Արմավիրում բարեկարգում են Արցախյան առաջին ազատամարտում զոհվածների ու անհետ կորածների հուշարձանը

Արմավիրում հիմնանորոգում են Արցախյան 1-ին պատերազմում զոհվածների ու անհետ կորածների հուշարձանի տարածքը: 2004 թ.-ին կառուցված կոթողը տարիների ընթացքում խամրել ու կորցրել է իր նախնական տեսքը, իսկ տարածքը դարձել անբարեկարգ: Համայնքի միջոցներով թարմացվում է հուշարձանը, իսկ տարածքն ամբնողջությամբ նոր տեսք է ստանալու: Աշխատանքների մեծ մասն արդեն արվել է:

Արմավիրի կայարանամերձ հրապարակում վեր է խոյանում Արցախյան առաջին պատերազմում զոհված ու անհետ կորած ազատամարտիկների հիշատակին նվիրված հուշակոթողը։ Այն կառուցվել է 2004թ-ին՝ վարդագույն տուֆից: «Սուր և վահան» կոչվող համալիրը տարիների ընթացքում խամրել է, փոքր ինչ վնասվել, դարձել անհրապույր: Հուշարձանի տեսքը վերականգնելու համար տեղական բյուջեից միջոցներ են հատկացվել՝ ասում է համայնքի ղեկավար Վարշամ Սարգսյանը:

«Մեղմ ասած՝ լավ վիճակում չէր գտնվում այդ տարածքը: Եզրաքարերի մեծ մասը կոտրված էին, շրջված, ծռված, իսկ սալիկները՝ քայքայված։ Նստարաններ չկան, լուսավորության համակարգ չկա, և որոշում կայացվեց, որ պետք է թերությունների ակտ կազմվի և դրանք վերացվի»:

Հուշարձանի սալապատ հատվածները ծածկվել էին խոտով: Բարեկարգել սկսեցին 2025 թ․նոյեմբերի վերջին, սակայն աշխատանքը ձգձգվեց եղանակի պատճառով: Շինարարական կազմակերպության ղեկավար Սամվել Ղազարյանի հետ շրջում ենք տարածքով, հետևում աշխատանքներին: Հուշարձանի տարածքն առանձնացնող եզրաքարերն արդեն տեղադրվել են, հիմա սալիկապատվում է:

«Կատարում ենք սալիկապատում, հողային աշխատանքներ՝ հողի հարթեցում: Ավազի, բազալտի փոշու և ցեմենտի խառնուրդով ստանում ենք ներքին շերտը, ինչքան որ նախատեսված է՝ մոտ 10 սմ, այնուհետև տեխնիկայի միջոցով կատարվում է հարթեցման, ամրացման աշխատանքներ: Վերջում, սալիկները տեղադրելուց հետո, կատարվում է  մանրախճով ամրացում՝ նորից բազալտի փոշիով ու ցեմենտով»:

Սամվել Ղազարյանը վստահեցնում է, որ ամեն ինչ անում են բարձր որակ ապահովելու համար:

«Սալիկները սերտիֆիկացված կազմակերպությունից ենք գնում: Մինչև գնումն ուղարկել ենք լաբորատորիա: Հետազոտության արդյունքներն ունենալուց հետո պատվիրել ենք հենց տվյալ ընկերությունից: Որակը ստուգված է բոլոր փաստաթղթերով:

Դրանք դիմացկուն են և աշխատանքը երեք տարվա երաշխիք ունի, այսինքն՝ թե սալիկների հետ կապված, թե մեր աշխատանքի հետ կապված մենք պատասխանատվություն ենք կրում»:

Կազմակերպության ղեկավարն ասում է, որ գործի մեծ մասն արվել է, մնացածին զուգընթաց թարմացվելու է բուն հուշակոթողը:

 «Սալիկապատելուց հետո մեզ տրված է՝ հղկում, բազալտե սալիկների փոխարինում և արձանի լվացում՝ հատուկ նյութերով ու հատուկ տեխնոլոգիայով: Կոթողի վրա կան հատվածներ, որ ձյան հետևանքով աղ է դուրս տվել: Դա հղկվում, մշակվում է, իսկ վնասված հատվածները վերականգնվելու են»:

Հուշարձանի տարածքում տեղադրված են Արցախյան առաջին պատերազմում անհետ կորած ազատամարտիկների լուսանկարները, որոնք նույնպես թարմացվելու են: Հուշարձանի բարեկարգ տեսքը գրավելու է ոչ միայն արմավիրցիների ուշադրությունը, այլև  քաղաքով երթևեկողների, քանի որ այստեղով է անցնում Մ5 միջպետական ավտոճանապարհը: Սա մեզ համար շատ կարևոր ու արժեք ունեցող վայր է՝ ասում է Վարշամ Սարգսյանը:  

«Այլ միջոցներով նաև նստարաններ կտեղադրենք, լուսավորության համակարգ կանցկացնենք, ազատամարտիկների նկարները կթարմացնենք, կներկենք, կգեղեցկացնենք, որպեսզի միջավայրը շատ ավելի լավ ու գրավիչ դառնա»:

Նախատեսվում է նաև ավելացնել տարածքի կանաչ գոտին:

Leave a Comment