Եվրոպական հանձնաժողովը ՀՀ-ին կտա 90 մլն եվրո բյուջետային աջակցություն և 53 մլն եվրո տեխնիկական աջակցություն

Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 12–ի նիստում հավանություն տվեց Հայաստանի Հանրապետության և Եվրոպական հանձնաժողովի միջև «Բազմաոլորտ բյուջետային աջակցության պայմանագիր» ֆինանսավորման համաձայնագրին։

Հիմնավորման մեջ նշվում է, որ 2025թ. հուլիսին Եվրոպական հանձնաժողովի որոշմամբ հաստատվել է Հայաստանի համար Դիմակայունության և աճի պլանի ներքո 2025-2027 ֆինանսական տարիների համար նախատեսված ԵՄ ֆինանսական աջակցության 143 մլն եվրո ընդհանուր արժողությամբ բազմամյա գործողությունների ծրագիրը, որը բաղկացած է երկու՝ բյուջետային աջակցության և տեխնիկական աջակցության բաղադրիչներից՝ համապատասխանաբար 90 մլն եվրո և 53 մլն եվրո արժողությամբ:

  • Բյուջետային աջակցության ուղղություններն են.
  • հանրային ֆինանսների կառավարում և ներքին վերահսկողություն,
  • արտահանման դիվերսիֆիկացիա,
  • վիզաների ազատականացման երկխոսություն և իրավունքի գերակայություն,
  • զբաղվածություն, հմտություններ և սոցիալական ներառում:

Այժմ նախատեսվում է ստորագրել «Բազմաոլորտ բյուջետային աջակցության պայմանագիր» ֆինանսական համաձայնագիրը, որը բաղկացած է բյուջետային աջակցության 90 մլն եվրո և տեխնիկական աջակցության 53 մլն եվրո արժողությամբ բաղադրիչներից:

Նախագծով նախատեսվում է Հայաստանի Հանրապետությանը տրամադրել 90 մլն եվրո բյուջետային աջակցություն և 53 մլն եվրո տեխնիկական աջակցություն:

Բյուջետային աջակցության շրջանակներում Հայաստանը հանձնառություն է ստանձնել իրականացնելու 34 միջոցառումներ, այդ թվում՝  նույնականացման կենսաչափական համակարգի ներդրում, առողջության համընդհանուր ապահովագրության ու Ղարաբաղի փախստականների բնակարանային ապահովության ծրագրի շարունակական իրականացում։

Leave a Comment