելու ենք, որ 3-րդ գլխում զետեղված իրավունքները դառնան հիմնական իրավունքներ։ Խոսքը սոցիալական ապահովության իրավունքի և առողջապահության իրավունքի մասին է, ինչը նշանակում է, որ պետությունը պետք է ավելի մեծ բեռ, ավելի մեծ պոզիտիվ պարտականություն ստանձնի այդ իրավունքների պաշտպանության համատեքստում»։

Սկզբունքային հարցերից մեկն էլ վերաբերում է երկքաղաքացիությանը։ Այդ հարցի շուրջ ևս մասնագիտական հանձնաժողովում տարբեր կարծիքներ և մոտեցումներ են եղել, անգամ՝ քաղաքական երանգ տեսնելու ակնարկներ։ Խորհրդի անդամ, փաստաբան Տիգրան Եգորյանը վստահ է, որ հաջողվել է կայուն պահել հիմնարար սկզբունքը, այն է՝․

«ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձը պետք է լինի միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի։ Սա կարևոր նշանակություն ունի ինչպես անվտանգային, այնպես էլ բովանդակային տեսանկյունից, արդյունավետության տեսանկյունից։ Այսինքն` երբ դու հայտ ես ներկայացնում, քո վերջին հույսը պետք է լինի Հայաստանը։ Քո վերջին հույսը չպետք է լինի որևէ այլ երկիր, և դու չպետք է հպատակվես որևէ այլ երկրի, և դու չպետք է ենթակա լինես որևէ այլ երկրի օրենսդրության և շահերի։ Սա շատ կարևոր բան է։ Այսինքն` քո վերջին հանգրվանը պետք է լինի Հայաստանը, որպեսզի դու ստեղծես Հայաստանի համար և որպեսզի դու պաշտպանես Հայաստանի շահը նաև որպեսզի չգործես Հայաստանի դեմ այլ շահերով պայմանավորված»։

Չի բացառվում, որ Սահմանադրության նոր տարբերակով ընդլայնվի բարձրաստիճան այն պաշտոնյաների ցանկը, ում վրա տարածվելու է երկքաղաքացիությունը սահմանափակող այս օրենքը։ 

Սահմանադրության տեքստը մշակած մասնագիտական խորհրդի աշխատանքները այսքանով դեռ ավարտված չեն։ Այն դեռ չի լուծարվելու՝ նշում է արդարադատության փոխնախարար Տիգրան Դադունցը։ «Քաղաքացիական պայմանագիր» վարչությունում և խմբակցությունում քննարկումներից հետո դեռ երկար ճանապարհ կա անցնելու։

«Դե դրանից հետո շարունակելու ենք քննարկումները, խորհուրդը չի լուծարվելու։ Մենք խորհրդի հետ կշարունակենք աշխատել հանրության հետ, պետք է շարունակենք աշխատել մինչև այն պահը, երբ որոշում կայացվի, որ նախագիծը գնում է առաջ։ Հետո երկար պրոցեսներ կան, պետք է կառավարության կողմից ուղարկվի Ազգային ժողով, Ազգային ժողովում քննարկումներ և հետո արդեն հանրաքվեի հարցն է»։

Որ Սահմանադրական հանրաքվեն կանցկացվի 2026 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո՝ իշխող ուժի որոշումն է՝ պայմանավորված ինչպես քաղաքական որոշմամբ, այնպես էլ իրավական տրամաբանությամբ, որը բացառում է երկու խոշոր համապետական քվեարկությունների համընկնումը:

Ըստ նախնական  ժամանակացույցի՝ 2026 թ. Հունիսին խորհրդարանական ընտրություններն են, ենթադրաբար 2027–ին՝ սահմանադրական հանրաքվեն:  

Leave a Comment