Նոր ընտրությունների հին «դեմքերը»․ ինչպես է այս շրջանում ձևավորվում հնի ու նորի քաղաքական կոնսոլիդացիան

Այս տարվա խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզչությունը կարելի է արդեն դե ֆակտո ընթացքի մեջ համարել, բայց ընտրություններին մասնակցող քաղաքական միավորների  ծրագրերի մանրամասներին «Ռադիոլուր»–ը կանդրադառնա, երբ կուսակցություններն ու քաղաքական դաշինքներն արդեն կգրանցվեն ԿԸՀ–ում։ Իսկ մինչ այդ անդրադառնանք այն քաղաքական ուժերին կամ միավորներին, որոնք արդեն ուղիղ խոսում են ընտրություններին առաջադրվելու մասին։  Համենայն դեպս, ըստ ընդհանուր դիտարկումների, այս պահի դրությամբ ամբողջովին նոր ուժի և նոր դեմքերի մասին խոսել հնարավոր չէ, քանի որ յուրաքանչյուր քաղաքական միավոր իր առանցքային դիրքերում ունի «հին» դեմքեր։

2026-ի խորհրդարանական ընտրապայքարի մեջ մտնող առաջին դաշինքի մասնակցության ձևաչափը թեև արդեն ընդհանուր առմամբ պարզ էր, բայց պաշտոնապես «Հայաստան» դաշինքը նոր է հաստատում, որ որոշել է ընտրողին ներկայանալ նորովի։ Նախկին երկուսի փոխարեն լինելու են երեքով՝ Դաշնակցությունը, երկրորդ նախագահի թիմը և երրորդ կուսակցություն, որի անունը հրապարակել չէին շտապում։ Սա, փաստացի, առաջին քաղաքական միավորն է, որը հայտնում է ընտրություններին  դաշինքով մասնակցելու մտադրությունը, հետևաբար, պարտավորված է լինելու հաղթահարել խորհրդարան անցնելու ավելի բարձր շեմ, քան  առանձին կուսակցությունները։ Երեք ուժով հանդես եկող «Հայաստան» դաշինքի դեպքում անհրաժեշտ կլինի ապահովել ընտրողների ձայների 8% անցողիկ շեմը։

Վերջին պոդքաստի ժամանակ Ռոբերտ Քոչարյանն ակնարկել էր իրենց մոտեցման մասին․ այն է՝ «այն, ինչ երկու անգամ կարողացել են անել, երրորդ անգամ էլ կկարողանան»։

Միավորումների շուրջ քննարկումները  ընդդիմադիր դաշտում շարունակվում են։ Հնարավոր մեկ այլ միավորման մասին ակնարկ եղավ, բայց որոշում դեռ կայացված չէ։ Հայ Ազգային Կոնգրեսի վարչապետի թեկնածու Լևոն Զուրաբյանը հաստատեց այլ ուժերի հետ միավորվելու պատրաստակամությունը՝ ընդգծելով «Ուժեղ Հայաստան» կուսակցության անունը։

«Հայ Ազգային Կոնգրեսը գիտակցում է, որ նպատակների իրագործման համար անհրաժեշտ է բոլոր ազդեցիկ, ժողովրդավարական, ռացիոնալ, իրատեսական քաղաքական ուժերի միավորումը։ Ուստի հայտարարում ենք, որ պատրաստ ենք այդ նպատակով սկսել նաև կոնսոլիդացիայի գործընթաց` «Ուժեղ Հայաստան» կուսակցության և այլ ուժերի հետ միասին»։  

«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Ալեքսան Ալեքսանյանը չի շտապում խոսել այլ ուժերի հետ գործակցության մասին։ Միայն հաստատում է, որ քննարկումներ կան։

« Ձևաչափը՝ ո՞նց ենք ներկայանում, ի՞նչ ենք անում, կներկայացնենք։ Այս պահին քննարկումներ կան արտախորհրդարանական ուժերի հետ, ում անցյալի հետ կապված մենք հարցեր չունենք։ Մեր վարչապետի թեկնածուն քննարկման ենթակա չէ։ Մեր վարչապետի թեկնածուն Սամվել Կարապետյանն է»։  

«Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցչի խոսքից մի քանի եզրահանգում կարելի է անել։ Ալեքսանյանը մասնակցել է ՀԱԿ–ի համագումարին։ Նշանակում է, որ այդ քաղաքական ուժի անցյալի առնչությամբ, ինչպես հայտարարեց, հարցեր չունի։ Իսկ  հաստատումը, որ  վարչապետի՝ «Ուժեղ Հայաստան»–ի թեկնածուն Սամվել Կարապետյանն է, ենթադրում է, որ քննարկվող միավորումները հնարավոր է լինեն «Ուժեղ Հայաստան» կուսակցության ընտրացուցակի ներքո։

«Հավելյալ բոլոր մանրամասները կներկայացնենք, երբ ավարտենք բոլոր քննարկումները»։  

«Ուժեղ Հայաստան»-ի խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանն ավելի վաղ հայտարարել էր, որ քննարկում են կոնսոլիդացիայի տարբերակներ բացառապես արտախորհրդարանական ընդդիմադիր ուժերի հետ՝ բացառելով  գործակցությունը ներկայիս խորհրդարանական կուսակցությունների հետ:

Ընտրությունների նախաշեմին «Ուժեղ Հայաստան»-ի հետ ուժերը մեկտեղելը հնարավոր համարեց նաև Հայ ազգային կոնգրեսը։ Թեև սոցցանցում շրջանառվել է նաև «Օրինաց Երկիր» կուսակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանի՝ «Ուժեղ Հայաստանին» միանալը, սակայն սա դեռ չունի պաշտոնական հաստատում։

