Ձգտելով պահպանել լավ հարաբերություններ Թեհրանի հետ՝ Հայաստանն ու Ադրբեջանը ողջունել են Մոջթաբա Խամենեիի՝ Իրանի գերագույն հոգևոր առաջնորդի պաշտոնում ընտրվելը։ Երևանի և Բաքվի շնորհավորական նամակներն ընդգծում են այն նուրբ աշխարհաքաղաքական հավասարակշռությունը, որը երկուսն էլ փորձում են պահպանել ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից իսլամական հանրապետության փլուզմանն ուղղված ռազմական արշավի ֆոնին․ գրում է Eurasianet-ը։
Ե՛վ Հայաստանը, և՛ Ադրբեջանը սահմանակից են Իրանին։ Միևնույն ժամանակ՝ երկուսն էլ մեծ ներդրում ունեն ԱՄՆ-ի կողմից աջակցվող առևտրային միջանցքի զարգացման գործում, որը հայտնի է որպես TRIPP կամ «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման»։
Այս պայմաններում թե՛ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, թե՛ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հստակորեն հույս ունեն, որ Խամենեիին ուղղված իրենց շնորհավորանքները չեն առաջացնի տարակուսանք Սպիտակ տանը։
Ըստ Eurasianet-ի՝ մինչ այժմ Փաշինյանին ու Ալիևին, կարծես, հաջողվել է հարցերը զգուշորեն լուծել դիվանագիտության միջոցով՝ հաշվի առնելով, որ Վաշինգտոնից դեռևս որևէ բացասական արձագանք չի եղել նրանց գործողությունների վերաբերյալ։ Միևնույն ժամանակ, Թրամփը Fox News հեռուստաալիքին ասել է, որ ընդհանուր առմամբ «դժգոհ» է Խամենեիի ընտրությունից։