Iravaban.net-ը ուսումնասիրել է Իրավական ակտերի հրապարակման միասնական հարթակում ՊՆ կողմից հանրային քննարկման դրված՝ «Պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կկատարելու մասին օրենքի նախագիծը։
Օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է պետական կառավարման համակարգում միջգերատեսչական փոխգործելիության հարթակների ներդրմամբ և գործարկմամբ, որի արդյունքում զինապարտների վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվությունը Պաշտպանության նախարարության (զինվորական կոմիսարիատների) կողմից ստացվում է ինքնաշխատ եղանակով համապատասխան պետական մարմինների էլեկտրոնային շտեմարաններից։
Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
«Պաշտպանության մասին» օրենքի 20-րդ հոդվածի կարգավորմամբ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաև գործատու կազմակերպությունների և ուսումնական հաստատությունների վրա դրված է զինապարտների գրանցամատյան վարելու, զինվորական հաշվառման ենթակա անձանց ցուցակներ կազմելու և զինվորական կոմիսարիատներին ներկայացնելու, ինչպես նաև բնակության վայրի կամ աշխատանքի (ուսումնական հաստատության) փոփոխության վերաբերյալ տվյալներ տրամադրելու պարտավորություն։ Նշված մեխանիզմը ձևավորվել է այն պայմաններում, երբ զինապարտների վերաբերյալ տեղեկատվությունը կենտրոնացված կերպով չէր հավաքագրվում և պետական մարմինների միջև տվյալների փոխանակումն իրականացվում էր հիմնականում ձեռքով կամ գրավոր հաղորդումների միջոցով։ Միևնույն ժամանակ փոփոխության է ենթարկվել քաղաքացու բնակության վայրի հաշվառման կամ հաշվառման փոփոխության իրականացման սահմանափակումը՝ կապված զինվորական կոմիսարիատներում նրա ունեցած պարտավորությունների հետ, ինչի արդյունքում առաջարկվում է, որ հաշվառումը կամ հաշվառման փոփոխությունը չդիտարկվի որպես սահմանափակում։ Զինապարտների վերաբերյալ տվյալները զինվորական կոմիսարիատներին հասանելի են դառնում բնակչության պետական ռեգիստրի և այլ համապատասխան պետական շտեմարանների հետ փոխգործելիության միջոցով, ինչը ապահովում է տվյալների ամբողջականությունը, արդիականությունը և ինքնաշխատ փոխանցումը՝ առանց քաղաքացու մասնակցության։ Գործող կարգավորմամբ նախատեսվում է, որ բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովները կամ անձի ֆունկցիոնալությունը գնահատող հանձնաժողովները պարտավոր են համապատասխան զինվորական կոմիսարիատին տեղեկացնել հաշմանդամություն ունեցող զինապարտների վերաբերյալ։ Քաղաքացիական կացության ակտերում զինապարտի տվյալների փոփոխության կամ մահվան գրանցման վերաբերյալ տեղեկատվությունը ներկայումս առկա է արդարադատության նախարարության վարած պետական ռեգիստրներում։ Զինապարտի նկատմամբ քրեական հետապնդման հարուցման, ազատությունից զրկման կամ պատժի կրումից ազատման վերաբերյալ տեղեկատվությունը գտնվում է իրավապահ մարմինների միասնական տեղեկատվական համակարգերում։ Հյուպատոսական հաշվառման, արտերկրում գտնվելու և վերադարձի վերաբերյալ տվյալները համակցված կերպով հասանելի են արտաքին գործերի նախարարության և ազգային անվտանգության ծառայության համապատասխան համակարգերում։
Կարգավորման բնույթը
Հոդված 1. «Պաշտպանության մասին» 2017 թվականի նոյեմբերի 15-ի ՀՕ-196-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 20-րդ հոդվածը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ՝
«ՀՈԴՎԱԾ 20. ԶԻՆԱՊԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՏԱՐՄԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ
- Պետական և տեղական ինքնակառավարման մարմինները, անկախ կազմակերպական-իրավական ձևից՝ գործատու կազմակերպությունները և ուսումնական հաստատությունները պարտավոր են`
- 1) համապատասխան զինվորական կոմիսարիատի գրավոր պահանջով աշխատող կամ սովորող զինապարտ քաղաքացիներին ծանուցել զինվորական կոմիսարիատ կանչվելու մասին.
