Իրավունքների պաշտպանության մակարդակը շատ ցածր եմ գնահատում, վերջին տարիներին իրավունքների պաշտպանությունը նահանջ է ապրել․ Հարություն Հարությունյան

Իրավաբանական ընկերության հաջողությունը կախված է ոչ միայն փաստաբանների պրոֆեսիոնալիզմից, այլև մարդու իրավունքների պաշտպանության նկատմամբ հետևողական սկզբունքային դիրքորոշումից։ Iravaban.net-ը «Հայաստանյան իրավաբանական ընկերությունները» շարքի շրջանակներում զրուցել է «Իրավաբանական խորհրդատվական խումբ» փաստաբանական ընկերության տնօրեն, Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հանձնաժողովի ոչ դատավոր անդամ, փաստաբան Հարություն Հարությունյանի հետ։

– Պարոն Հարությունյան, խնդրում եմ պատմեք «Իրավաբանական խորհրդատվական խումբ» փաստաբանական ընկերության մասին։ Ե՞րբ է հիմնադրվել ընկերությունը, ի՞նչ փաստաբանական և իրավաբանական ծառայություններ եք մատուցում ։

Մեր ընկերությունը հիմնադրվել է 2012 թվականին, ծառայություններ է մատուցում իրավաբանության ոլորտում, ծառայությունների շարքը բավականին ընդգրկուն է։ Իր մեջ ներառում է քաղաքացիական, քրեական, աշխատանքային իրավունքի ճյուղերը, նաև ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործընթացները։

-Ձեր ընկերությունը, ինչպես նշեցիք, բազմաթիվ ճյուղերով է մասնագիտացված, դրանցից ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ինստիտուտը համեմատաբար նոր է մեր երկրում։ Այս գործերով ի՞նչ առանձնահատկություններ կան։

Այդ ոլորտում առանձնահատկությունները շատ-շատ են, պայմանավորված հենց Ձեր նշած նոր ձևավորված լինելու հանգամանքի հետ, ըստ էության ամենաառաջին դատական գործերից սկսած առիթ ունեցել ենք ներգրավված լինելու։ Իրավասու մարմնի մոտեցումներն են փոխվել և բնականաբար նաև որոշակի փորձ և հմտություններ ձեռք են բերել փաստաբանները, նաև գործեր քննող դատավորները։ Իրականում ցավով պետք է արձանագրեմ, բայց եթե նույնիսկ համեմատում ենք սկզբնական անորոշության հետ, որ բոլորի մոտ կար, այս պահին ունենք որոշակիորեն վատթարացում իրավիճակի, դա կփաստեն իմ բոլոր գործընկեր փաստաբանները, քանի որ դատախազության մոտեցումները, կարծեք, ավելի կոպիտ, կոշտ ու ոչ քննարկման ենթակա ֆոն են ստացել։

– Դուք հանդիսանում եք նաև դատավորների ընդհանուր ժողովի, էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի, ոչ դատավոր անդամ։ Կխնդրեմ ներկայացնեք, թե այս փորձը ինչպես է ձեզ օգնում աշխատանքային մյուս ոլորտներում։

Անկեղծ,  այստեղ հակառակ տրամաբանությունն է, հենց փաստաբանի աշխատանքն է ինձ օգնում, էթիկայի հանձնաժողովի, ոչ դատավոր անդամի կարգավիճակում առավել բարենպաստ ու առավել օբյեկտիվ գտնվելու հարցում, քանի որ շատ խնդիրներ, որոնք առերևույթ շատերի համար կարող են թվալ որպես կարգապահական խախտման հատկանիշ պարունակող արարք դատավորի կողմից, իրականում փաստաբանական գործունեության ընթացքում մեր ձեռք բերած որոշակի գիտելիքները, հմտությունները, նաև իմ նախկին դատական ծառայող հանդիսանալու հանգամանքը, շատ հաճախ այլ պատկեր է ցույց տալիս, որ կան խնդիրներ, որոնք օբյեկտիվ են, կան խնդիրներ, որոնք սուբյեկտիվ են։

Մանրամասները տեսանյութում

 

Leave a Comment