«Հակառակ բոլոր սադրանքներին՝ դատախազը միշտ լինելու է բարեկիրթ»․ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյան

Դատախազությունն ամփոփել է 2025-ի գործունեությունը։ Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը կոլեգիայի ընդլայնված նիստում ասել է, որ գոհ է արդյունքներից ոչ միայն թվերի և վիճակագրության առումով, այլև դատախազի հանրային կերպարն ավելի վստահելի, գործն ավելի թափանցիկ ու հաշվետվու դարձելու առումով։

Դատախազության կոլեգիայի ընդլայնված նիստին, որի ժամանակ ամփոփվել են 2025–ի աշխատանքները, գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ներկայացրել է Միջազգային հանրապետական ինստիտուտի սոցիալական հարցումների արդյունքները։ Ըստ դրանց՝ դատախազության աշխատանքից «լիովին գոհ» և «ավելի շուտ գոհ» է Հայաստանի քաղաքացիների 43 %-ը․

«Եթե համեմատենք նախորդիվ մեր գնահատման ցուցանիշների հետ, այս տողով ցուցանիշն աճել է կայուն 6 %-ով։ Սա, կարծում եմ, մեր՝ որպես միասնական համակարգի, շատ կարևոր նվաճումն է։ Կարծում եմ, որ հավաստումն է այն պնդման, որը մենք մի անգամ չէ, որ կրկնում ենք, որ արդարադատությունը ոչ միայն պետք է իրականացվի, այլև պետք է լինի տեսանելի»։

2025-ի արդյունքներով՝ առաջին հորիզոնականում Սյունիքի մարզի դատախազությունն է, երկրորդ և երրորդ տեղերը հավասար միավորներով կիսում են Գեղարքունիք մարզի և Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազությունները։

«Չեմ կարող չընդգծել Արարատի մարզի դատախազության աշխատանքը, որը 2025 թվականին աննախադեպ ցուցանիշ և բովանդակություն է ապահովել կատարված աշխատանքում, հատկապես պետական շահերի պաշտպանության ոլորտում։ Սա չի նշանակում, որ մյուս ստորաբաժանումների աշխատանքը գոհացուցիչ չէ. սա նշանակում է, որ մեր պահանջներն են խստացել, մեր նշաձողերը բանավոր խոստումներից անցել են կոնկրետ արդյունքների։ Ցանկանում եմ ընդգծել յուրաքանչյուրիդ աշխատանքը, կոլեկտիվ աշխատանքը և վերահաստատել, որ այս տարվա համար մենք նույն առաջնահերթություններով ենք շարունակելու աշխատել՝ ընդգծված կերպով ուշադրություն դարձնելով հանցագործությունների կանխարգելմանը»։

Գլխավոր դատախազության տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության հսկողությամբ քննվող քրեական վարույթներով վերականգնվել է 30 մլրդ 341 մլն 581 հզր դրամի վնաս: Գլխավոր դատախազի տեղակալ Արամ Արամյանի խոսքով՝ պետությանը պատճառված վնասի վերականգնումներ են կատարվել Սուրբ Աթոռում ՀՀ արտակարգ և լիազոր նախկին դեսպան Միքայել Մինասյանի, ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբոր, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Կարո Կարապետյանի ընտանիքի անդամների, նախկին պատգամավորներ Նահապետ Գևորգյանի, Հարություն Փամբուկյանի և նրանց ընտանիքի անդամների կատարած հանցանքների վերաբերյալ քննվող ու մի շարք այլ քրեական վարույթների շրջանակներում:

«Նշված հանցատեսակի նվազումը տարեցտարի կրում է շարունակական բնույթ: Մասնավորապես՝ 2023 թվականին արձանագրվել է 141 դեպք, 2024–ին՝ 111 դեպք, իսկ 2025–ին՝ 87 դեպք: Բացահայտումը ինչպես և 2024–ին կազմել է 100 %»:

Մարդու դեմ ուղղված հանցագործությունների թիվը 2025–ին նվազել է 23,2 %-ով, իսկ առանց հանկարծամահության դեպքերինը՝ 25,7 %-ով: 36,7 %-ով նվազել են առողջությանը վնաս պատճառելու դեպքերը , 57 դեպքով նվազել է առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքերի թիվը։ Այս տվյալները ներկայացրել է գլխավոր դատախազի տեղակալ Լիլիթ Գրիգորյանը․

«Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը 2025–ին կատարել է 298 ուսումնասիրություն, հայտնաբերել 390 իրավախախ­տում, ներկայացրել 9 միջնորդագիր, հարուցել պետական շահերի պաշտպանության 236 հայց, ներկայացրել հանցանքի մասին 60 հաղորդում, որոնցով արձանագրված ընդհանուր վնասը կազմել է 13 մլրդ 934 մլն դրամ»:

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը դատախազության աշխատանքն արդյունավետ է համարում ոչ միայն վիճակագրական տվյալների, այլև հանրության շրջանում դատախազի կերպարի մասին պատկերացումները փոխելու առումով․

«Մենք այս տարի 200-ից ավելի դիմորդ ունենք, և կարծում եմ, կունենանք։ Մենք այս տարի ունենք անձինք, որոնք համալսարանն ավարտած ձգտում են գալու դատախազություն՝ աշխատանքի, ավելի քան 20 պրակտիկանտ ունենք միայն Երևանի պետական համալսարանից։ Կա նաև հետաքրքրվածություն մյուս բուհերից, և ես սա շատ կարևոր եմ համարում, քանի որ կարծում եմ, որ դատախազության դիմագիծը այլևս ճառերից ու ցանկություններից դարձել է իրականություն, և հասարակության մեջ մենք ոչ միայն տեսանելի ենք, ոչ միայն հասկանալի ենք, այլև մեր մասնագիտությունը կրող երիտասարդների համար, զգուշությամբ եմ արձանագրում այս փաստը, դառնում ենք օրինակելի»։

Դատախազների գլխավոր մարտահրավերներն այսօր առնչվում են ոչ միայն մասնագիտական որակներին ու հարցերին, այլև բարեվարքությանն ու բարեկրթությանը՝ ընդգծում է Աննա Վարդապետյանը․

«Դատախազությունը, հակառակ բոլոր սադրանքներին և տարբեր տեսակի դրսևորումներին, միշտ լինելու է բարեկիրթ, լինելու է հարգալից, լինելու է պրոֆեսիոնալ։ Մեզ բարի երթ, ինձ համար 2026-ը դեռ չի սկսվել մասնագիտական առումով, կսկսվի Ազգային ժողովին հաղորդումը ներկայացնելուց հետո»։

Առաջիկայում գլխավոր դատախազը խորհրդարան կգնա՝ 2025 թվականի աշխատանքները պատգամավորներին ներկայացնելու։

Leave a Comment