Ստամբուլում հայ–թուրքական երկկողմ շփումները բացառված չեն․ Խանդանյանը Թուրքիա մեկնելու մասին

Հայաստանի խորհրդարանական պատվիրակությունը ապրիլի 16-ից 19-ը կգործուղվի Թուրքիա՝ Ստամբուլում մասնակցելու Միջխորհրդարանական միության 152-րդ վեհաժողովին։ Պատվիրակությունը կգլխավորի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը: Ի՞նչ օրակարգ ունի Միջխորհրդարանական վեհաժողովի նիստը, և դրա շրջանակում հնարավո՞ր է նաև Հայաստան-Թուրքիա երկկողմ հանդիպում լինի՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ֆոնին։

ԱԺ նախագահի գլխավորած՝ Թուրքիա մեկնելիք պատվիրակության կազմում կլինեն խորհրդարանի արտաքին  հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը, ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Ծովինար Վարդանյանը, իշխող խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը։ Սարգիս Խանդանյանը «Ռադիոլուր»–ի հետ զրույցում մանրամասնեց այցի նպատակն ու օրակարգը.

«Ստամբուլում նախատեսված է Միջխորհրդարանական միության (որը միջազգային խորհրդարանական վեհաժողովն է, ինչպես օրինակ, Եվրոպայի խորհրդի պարագայում ԵԽԽՎ-ն է, ապա ՄԱԿ-ի պարագայում Միջխորհրդարանական միությունն է) 152-րդ վեհաժողովը։ Սովորաբար տարեկան մի անգամ տեղի է ունենում Ժնևում և մի անգամ ՄԱԿ անդամ որևէ երկրում։ Այս տարի Թուրքիայում է տեղի ունենալու՝ Ստամբուլում։ Գլոբալ բոլոր հարցերի, բոլոր օրակարգերի շուրջ քննարկումներ են տեղի ունենալու, նիստեր, նաև հավանաբար երկկողմ հանդիպումներ կլինեն, ինչպես միշտ»։

Հնարավո՞ր է Ստամբուլում տեղի ունենա նաև Հայաստան-Թուրքիա երկկողմ հանդիպում`հետաքրքրվեցինք ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահից։

«Այս պահին դեռ օրակարգի հստակություն չկա, որովհետև դեռ մեկ ամսից ավելի ժամանակ կա Միջխորհրդարանական միության վեհաժողովին։ Բայց նաև չեմ բացառում, որ լինեն, քանի որ շփումները վերջին տարիներին միշտ կան, նաև այս շրջանակում ևս եղել են հանդիպումներ»։ 

Անցած տարեվերջին Երևանն ու Անկարան տեղեկացրին, որ հունվարի 1-ից դյուրացրել են վիզաների տրամադրումը դիվանագիտական, հատուկ և ծառայողական անձնագրեր ունեցողների համար: Նաև երրորդ երկրների քաղաքացիների համար սահմանը բացելու պայմանավորվածություն էր ձեռք բերվել, որը պետք է կյանքի կոչվեր ամենասեղմ ժամկետում, բայց, որպես այդպիսին, դեռ չի իրագործվել: Այս ընթացքում թուրքական լրատվամիջոցները սկսեցին գրել, որ Թուրքիա-Հայաստան սահմանին՝ Ալիջանի անցակետում, վերազինման աշխատանքներ են: Հայկական կողմը ևս քանիցս պաշտոնապես տեղեկացրել է՝ Մարգարայի անցակետը ամեն պահի պատրաստ է գործարկման։ Այս տարեսկզբին հաղորդագրությամբ Հայաստանի ԱԳՆ-ն փոխանցել էր․

«Հայաստանն ու Թուրքիան ևս մեկ անգամ վերահաստատում են իրենց հանձնառությունը՝ շարունակելու երկու երկրների միջև կարգավորման գործընթացը՝ նպատակ ունենալով առանց որևէ նախապայմանների հասնել լիարժեք կարգավորման»։

Ասուլիսներից մեկում արտգործնախարար Արարատ Միրզոյանը հայտարարել էր.

