Երգի պետական թատրոնի բեմում հանդիսատեսը կհանդիպի նոր, հետաքրքիր մյուզիքլի՝ «Կապույտ մորուքի» հերոսների հետ։ Իրադարձությունները ծավալվում են 1600-ականների Փարիզում, որտեղ ապրում է Սատուրնինեն։ Նա համարձակ, ուժեղ աղջիկ է, որն անցնում է լուրջ փորձությունների միջով։ Ներկայացումը հին հեքիաթի ժամանակակից վերաշարադրում է և մտածված է մարդկային հարաբերությունների, արժեքների և գաղտնիքների մասին ամենախորը մտորումների համար։
Երգի պետական թատրոնի բեմում պրեմիերա է։ «Կապույտ մորուք» մյուզիքլը ստեղծված է Ամելի Նոտոմբի նույնանուն վեպի մոտիվներով։ Այն դրամատիկ պատմություն է մի աղջկա՝ Սատուրնինեի մասին, որը վարձով տուն է փնտրում Փարիզում։ Վարձակալած բնակարանում նա ստիպված է ընդունել տանտիրոջ պայմանները, որն արգելում է մտնել սենյակներից մեկը, պարտադրում է ընթրել իր հետ և դառնալ իր սրտակիցը ։

Տան տիրոջ՝ իսպանացի ազնվականի նախկին ութ վարձակալուհիներն անհետացել են։ Վեպն ու բեմադրությունը մտածված են մարդկանց հարաբերությունների սահմանների, սիրո, մահվան և բազմակնության թեմաների շուրջ։
Բեմադրության հեղինակը մշակույթի վաստակավոր գործիչ, ռեժիսոր Հրաչ Քեշիշյանն է։ Նա ասում է․ «Ինձ համար կարևոր էր ստեղծել այն, ինչը թատերական հանդիսատեսի համար ընկալելի կլինի։ Այս պատմությունը ոչ միայն սիրո և շահագործման մասին է, այլև օրինաչափությունների, էգոյի և արժեքների սահմանների մասին»։
Դերասանուհի Նարինե Պետրոսյանը Երգի պետական թատրոնի բեմում առաջին անգամ է հանդես գալիս։ «Սատուրնինեի կերպարը լի է ուժով ու համարձակությամբ։ Նա մարտահրավեր է նետում մի մարդու, ով կարող է խլել իր կյանքը։ Այս ներկայացումը կյանքի և մահվան պայքար է, և յուրաքանչյուր ընտրություն կարող է ճակատագրական լինել»։
Ներկայացման մեջ հնչում են նաև ժամանակակից հիթեր։ Մյուզիքլում իսպանացի արիստոկրատին մարմնավորում է Արսեն Գրիգորյանը։ Նա նշում է․ «Կերպարը գաղտնիք ունի, բայց ժամանակի ընթացքում պիտի բացահայտվի։ Սա այն տեսակն է, որ հեռացել է իրականությունից, փակվել է իր մեջ և ձևավորվել են նրա մանիակալ դրսևորումները»։

Ներկայացման մեջ ներգրավված են Երգի պետական թատրոնի երիտասարդ երգչուհիները, ովքեր բեմում հանդես են գալիս նաև իրենց դերասանական հմտություններով։ «Ութ կանայք, որոնք բոլորը իմ կյանքի մասն են կազմում», – ասում է Արսենը։
Հագուստների հեղինակը Ֆանինա Հարությունյանն է, խորեոգրաֆը Դիանա Հայրապետյանը, երաժշտական ձևավորումը Էրիկ Նազարյանինն է։