- 2) զինապարտ քաղաքացիներին ազատել աշխատանքից կամ արձակել ուսումից` պարտադիր զինվորական ծառայության կամ զինվորական կոմիսարիատի ծանուցագրում նշված անհրաժեշտ ժամանակով:
- Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության համակարգի մարմինները պարտավոր են`
- 1) զինապարտ քաղաքացիներին անձնագիր կամ նույնականացման քարտ տալու գործողությունները կատարել զինվորական կոմիսարիատներում զինվորական հաշվառման կանգնած լինելու վերաբերյալ տեղեկատվության առկայության դեպքում.
- 2) զինվորական կոմիսարիատին տրամադրել տեղեկատվություն՝
-
- ա. հաջորդ տարում 16 տարին լրացող արական սեռի Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, ինչպես նաև քաղաքացիության կամ քաղաքացիությունը չորոշված կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն շնորհված կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցրած կամ մշտական բնակության վայրի հասցեն փոխած զինապարտ քաղաքացիների վերաբերյալ.
- բ. զինապարտ քաղաքացու նկատմամբ քրեական հետապնդում հարուցված կամ հետախուզում հայտարարված լինելու կամ դատվածություն ունենալու կամ կարճաժամկետ ազատազրկման կամ ազատազրկման ձևով պատիժ կրելու կամ պատժից ազատվելու վերաբերյալ.
- գ. զինապարտ քաղաքացուն վարորդական վկայական տրամադրված լինելու վերաբերյալ.
-
- 3) զինվորական կոմիսարիատներին աջակցել զինապարտ քաղաքացիներին զինվորական հաշվառման վերցնելու, պարտադիր զինվորական ծառայության զորակոչելու, վարժական հավաքների կամ հրամանատարաշտաբային, շտաբային վարժանքների, զորավարժությունների ներգրավելու գործընթացում:
- Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համակարգի մարմինները պարտավոր են զինվորական կոմիսարիատներին տրամադրել զինապարտ քաղաքացու և նրա ընտանիքի անդամների հաշմանդամության առկայության, հաշմանդամության խմբի, ինչպես նաև անձի ֆունկցիոնալության սահմանափակման աստիճանի վերաբերյալ տեղեկատվություն:
- Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության համակարգի մարմինները պարտավոր են զինվորական կոմիսարիատներին տրամադրել զինապարտի, նրա ընտանիքի անդամների, տատիկի, պապիկիվերաբերյալ քաղաքացիական կացության ակտերի գրանցամատյաններում առկա տեղեկատվությունը, ինչպես նաև զինապարտի կամ նրա ընտանիքի անդամի գործատուի կամ ուսումնական հաստատության վերաբերյալ տեղեկատվությունը։
- Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության համակարգի մարմինները պարտավոր են՝
- 1) զինվորական կոմիսարիատի գրավոր պահանջի դեպքում ծանուցել հյուպատոսական հաշվառման կանգնած զինապարտ քաղաքացուն.
- 2) զինվորական կոմիսարիատին տրամադրել զինապարտ քաղաքացուն տրված ծանուցումների արդյունքների վերաբերյալ տեղեկատվություն.
- 3) իրենց իրավասությունների շրջանակներում աջակցել պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ենթակա անձանց վերադարձին Հայաստանի Հանրապետություն:
- Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը պարտավոր է զինվորական կոմիսարիատիներին տրամադրել զինապարտ քաղաքացիների սահմանահատումների վերաբերյալ տեղեկատվությունը։
- Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ոլորտի մարմինները պարտավոր են զինվորական կոմիսարիատներին տրամադրել զինապարտ քաղաքացիների և նրանց ընտանիքի անդամների ուսումնառության և կրթության վերաբերյալ տեղեկատվությունը։
- Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն պարտավոր է զինվորական կոմիսարիատներին տրամադրել զինապարտ քաղաքացու նախկին և գործող գործատուների վերաբերյալ տեղեկատվություն, ինչպես նաև զինապարտ քաղաքացու կողմից տվյալ գործատուի մոտ աշխատանքի ընդունվելու, պաշտոնի փոփոխության, զբաղեցրած պաշտոնիև աշխատանքից ազատվելու վերաբերյալ տեղեկատվությունը։
- Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության ոլորտի մարմինները պարտավոր են զինվորական կոմիսարիատներին տրամադրել զինապարտ քաղաքացիների առողջական վիճակի հետազոտման և բժշկական փորձաքննության նպատակով առողջության առաջնային պահպանման և բժշկական կազմակերպություններ ներկայացված ուղեգրերիվերաբերյալ տեղեկատվություն, այդ թվում՝ զինապարտ քաղաքացու կամ զինծառայողի առողջական վիճակի՝ զինվորական ծառայության համար պիտանիության աստիճանը որոշող հիվանդությունների ցանկով սահմանված հիվանդություն ունենալու վերաբերյալ տեղեկատվություն։
10․ Սույն հոդվածով նախատեսված տեղեկատվության բովանդակությունը, ծավալը և տրամադրման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:
Հոդված 2. Օրենքի 21-րդ հոդվածում՝
1) 2-րդ մասի 2-րդ կետում «Հայաստանի Հանրապետության» բառը փոխարինել «Հանրապետական» բառով.