«Պատրաստակամություն և՛ մենք, և՛ թուրքական կողմը մշտապես հայտնում ենք՝ և՛ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու, և՛ սահմանը բացելու պատրաստակամություն։ Ցավոք սրտի (և սա ևս հրապարակային փաստ է), թուրքական կողմը Հայաստան-Թուրքիա կարգավորումը շարունակում է կապել Հայաստան-Ադրբեջան կարգավորման հետ»։

Թեև Երևանն ու Անկարան այս տարիներին հայտարարել են, որ պատրաստ են հարաբերությունները վերականգնելու առանց նախապայմանների, այդուհանդերձ, Միրզոյանը նաև այսպիսի համոզմունք էր հայտնել.

«Իմ ընկալմամբ և իմ համոզմամբ՝ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունները կարգավորելը գուցե շատ ավելի հեշտացներ և դրական ազդեցություն թողներ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման վրա։ Այսպիսի ընկալում, գոնե իմ տպավորությամբ, դեռ չկա։ Պիտի շարունակենք երկխոսությունը և՛ նախարարների, և՛ հատուկ բանագնացների մակարդակով, և հնարավորության դեպքում երկրների ղեկավարների հանդիպումների ընթացքում ևս կտեսնենք»։

Հայաստան-Թուրքիա հարաբերություններում և հատկապես սահմանի վերաբացման առումով փոփոխություններ կան, ու հասունացել է իրադարձությունների տեղի ունենալու ժամանակը՝ հունվարի վերջին ասել էր վարչապետ Փաշինյանը՝ անդրադառնալով «Ռադիոլուր»–ի հարցին ու հույս հայտնելով, որ դեռ 2022-ին ձեռք բերված պայմանավորվածություններն առնվազն իրականություն կդառնան։ Դիվանագիտական հարաբերություններ հաստատելու ժամկետի հարցում կանխատեսում անելը վարչապետը վաղ էր համարել, նկատել, որ Թուրքիայից դրական ազդակներ կան, մնացածը, ասաց, կտեսնենք։ Քայլեր են արվում, որպեսզի հնարավոր որոշումները չխոչընդոտվեն անպատրաստ լինելու պատճառով՝ ասաց վարչապետը։

Հայտարարություններում նշվում է, որ այս պահին Մարգարայի մաքսային անցակետը լիարժեք պատրաստ է գործարկման, և սահմանը կբացվի երրորդ երկրների քաղաքացիների համար։ «Ռադիոլուր»–ը վարչապետին խնդրել էր մեկնաբանել, թե ինչ է սա նշանակում՝ ովքեր են լինելու այդտեղով եկող-գնացողները՝ դիվանագետնե՞ր, բիզնեսի ներկայացուցիչնե՞ր, զբոսաշրջիկնե՞ր։ Այսինքն՝ փակ է մնում միայն հայերի ու թուրքերի՞ համար։ Ի պատասխան՝ վարչապետը պարզաբանել էր. 

«Խոսքը երրորդ երկրի քաղաքացիների մասին է. ասենք, օրինակ, Իսպանիայի, Ռուսաստանի, Վրաստանի, Միացյալ Նահանգների քաղաքացի է, կարող է անցնել, իսկ Հայաստանի և Թուրքիայի քաղաքացիները՝ առայժմ ոչ, բացի այն դեպքերից, երբ ունեն դիվանագիտական անձնագիր։ Մնացած մանրամասները հընթացս երևի կերևան»։

Ավելի քան երեք տասնամյակ դիվանագիտական հարաբերություններ չունեցող Երևանն ու Անկարան 44-օրյա պատերազմից հետո կարգավորման հարցով բանակցություններ սկսեցին: 2022 թ․ հունվարից երկու երկրների հատուկ ներկայացուցիչները մի շարք հանդիպումներ են անցկացրել: Կարգավորման հարցով հատուկ բանագնացներ են նշանակվել Ռուբեն Ռուբինյանն ու Սերդար Քըլըչը։

Բարձր մակարդակով շփումները նույնպես շարունակվել են․ Փաշինյանը երկու անգամ այցելել է Թուրքիա՝ 2023-ին Անկարա, 2025-ին՝ Ստամբուլ, իսկ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպումներ են տեղի ունեցել նաև Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի շրջանակում։

Leave a Comment