 Քաղաքականություն վերադառնալու ցանկություն հայտնել է մեկ այլ գործիչ էլ։ Պաշտպանության նախկին նախարար, ՌԴ–ում Հայաստանի նախկին դեսպան Վաղարշակ Հարությունյանը ընդունել է ցուցակ գլխավորելու մասին «Ռեֆորմիստներ» կուսակցության ղեկավար Վահան Բաբայանի առաջարկը։

«Տեսնում եմ, որ իմ ուժերի հնարավորությամբ կարող եմ աջակցել, որպեսզի մենք կարողանանք դիմակայել այն սպառնալիքներին, որ այսօր ունենք։ Նույնիսկ 91 թվին պատերազմի ժամանակ այդպիսի սպառնալիք չի եղել»։

Պաշտպանության նախկին նախարարը  թշնամական քայլ է համարում այն, որ Ադրբեջանի և Թուրքիայի հետ սահմանները դեռ բաց չեն և դիվանագիտական հարաբերություններ հաստատված չեն, պնդում է, թե իրավական որևէ ուժ չունեցող նախաստորագրված պայմանագիրը ընդամենը հրադադարի մասին է։ Վաղարշակ Հարությունյանը Հայաստանը տեսնում է դեռ պատերազմական  վիճակում է և պետության անվտանգության լավագույն երաշխիքը համարում է ռազմական բալանսը։    

Նախաքարոզչական այս տրամադրություններին զուգահեռ՝ Հայաստանի տարբեր մարզերով շրջում է «ուրախ» կամ «խաղաղության» ավտոբուսը, ինչպես  բնորոշում են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամները՝ գործադիր և օրենսդիր իշխանության ներկայացուցիչները։ Մի քանի մարզերից հետո արդեն Սյունիքում անվտանգային խնդիրների մասին խոսելիս  վարչապետ  Փաշինյանը հիշեց խոստումը՝ բոլոր ցանկացողներին ցուցադրել վերջին տարիներին ձեռք բերված սպառազինությունը։

«Արդեն քանի խումբ հրավիրել եմ, գնացել ենք, բայց այնքան մեծ է մարդկանց թիվը, որ ի վերջո եկանք  եզրակացության, որ պետք է բոլորին ցույց տանք հրապարակային, որպեսզի մեր քաղաքացիները տեսնեն, թե ինչի մասին է խոսքը։ Բայց մենք դա անում ենք նաև խաղաղությունը ընդգծելով և խաղաղության համատեքստում, քանի որ խաղաղություն է»։  

Դա կլինի զորահանդեսի՞ ձևաչափով, դեո պաշտոնապես չի հաղորդվել։  

Մարզային այցերի ժամանակ, ի դեպ, գործող իշխանությունը կողմնորոշվել է իր նախընտրական խորհրդանիշների հարցում։ Բացի իրական Հայաստանի քարտեզով կրծքազարդից՝ հաստատվել է ևս մեկը։ Այսուհետ մարդիկ քարոզարշավի ոչ միայն կմասնակցեն կամ կլսեն, այլև դրա ընթացքում կուտեն։ Սրտիկի տեսքով թխուկները «Քաղաքացիական պայմանագրի» անդամները հաջորդ այցից կսկսեն բաժանել քաղաքացիներին։ Փաշինյանի խոսքով՝ խորհրդակցել են և հասկացել, որ հյուրասիրությունը չի հակասի օրենսդրությանը։ Բացի այդ՝ հացի և սիրո նշանի սիմվոլիկան նրան  դուր է եկել, իսկ հաց կիսելու գաղափարը հիշեցրել է  աստվածաշնչյան «խորհրդավոր ընթրիքը»։

«Նաև քաղաքական ձևակերպում ենք տվել իրական Հայաստանի գաղափարախոսության տրամաբանության մեջ` ասելով «այստեղ հայրենիք, այստեղ` հաց, այստեղ պետություն, այստեղ կաց»։ Մենք շտաբի հետ արդեն խորհրդակցել ենք և շատ սիմվոլիկ կլինի, որ մենք նաև որպես հացի սիմվոլ և սիրո սիմվոլ, որովհետև հացը նաև սիրո սիմվոլ է, մեր արշավների ընթացքում կհյուրասիրենք մեր սիրելի քաղաքացիներին ապրելու այդ սիմվոլիկան։ Որովհետև, այո՛, մենք գոյատևման օրակարգը այլևս հաղթահարված ենք համարում և մենք այլևս ապրելու օրակարգի մեջ ենք»։

Անսպասելի միավորումների շարքում, ի դեպ, կարելի է դիտարկել «Քաղաքացիական պայմանագրի» Սյունիք կատարած այցի ընթացքում տեղի ունեցածը։ Եթե 5 տարի առաջ Սյունիքում միջադեպ էր գրանցվել,  երբ պատերազմից անմիջապես հետո Գորիսի բնակիչները՝ քաղաքապետ Առուշ Առուշանյանի գլխավորությամբ, փակել էին Գորիսի մուտքը վարչապետի առջև, ապա այս անգամ այլ պատկեր էր․ Գորիսի երբեմնի ընդդիմադիր քաղաքապետ Առուշ Առուշանյանն էլ այսպես ասած «անակնկալ» միացավ «Քաղաքացիական պայմանագրի» և վարչապետ Փաշինյանի հանդիպումներին՝ ձեռքսեղմումով։

Leave a Comment