2) ուժը կորցրած ճանաչել 5-րդ մասը.
3) 6-րդ մասը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ.
«6. Զինվորական հաշվառման նպատակով զինվորական կոմիսարիատում կազմվում է զինապարտի անձնական գործ՝ թղթային և(կամ) էլեկտրոնային ավտոմատացված կառավարման համակարգում։ Անձնական գործում մուտքագրվում են զինապարտ քաղաքացու անձնական, կենսաչափական անձնական և առողջական վիճակի վերաբերյալ տվյալները։ Տվյալների միասնականությունը և համակարգված կիրառումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը վարում է զինվորական հաշվառման էլեկտրոնային կառավարման համակարգ՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:».
4) 8-րդ մասում «որի» բառը փոխարինել «ինչպես նաև զինվորական կոմիսարիատի կողմից ըստ անհրաժեշտության տրված զինվորական հաշվառման վերաբերյալ տեղեկանքը, որոնց» բառերով:
Հոդված 3. Օրենքի 22-րդ հոդվածում ուժը կորցրած ճանաչել 3-րդ մասը:
Հոդված 4. Օրենքի 27-րդ հոդվածի՝
1) 4-րդ մասում.
ա. 1-ին կետում «տվյալները ամիսը մեկ փոխանցում է» բառերը փոխարինել «վերաբերյալ տեղեկատվությունը տրամադրում է» բառերով.
բ. 2-րդ կետում «տվյալները յուրաքանչյուր կիսամյակի ավարտից հետո` մեկամսյա ժամկետում, փոխանցում են» բառերը փոխարինել «տեղեկատվությունը տրամադրում են» բառերով, իսկ «։» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով.
գ. լրացնել նոր 3-րդ կետ՝ հետևյալ բովանդակությամբ.
«3) Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը ռազմատրանսպորտային պարտականության շրջանակներում հաշվառված տրանսպորտային միջոցների սահմանահատումների վերաբերյալ տեղեկատվությունը տրամադրում է զինվորական կոմիսարիատներին:».
2) 5-րդ մասում «հաշվառման և տեխնիկական զննության վերաբերյալ տվյալների» բառերը փոխարինել «տեսակների, ինչպես նաև դրանց հաշվառման և տեխնիկական զննության վերաբերյալ տեղեկատվության բովանդակությունը, ծավալը և» բառերով։
Հոդված 5.
- Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
- Սույն օրենքից բխող այլ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերում անհրաժեշտ փոփոխությունները և լրացումներն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` 90 օրացուցային օրվա ընթացքում:
Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ․Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, կառավարության 2021-2026թթ ծրագիր, ոլորտային և կամ այլ ռազմավարություններ։
Օրենքի նախագիծը կապված է ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրի «1.3 Պաշտպանության ոլորտ. Զինված ուժերի բարեփոխումներ» բաժնի հինգերորդ պարբերության հետ, ի դեմս՝ Կառավարությունը Զինված ուժերի մարտունակության վերականգնումն իրագործելու է ապագային միտված առաջանցիկ տեսլականով՝ հայկական բանակի լավագույն ավանդույթներն ու ձեռքբերումները պահպանելով հանդերձ, կառուցել ապագայի բանակ, Զինված ուժերի կիրառման արդյունավետության բարձրացմանը զուգահեռ լուծելով նաև անձնակազմի համալրման և մարդկային ռեսուրսների զարգացման խնդիրները: