ՔՊ-ն փոխեց քվեարկությունը՝ խուսափելով Վանաձորի գործող ղեկավարին անվստահություն հայտնելու գործընթացից

Վանաձորի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը նիստի ընթացքում փոխեց իր դիրքորոշումը՝ խուսափելով համայնքի գործող ղեկավարին անվստահություն հայտնելու գործընթացից:

Նախ ամբողջ կազմով ձեռնպահ քվեարկեց նախորդ տարվա բյուջեի տարեկան կատարողականի հաշվետվությանը: Նրանք հայտարարեցին, որ կատարված ծախսերի մեջ իրենց համար վիճելի հարցեր կան և դրանք «հավելյալ ուսումնասիրության կարիք ունեն»։

Սակայն երբ պարզվեց, որ նման քվեարկությունը կարող է ընկալվել որպես աշխատակազմի և գործող ղեկավարի նկատմամբ անվստահություն և հանգեցնել դեռ երեք տարի առաջ վարչապետի նշանակած համայնքի ղեկավարի պաշտոնակատարի նկատմամբ անվստահության գործընթացի, հայտարարվեց ընդմիջում։ ՔՊ-ն առանձնացավ՝ քննարկման:

30 րոպե, ապա ևս 10 րոպե ընդմիջումից հետո հետո հարցը դրվեց կրկին քվեարկության: Արդյունքում՝ նախկինում ձեռնպահ քվեարկած ՔՊ-ի 9 անդամներից մի մասը փոխեց դիրքորոշումը և կողմ քվեարկեց նախորդ տարվա բյուջեի կատարողականի հաշվետվությանը, անվստահություն հայտնելու հնարավորությունը վերացավ:

Վանաձորի ավագանին ուղիղ մեկ տարի չէր կարողանում արտահերթ նիստեր գումարել քվորումի բացակայության պատճառով: Այս տարվա երրորդ ամիսն է, սակայն մինչ այժմ համայնքը հաստատված բյուջե չուներ:

Օրերս «Ապրելու երկիր» ընդդիմադիր խմբակցության ղեկավար Արտավազդ Ալավերդյանը հայտարարեց, որ որոշել է ներկայանալ առաջիկա նիստին, որպեսզի վանաձորցիների անձնական հարցերը լուծվեն:

Ընդամենը ուրբաթ երեկոյան հրապարակված օրակարգից պարզ դարձավ, որ 1200 տարածքների սեփականաշնորհման, վարձակալության և ապօրինի շինությունների օրինականացման հարցեր են ներառված այսօրվա նիստում: Ավագանին դեռ այդ հարցերին չի հասել: Պարզ չէ՝ ինչպես կքվեարկի ավագանին այս հարցերին և ինչ դիրքորոշում կհայտնի:

Leave a Comment